Հուսով եմ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները գործարքների չեն գնա. Լևոն Մարտիրոսյան
1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանն ընդունեց Սահմանադրություն՝ համաժողովրդական հանրաքվեով, որից հետո յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ Սահմանադրությունը ենթարկվել է փոփոխությունների՝ 2005-ին և 2015-ին: Ի դեպ, 2015-ի դեկտեմբերի 6-ին՝ Սերժ Սարգսյանի օրոք կատարված փոփոխություններով, Հայաստանն ըստ էության նոր փաստաթուղթ ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման համակարգին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական գործիչ Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ Սահմանադրության վերջին խմբագրությունն ինքը մշտապես սուր քննադատության է ենթարկել:
«Ամենաբացասական լուծումը դա իշխանության գերկենտրոնացումն է մեկ անհատի կամ մեկ պաշտոնյայի ձեռքում։ Իշխանության գերկենտրոնացումը որևէ լավ բանի չի կարող բերել որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանին»,- ասաց Լևոն Մարտիրոսյանը՝ նշելով, որ հրատապ է դառնում նոր, բալանսավորված, զսպումների և հակակշիռների մեխանիզմներ ունեցող Սահմանադրությունը, որտեղ նախագահը շատ ավելի լիազորություններ կունենա։
Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող ուժը կգնան սահմանադրական փոփոխությունների, որովհետև յուրաքանչյուր գործող իշխանություն պետք է հասկանա, որ ինչ-որ պահի հեռանալու է իշխանությունից, և որպես ընդդիմություն՝ նրան լծակներ են պետք, որոնք գործող Սահմանադրությամբ չկան։
«Հայաստանի բոլոր նախագահներն իրենց համար գրել են Սահմանադրություն, բայց չեն վայելել ու ժառանգություն են թողել իրենց հետևորդներին։ Ես հույս ունեմ, որ Փաշինյանը կգնա սահմանադրական փոփոխությունների, թեև, հավանաբար, Սերժ Սարգսյանի կոստյումը շատ ավելի հարմար է»,- ասաց մեր զրուցալիցը։
Քաղաքական գործչի համոզմամբ՝ գործող Սահմանադրությունն է պատճառը, որ Հայաստանում պարբերաբար լինում են քաղաքական ճգնաժամեր, իսկ դրդապատճառն այն է, որ գործող Սահմանադրությունը որևէ լծակ չի տալիս ընդդիմությանը իշխանության որոշումների վրա ազդելու համար։
«Հուսով եմ, որ այս ընդդիմությունը կլինի լավ ընդդիմություն, բայց միայն այն հանգամանքը, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները գնում են ընդդիմություն աշխատելու այն Սահմանադրության պարագայում, որը որևէ լծակ չի տալիս իրենց, արդեն խնդրահարույց է։ Նրանք ընդդիմություն են լինելու՝ առանց որևէ լծակի, և մեղավոր են այդ լծակների բացակայության համար, որովհետև այնտեղ կան մարդիկ, որոնք գրել են այս Սահմանադրությունը,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով,- Գործող Սահմանադրությամբ որևէ տարբերակ չկա իշխանությունը փոխելու ընտրությունների միջոցով»։
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ խորհրդարան է մտել բոլորովին այլ որակի ընդդիմություն, որը գործարքի չի գնա իշխանության հետ, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց.
«Հուսով եմ, որ այդ ուժերը գործարքների չեն գնա և կլինեն իսկապես ընդդիմություն։ Հայտարարել, թե լինելու եմ արմատական ընդդիմություն՝ չունենալով լծակ, դա բան չի փոխում։ Սուր ելույթներ են ունենալու, բայց քվեարկությունների վրա ընդդիմության ձայները չեն ազդելու, չեն կարող խոչընդոտել, որ իշխանությունը ցանկացած որոշում չանցկացնի։ Թեև, մյուս կողմից էլ, եթե լինեն ուժեղ դիրքեր խորհրդարանի ներսում, մյուս կողմից՝ նաև փողոցում պայքար լինի, այդ երկուսը կկարողանան համադրել ու ավելի լուրջ հակադրվել իշխանությանը։ Այսպես պետության համար շատ ավելի լավ կլինի»: Լևոն Մարտիրոսյանը հավանական համարեց, որ 8-րդ գումարման Ազգային ժողովը ևս կունենա շատ կարճ կյանք, ինչպես նախորդը։
Ինչ վերաբերում է «երկաթե մուրճին» ու «պողպատե մանդատին», ապա, ըստ Մարտիրոսյանի, Հայաստանում ոչ մուրճի, ոչ պողպատե մանդատի կարիք չկա, բավարար է միայն օրենքի դիկտատուրան։
Հարցին՝ այս իշխանության օրոք արդյո՞ք բոլորը հավասար են օրենքի առաջ, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց.
«Ոչ, շատ բան նույնն է՝ նախկիններից մնացած։ Բազմաթիվ հոռի բարքեր, խնդիրներ մնացել են։ Այս իշխանությունը շատ չի տարբերվում նախորդ իշխանությունից»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում