Իսրայելում, ԱՄՆ-ում բնակիչների մեծ մասը պատվաստվել է, Կանադայի բնակիչները հոգեբանական ծանր վիճակում են. Ինչպե՞ս է աշխարհը պայքարում կորոնավիրուսի դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի տնօրենը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի, միայն, երբ պատվաստումների մակարդակը հասնի առնվազն 70 տոկոսի:
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66491, երկրորդ դեղաչափ` 21673։ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Հարևան Վրաստանը հուլիսի 2-ին ստացել է չինական արտադրության «Սինոֆարմ» և «Սինովակ» տեսակի պատվաստանյութերի 1 մլն դեղաբաժին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, առաջիկայում ևս 500 հազարական դեղաչափ «Սինոֆարմ» և «Սինովակ» տեսակի պատվաստանյութի են սպասում, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն «Pfizer» 1 մլն դեղաչափ ձեռք բերելու վերաբերյալ, և հուլիսից կսկսվի փուլ առ փուլ նշված պատվաստանյութի մատակարարումը: Մինչև տարվա վերջ սպասվում է, որ երկիրը կունենա 4 մլն դեղաչափ պատվաստանյութ, և հնարավոր կլինի նպատակային չափահաս բնակչության 60 տոկոսի պատվաստումը: Հունիսի 21-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով իրականացվել է 234 410 պատվաստում: Ամբողջական պատվաստում (երկու դեղաբաժին) ստացել է 82 189 քաղաքացի:
Իրանում քաղաքացիները պատվաստվում են կորոնավիրուսային վարակի դեմ իրանական «Իրան Բարաքաթ», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», հնդկական Bharat Biotech, AstraZeneca պատվաստանյութով:
Փորձեցինք պարզել, թե ի՞նչ իրավիճակ է ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, ո՞ր պատվաստանյութերն են նախընտրում, պատվաստվելուց հետո խնդիրներ առաջացե՞լ են, թե՞ ոչ:
«Ես ու ընտանիքիս անդամները Pfizer-ով ենք պատվաստվել: Այս պատվաստանյութի ստեղծման գործում դեր ունեն նաև հրեա վիրուսաբանները: Բնակչության ահռելի մասը պատվաստվել է: Ուրիշ պատվաստանյութ դեռևս չկա»,- 168.am–ի հետ զրույցում հայտնեց իսրայելաբնակ Նաիրին՝ հայտնելով, որ պատվաստվելուց հետո հետագա բարդություններ չեն եղել, ինքն անգամ տաքություն չի ունեցել:
Իտալիայում սկզբում պատվաստել են բուժաշխատողներին, ոստիկաններին, տարեց մարդկանց:
«Ծանուցում էին ուղարկում, որ՝ հնարավորություն ունես պատվաստվել ու, եթե ցանկություն ունեիր՝ գնում էիր: Հիմա որոշ բաներ փոխվել են: Ով չի պատվաստվել՝ կարող է դեղատնից կամ անձնական բժշկի միջոցով օր ու ժամ որոշի և գնա պատվաստվելու: Հիմնականում 60 տարեկանից բարձր անձանց պատվաստում են «ԱստրաԶենեկա»-ով, երիտասարդներին՝ Pfizer-ով կամ Johnson & Johnson-ով: Մեզ մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուսի «դելտա» տարբերակը ու ավելի շատ սկսել են պատվաստվել Johnson & Johnson-ով, քանի որ բժիշկներն ասում են՝ «դելտա» տարբերակից ավելի լավ է պաշտպանում: Այստեղ սկզբում արգելված էր, սակայն արդեն պատվաստում են «Սպուտնիկ Վի»-ով, ու արդյունքները գոհացուցիչ են: Ի դեպ, ասեմ, ցավալի է, բայց այստեղ էլ կան մարդիկ, որ մտածում են՝ պատվաստանյութերը սատանայական են, իրենց չիպավորում են և այլն»,- նշեց իտալաբնակ Սարգիսը:
Ֆրանսիայում 67 միլիոնից 34 միլիոնը պատվաստվել է, 23 միլիոնը ստացել է արդեն երկրորդ դեղաչափը:
«Բացի չինական ու ռուսական պատվաստանյութերից, մնացածը կան: Ոմանք վախենում են պատվաստվել, ոմանք՝ ոչ: Եղբայրներս պատվաստվել են «ԱստրաԶենեկա»-ով և Pfizer-ով: Եղբայրս, ով «ԱստրաԶենեկա»-ով է պատվաստվել, ասաց, որ ներարկման տեղն է միայն ցավել: Ծանոթ շատ մարդիկ էլ ասել են, որ միայն տաքություն են ունեցել»,- պատմեց Ֆրանսիայում բնակվող Արթուրը:
Կանադաբնակ Ալիսայի փոխանցմամբ՝ անտանելի վիճակ է Կանադայում:
«ժողովուրդը վախեցած է, հոգեբանական ծանր վիճակում են: Առաջին անգամ են Կանադայում նման իրավիճակում հայտնվել: Ոչ պատերազմ են տեսել, ոչ բան: Բացի սա՝ բժիշկների ու հիվանդապահների շարժում է սկսել, ովքեր դեմ են ամեն ինչի: Ու նրանց դատի են տալիս, վկայականն էլ վերցնում են՝ որպես պատիժ»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ ահա ԱՄՆ արևմտյան մասում գտնվող Կալիֆոռնիայի բնակչության 80 տոկոսը պատվաստվել է:
«Ես առաջիններից մեկն եմ եղել, ով պատվաստվել է, ընտանիքիս անդամները ևս պատվաստվել են: Մեզ մոտ Moderna և Pfizer է: Ես պատվաստվել եմ Pfizer-ով: Մի քիչ տաքություն եմ ունեցել: ԱՄՆ-ը «ԱստրաԶենեկա»-ն ուղարկեց Մեքսիկա՝ որպես օգնություն, այստեղ չօգտագործեցին: Johnson& Johnson-ով էլ երկու շաբաթ պատվաստեցին ու վերջ: Պետք չէ վախենալ, պատվաստվելը շատ կարևոր է»,- մեզ հետ զրույցում ասաց Կալիֆոռնիայում բնակվող մեր հայրենակիցներից Լիլիթը, ով այս պահին աշխատում է տեղի հիվանդանոցներից մեկում: