Քանաքեռ-Զեյթունում խմելու ջուրը պղտորվել է․ երեխաներին մանկապարտեզներից տուն են ուղարկել․ տուժածներ չկան
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները վաղ առավոտից ահազանգում են՝ ջրի գույնը փոխվել է, տեղեկություն կա, որ այն թունավորված է։
Այս լուրերն այնքան էին տարածվել վարչական շրջանում, համացանցում, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը ստիպված եղավ հայտարարություն տարածել․
«Հարգելի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտվանից տարածված լուրն այն մասին, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված չէ»։
Վարչական շրջանի աշխատակազմը, սակայն, որոշ ժամանակ անց անհասկանալի պատճառներով գրառումը հեռացրեց ֆեյսբուքյան էջից: Չնայած դրան, համայնքի բնակիչները հասցրել էին մեկնաբանություններ թողնել սույն գրառման տակ։ Քաղաքացիներից մեկն անգամ գրել էր, որ մանկապարտեզներից երեխաներին տուն են ուղարկում։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ վաղ առավոտյան ջրի գույնը փոխված է եղել․
«Դեղին, պղտոր ջուր էր գալիս։ Մենք և բոլոր հարևանները խանութներից, սուպերմարկետներից խմելու ջուր ենք առել, Զեյթունի «Երևան սիթիի» ջրի բաժինն ամբողջությամբ սրբել են»։
Քաղաքացին նաև տեղեկացրեց, որ կապ են հաստատել «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գծի հետ, տեղեկացրել են խնդրի մասին․
«Հարևանիս աղջիկն է զանգել, սկզբում պատասխանել են, թե հնարավոր է՝ ձեր ջրագծից լինի, բայց որ ասել է՝ ամբողջ շենքերի բնակիչների մոտ նույն խնդիրն է, պատասխանել են, որ կտեղեկացնեն համապատասխան մասնագետներին։ Հիմա էլ զանգում ենք իրենց թեժ գիծ, բայց չեն պատասխանում»։
168.am-ը կապ հաստատեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թիվ 151 մանկապարտեզ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը։
«Երեխաները մանկապարտեզում չեն, ջրի հետ կապված խնդիր է եղել․․․»,- ասաց մանկապարտեզի աշխատակիցը, ապա ավելացրեց, որ այլ հարցերի իրավասու չէ պատասխանել, և խորհուրդ տվեց դիմել թաղապետարան։
Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգն առաջինը եղել է մանկապարտեզներից մեկից և միանգամից որոշում է կայացվել այսօր փակել մանկապարտեզները, մինչև խնդրին լուծում կտրվի։ Իսկ հարցին՝ արդյոք թունավորման դեպք գրանցվե՞լ է, կա՞ն բուժհաստատություններ տեղափոխված երեխաներ, Իոսիֆ Կուբատյանը պատասխանեց․
«Ոչ, ոչ, պարզապես, որ ջուրը պղտոր է եղել, մանկապարտեզից զանգահարել են վարչական շրջան, որոշել են՝ մանկապարտեզների աշխատանքն առայժմ դադարեցնեն, մինչև պարզվի պատճառը»։
Մինչ մենք տեղեկություններ էինք հավաքում բնակիչներից, մանկապարտեզից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում երկրորդ գրառումը տեղադրվեց՝ բնակիչներին հանգստացնելով, թե իրավիճակը վերահսկողության տակ է․
«Քանաքեռ-Զեյթունի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է»։