Նորընծա գեներալ-մայոր Արմեն Աբազյանի առաջին գերխնդիրը՝ ովքե՞ր և ինչո՞ւ են գեներացնում հակաարցախյան տրամադրություններ

Շաբաթ օրը հայ ռազմագերիների՝ Արցախի հանձնված երկու տարածքների ականապատ տարածքների դիմաց վերադարձված հերթական խմբաքանակից հետո, ինչ-որ կոճակի սեղմմամբ գործի դրվեց արցախցի-հայաստանցի կործանարար բաժանման հերթական արարի մեկնարկը:

Արդեն որևէ կասկած չի հարուցում այն, որ այս բաժանման շարունակական գեներացումը Արցախը հանձնելու դավադիր մեծ ծրագրի հերթական բաղկացուցիչն է՝ այդ ծրագիրը հաջողությամբ ամբողջական ավարտին հասցնելու համար:

Գերիների ժամանմանը զուգահեռ՝ ֆեյսբուքյան հայկական տիրույթում հայտնվեցին գրառումներ, որոնք միգուցե ինչ-ինչ տարբերություններ ունեին ձևակերպման այլանդակության տեսանկյունից, սակայն բովանդակային լեյտմոտիվն այն էր, որ արդեն 100-ից ավելի գերիներ են վերադարձել, և նրանց մեջ որևէ արցախցի չկա:

Արժեքային դեգրադացիայի բուռն շրջան ապրող հայ հասարակության մեջ, երբ, ենթադրենք, Խծաբերդում 6 ադրբեջանցու գերի հանձնված 62 հոգու մի մասին դհոլ-զուռնայով ու «հերոս» վանկարկումներով են դիմավորում, օդ են թռցնում ու պատվում՝ որպես հերոսների, իհարկե, տարօրինակ չէ ոչինչ, սակայն նոփ-նոր գեներալ-մայորի կոչում ստացած Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի համար երևի թե մտահոգիչ պետք է լիներ այս հակահայկական արշավն առհասարակ:

Այն, որ գերիներ են վերադառնալու, պարզ էր դեռ ուրբաթ օրը, երբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը փոխեց որպես ահաբեկիչ դատվող մեր գերիների մեղադրանքն ու 20 տարի ազատազրկման փոխարեն՝ դատապարտեց 6 ամսվա պատժաչափի, ինչն արդեն լրացել էր, ու ակնհայտ էր, որ այս անձինք վերադառնալու են:

Այն, որ վերադարձած շիրակցիների գերեվարման հետ կապված շատ հարցեր կան, և բնական կլիներ նրանց հարցաքննությունը, անկասկած է:

Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իրավացիորեն անդրադարձել էր այս թեմային՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.  «Գերիներին տեսնես վերադառնալուց հետո հարցաքննում են: Իշխանությունը ցանկություն ունի պարզելու՝ թե ինչու են նրանք զենքերը վայր դրել ու գերի հանձնվել, թե Խծաբերդում ով է տվել չկրակելու հրամանը, թե փաստաթուղթը ստորագրելուց հետո ինչու և ինչպես է հանձնվել Խծաբերդն ու Հին Թաղերը: Այս տղաները որոշ հարցերի պատասխաններ կարող են տալ, բայց նրանց հարցնող կա՞, թե՞ հրամայված է ամեն ինչ մոռանալ»:

Այն, որ մարդիկ կարող են առնվազն կասկած ունենալ նրանց՝ գերի հանձնվելու, դատվելու ու վերադարձի հանգամանքների հետ, նույնպես ողջամիտ է:

Այն, որ ակնհայտ է, որ այս անձինք դարձան քաղաքական սակարկությունների, գերիների առուծախի, պատանդառության ու պատանդների վերադարձի ցցուն օրինակներ, նույնպես ակնհայտ է:

Բայց որ այս անձանց վերադարձը կարող էր հակաարցախյան նոր տրամադրություններ բորբոքել, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Հատկանշական է, որ այդ գրառումների հեղինակներից որևէ մեկի մոտ հարց չի առաջացել՝ իսկ միգուցե գերեվարված արցախցիներին հատո՞ւկ չեն վերադարձնում, իսկ միգուցե արցախցիները, շարունակ պատերազմական իրավիճակում ապրելով, շատ ավելի լավ գիտեն թե իրենց տարածքները, և թե այն, թե ինչ պետք է անեն գերեվարման վտանգի ժամանակ, ու նռնակի գործադրմամբ կանխել են իրենց գերեվարումը: Այլ տարբերակներ նույնպես կարող են լինել, ինչպես և այն, ինչը բարձրաձայնել են, բայց որքան պետք է բարոյական անկում ունենաս, որ հնարավոր բոլոր տարբերակներից միայն սա մտքովդ անցնի:

Ի դեպ, երեկ այս սանձարձակ արշավի կիզակետում նկարչուհի Զարուհի Մուրադյանը տեղեկացրել էր, որ միայն Հադրութի շրջանից 36 ընտանիք ունի 2-3 զոհ:

Բարի վերադարձ բոլոր գերիներին, սակայն անբարոյականություն է նրանց վերադարձին նման ապազգային երանգավորում տալ, առավել անբարոյական է, եթե ոչ Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդված, եթե այս արշավն ունի պետական ուղղորդում ու հովանավորություն:

Հենց սա պետք է պարզի նորըծա գեներալ-մայոր Աբազյանը:

Տեսանյութեր

Լրահոս