Մենք ունենք թափանցիկության մակարդակի նվազեցում. Վարուժան Հոկտանյան

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ հուլիսի 2-ին ներկայացրած նախագծով մտադրություն կա արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ:

ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում ԲՏԱ-ն պարզել է, որ e-gov.am կայքում առկա մեկ անձից իրականացված գնումներին վերաբերող որոշ տեղեկություններ, մասնավորապես՝ գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը համարվում են ռիսկային տեղեկություն, ուստի այդ տեղեկությունն այլևս նպատակահարմար չէ e-gov.am-ում տեղադրել և դրա մասին նախագիծ է ներկայացրել: Նախագծի հեղինակներն իրենց մտադրությունն այսպես են հիմնավորել.

«Որոշումներում փոփոխությունները նպատակ ունեն կանխել վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունն օգտագործել տնտեսական և քաղաքական վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի: Տեղեկատվությունը հնարավոր կլինի ապահովել հասանելիություն լրացուցիչ հարցման միջոցով՝ տրամադրման անհրաժեշտության և նպատակների վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու դեպքում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանը 168.amի հետ զրույցում նշեց, թե նախագծով թափանցիկությունը սահմանափակվում է, սակայն պետք է հաշվի առնել նաև հիմնավորումները:

«Սա թափանցիկության, իհարկե, սահմանափակում է՝ մի կողմից, բայց մյուս կողմից էլ՝ որպես հիմնավորում՝ բերվում են բավականին լուրջ պատճառներ՝ պատերազմը և կիբերհարձակումների ակտիվիզացիան»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց նախագծում առկա անփութությունների վրա, մասնավորապես, որ նախագծում հղումներ են տրվել նախկին օրենքի հոդվածներին, որոնք դեռ 2017թ. են ուժը կորցրած ճանաչվել:

Անդրադառնալով մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկությունը e-gov.am-ում արգելափակելուն՝ Հոկտանյանը նշեց.

«Ինչքան ես գիտեմ, armeps.am/ppcm-ին ծանոթ եմ, դրանք կան, բայց պետք է հստակ հասկանալ՝ կա՞ն, թե՞ չէ: Ուզում եմ ասել՝ պետք է հասկանալ՝ ինչքանով է սա փոխվել՝ հաշվի առնելով, որ gnumner.am-ում և armeps.am/ppcm դրվում է: e-gov.am-ում կա «Մեկ անձից կատարվող գնումներ» էջը, բայց այդ նույն մեկ անձից գնումները կարելի է և՛ armeps.am-ում տեսնել, և՛ gnumner.am-ում, որովհետև եթե նոր օրենքով նախատեսվում է այդ ամբողջ տեղեկությունը դնել gnumner.am կայքում, e-gov.am դրվածը ոնց որ հնանում է»:

ԲՏԱ նախարարության նախագծով հանրությունը նաև չի կարողանա gov.travel.am կայքից տեղեկություն ստանալ պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ: Այդ թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ հեղինակների, պարունակում է թռիչքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչը համարվում է զգայուն տվյալ՝ պայմանավորված առկա կիբեռ ռիսկերով: ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությամբ՝ gov.travel.am կայքից կհեռացվեն ավիափոխադրողների, չվերթերի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի, ընդհանուր կարգից շեղվելու դեպքում պատվիրատուի նշված հիմնավորման, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Էլի փորձ է արվում դա ծածկել, քողարկել, որովհետև երբ նայեցի 982 որոշումը, նախկինում հենց «Էկենգ»-ը պետք է այդ ամենը հրապարակեր: Հիմա այդ պարտավորությունը դրվում է պատվիրատուի վրա միայն: Հիմա պատվիրատուն դա կանի, չի անի, դա արդեն սպասենք, տեսնենք՝ ինչ կանի: Հաշվի առնելով մեր դառը փորձը և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների օրոք՝ սա կարող է իսկապես բերի ավելի քիչ թափանցիկության»,- նախագծի մեկ այլ կետով առաջարկվող փոփոխության մասին՝ ասաց Վարուժան Հոկտանյանը:

Հոկտանյանն անդրադարձավ նաև Կառավարության մեկ այլ՝ 168 որոշմանը, որի վրա հիմնվում է ՀՀ կառավարության հիշյալ՝ 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումը, «Գնումների մասին» նոր օրենքի ընդունումով ևս ուժը կորցրած է ճանաչվել 2017թ. հունիսի 1-ից:

Այդուհանդերձ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի տնօրենի գնահատմամբ՝ այս նախագիծն իսկապես կարող է հանգեցնել թափանցիկության նվազեցմանը:

«Եթե գանք ավելի բովանդակային հարցին՝ թափանցիկության մակարդակի նվազեցում: Մենք սա ունենք: Հիմա ինչքանով է դա համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին, եթե հաշվի առնենք Հայաստանի վիճակը: Փաստորեն, Ղարաբաղի հարցը լուծված չի, պատերազմի վտանգը կա, կիբերհարձակումների խնդիրը նույնպես՝ պատերազմը ցույց տվեց՝ ինչ խնդիրներ ունեցանք:

Սա բավականին բարդ հարց է: Այստեղ այս խնդիրն է շատ կարևոր՝ արդյո՞ք դա ազգային անվտանգության, պաշտպանության շահերից ելնելով պետք է մնա բաց, թե՞ պետք է գաղտնի դարձնել դրանք: Սա է խնդիրը, որովհետև այն, որ դա բաց էր, մեզ գովում էին, որ՝ տեսեք, մենք ավելի ժողովրդավար ենք, ավելի թափանցիկ ենք, ավելի հաշվետու ենք, քան թե Ադրբեջանը, բայց դա չօգնեց: Այդ նույն ասողները մեզ առանձնապես որևէ ձևով չօգնեցին, ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին, ու արժի՞ արդյոք մեզ այդ ամենը կոչ անողների կոչերին շարունակել հետևել: Մյուս կողմից էլ մյուս խնդիրը կա այստեղ, որ այդ անվան տակ կարելի է շատ-շատ բաներ գաղտնիք դարձնել, չհրապարակել»,- եզրափակեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի տնօրեն Հոկտանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս