«Ազգի համար կռվող տղան ի՞նչ պետք է աներ, չգիտեմ՝ հիմա նրան որտեղ են տարել». Որոտանի համայնքապետի եղբայրը՝ նրա ձերբակալման մասին

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղի ղեկավար Սուրեն Օհանջանյանի տանը խուզարկություն կատարելուց հետո նրան ձերբակալել են։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները Սուրեն Օհանջանյանի բնակարանն էին խուզարկում։ 168.am-ի հետ զրույցում նա ասել էր, որ իրավապահները հայտարարել են, թե ինչ-որ փաստաթուղթ են փնտրում։

168.amի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը, ասաց, որ խուզարկությունից հետո եղբորը տարել են, չգիտի՝ ձերբակալե՞լ են, թե՞ բերման են ենթարկել։

«Երբ տունը խուզարկում էին, ես իրենց տանն էի, այսինքն՝ դրսում նստած էի, ես չգիտեմ՝ ինչ էին փնտրում։ Ես չգիտեմ՝ հիմա նրան որտեղ են տարել, մի 30 րոպե է, որ տարել են։ Կարծում եմ՝ Գորիս են տարել, որովհետև Գորիսի ոստիկանությունը տարավ, գուցե Երևան քննչական են տարել»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։

Նա չի կարողանում հասկանալ, թե պատերազմ անցած մարդն ի՞նչ վատ բան կարող էր անել հայրենիքի համար, որ բերման ենթարկեն կամ ձերբակալեն։

«Նա իմ եղբայրն է, շատ բաներ չեմ ասում, թող ժողովուրդը նրա մասին իր կարծիքն ասի, արդեն քանի տարի է՝ համայնքապետ է։ Ասում են՝ ընկերոջ մասին ընկերոջից կարծիք մի հարցրու, օտարից հարցրու։ Ինքը ենթակա անձ է, թե ինչ է կատարվել, չեմ կարող ասել։ Ազգի համար կռվող տղան ի՞նչ պետք է աներ, իր ազգին վատ բան կարո՞ղ է անել՝ ոչ։ Վերջը երևի լավ կլինի, ամեն ինչի վերջը պետք է լավ լինի»,- եզրափակեց Սեյրան Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ իրավապահները խուզարկում էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը, որից հետո նրան Սյունիքից տեղափոխել էին Երևան և մինչև այս պահը նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։ Իսկ մինչ այդ բերման էին ենթարկել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Հիշեցնենք նաև, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս