«Պատմության մեջ ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, բայց Փաշինյանի նմանը չի եղել». Գագիկ Հարությունյան

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ թուրքերը և ադրբեջանցիները գործում են իրենց շահերից ելնելով, իսկ Հայաստանի իշխանությունները սպասարկում են այլ երկրների շահերը:

«Ներկա իշխանություններին ղեկավարում են օտար ուժեր, սրանք ուղղակի խամաճիկներ են, որոնք կատարում են նրանց ցանկությունները: Առաջին տեղում վարչապետն է, երկրորդ խամաճիկն ԱԽ քարտուղարն է, և ամեն ինչ տարվում է նրան, որպեսզի մենք ունենանք ոչ միայն կապիտուլյացիայի ներկայիս իրավիճակը, այլև ստեղծենք բոլոր նախապայմանները՝ էլ ավելի վատ սցենարների համար՝ ինչ վերաբերում է Հայաստանին: Այդ նշված անձինք հայտնի են իրենց հակառուսական տրամադրություններով, և այստեղ հարցը հակառուսականի և պրոռուսականի մեջ չէ, այլ դրանք հակահայ տրամադրություններ են, և նրանք կոչված են Հայաստանը քաղաքակրթորեն վերացնելու խնդրին, որովհետև այն, ինչ իրենք են ուզում՝ այս միջանցք ստեղծելը, և այլն, նշանակում է՝ Հայաստանը որպես քաղաքակրթական միավոր՝ վերանալու է: Դա լիովին համընկնում է նրանց ղեկավարների պատկերացումներին և ցանկություններին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը հաղթող կողմ է և օգտագործում է հոգեբանական, տեղեկատվական ազդեցության բոլոր ձևերը, որոնք զուգորդվում են նաև ռազմավարական դիրքեր զավթելով. «Նույնը վերաբերում է Սև լճին, որը կարևոր դիրք է գրավում: Նրանք լավ աշխատում են իրենց համար: Ես էլի եմ ասել՝ Էրդողանը խոշորագույն թուրք քաղաքական գործիչ է և ամեն ինչ շատ ճիշտ է անում՝ իրենց շահերից ելնելով: Մենք չունենք մեր շահեր հասկացողությունը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարությունն ուզում է՝ որևէ շահ մենք չունենանք որևէ գործում: Այնպես որ, իրավիճակը բարդ է»:

Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը՝ որպես հայրենիք, գոյություն չունի. «Պատմության մեջ ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, բազմաթիվ գործիչներ, որոնք սխալներ են գործել, բայց այս մասշտաբի և այս խորությամբ հակահայկական քաղաքականություն չի եղել, և Փաշինյանը միակ կարկառուն ներկայացուցիչն է այդ դավաճանների, սխալ թույլ տվող քաղաքական գործիչների ցուցակում»:

Նա նշեց, որ եթե ռուսական երկրորդ ռազմաբազա տեղակայվի Հայաստանում, դա չի նշանակի, թե Հայաստանը կորցնում է սուվերենությունը: «Ինչպես այս 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախը կորցրեց իր ինքնիշխանությունը, այդպես էլ ամբողջ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, եթե այդ ռազմավարական քաղաքականությունը չվարվի,- ասաց նա՝ ընդգծելով,- Եթե այս իշխանությունները մնան, թեպետ, ես հավատում եմ Երկրորդ նախագահի ասածին, որ 1.5 տարի են մնալու սրանք, ապա կարող են այն սցենարներն աշխատել, որ մեզ բանակ պետք չէ, մեզ խաղաղություն է պետք, Արցախ գոյություն չունի Հայաստանի համար, որովհետև ըստ Ալիևի՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է, որ անգամ Լեռնային Ղարաբաղ բառը չպետք է արտասանենք, ապա կդառնանք վիլայեթ, և կվերջանա մեր պատմությունը»:

Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ ռուսները շատ սխալներ են անում, օրինակ, ըստ նրա՝ չկարողացան պահել Ուկրաինան: «Կարելի է դժգոհ լինել կամ գոհ լինել, բայց պետք է իմանանք, որ քանի որ մենք կանք, դրա համար պարտական ենք ռուսական կայսրությանը՝ լինի դա Ցարական, Խորհրդային, թե ներկայիս: Ի՞նչ կլիներ Արցախի մնացյալ մասի հետ, եթե չլինեին ռուս խաղաղապահները: Պետք է ռուսների հետ աշխատել և ներշնչել ճիշտ գաղափարներ, մեր շահերը պետք է համընկնեն: Այժմ, նրանք Հայաստանին նայում են՝ որպես իրենց դեմ ուղղված օկուպացված երկիր: Նրանց ռազմական ներկայության ավելացումը մեր անվտանգության, մեր լինել-չլինելու խնդիրն է, մնացածը մեր ձեռքում է»,- ընդգծեց նա՝ մանիպուլյացիա և կեղծիք որակելով այն տեսակետները, թե արցախյան երկրորդ պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունք էր:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս