«Որ իրենց՝ «պողպատյա մանդատ» ստացած կապիտուլյանտը ձեռքը խփի սեղանին, Մարությանն աթոռից 2 րոպեում կիջնի». Թեհմինա Վարդանյան

Որքան էլ իշխող քաղաքական ուժը դժգոհ լինի Երևանի քաղաքապետից՝ ՔՊ-ին ընտրություններից առաջ «ակներև աջակցություն» չհայտնելու համար, նրանից «ազատվելը» հեշտ գործընթաց չէ: Կա մի քանի տարբերակ. քայլ առաջին՝ Հայկ Մարությանը հեռանում է սեփական դիմումի համաձայն, ինչը, ինչպես պարզ է դառնում քաղաքապետի պահվածքից և խոսնակի արձագանքից, տեղի չի ունենա, քայլ երկրորդ՝ ավագանին անվստահություն է հայտնում Մարությանին և ձայների մեծամասնությամբ իր միջից ընտրում է նոր քաղաքապետ, քայլ երրորդ՝ ավագանին չի ընտրում քաղաքապետ, Կառավարության որոշմամբ ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվում է, նշանակվում են նոր ընտրություններ:

168.am-ը Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների միջոցով փորձեց պարզել, թե Հայկ Մարությանը քաղաքային իշխանությունում ունի՞ բավարար աջակցություն, որը կարող է տապալել  անվստահություն հայտնելու հավանական գործընթացը:

«Մինչև ընտրական շրջանը դժվարությամբ, բայց ուներ, դա կարելի էր տեսնել մի կերպ, բայց կայացող քվորումով: Ընտրություններից հետո, կարծում եմ, որ պատկերը փոխված կլինի, արդեն «Իմ քայլի» մեծամասնությունից կախված կլինի, կստացվի՞ դա, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ չնայած անվստահություն հայտնելու մասին խոսակցություններ կան վաղուց, սակայն գործը կարող է դրան չհասնել:

«Այդքան աջակցություն միանշանակ չունի, որովհետև վերջին 1.5 տարվա ընթացքում ես նկատում եմ ակնհայտ վատ վերաբերմունք ավագանու կողմից դեպի Մարության, անկախ նրանից, որ Մարությանն ընտրվել է մեկ անձի ռեյտինգի շնորհիվ, ավագանին, կարելի է ասել, նրան տանել չի կարողանում, և վաղուց՝ դեռևս 1-1.5 տարի առաջվանից, խոսակցություններ են պտտվում, որ Մարությանին պատրաստվում են անվստահություն հայտնել, նույնիսկ երկու անգամ հստակ ավագանու անդամներից մեկի անունը շոշափվեց: Հետպատերազմյան շրջանում՝  կապիտուլյացիայից հետո, Մարությանն ամբողջովին ընդհատակ անցավ:

Ուզում եմ հիշեցնել ու ընդգծել, որ Մարությանն իմ և պարոն Խաժակյանի բերած նախագծին, որով ուղերձ էինք հղում Կառավարությանը՝ հրաժարականի պահանջով, քվեարկեց դեմ, այսինքն՝ թերևս, կարող ենք ասել, որ Մարությանն այնքան վախկոտ է և այնքան, իրենց սիրած բառով ասած, «դուխ» չունի, որ բացահայտ դեմ դուրս գա Փաշինյանին: Տարբեր խոսակցություններ են պտտվում նույնիսկ, որ Մարությանի վրա վաղուց Ոստիկանությունում և Դատախազությունում կարված քրեական գործեր կան, չգիտեմ, թե դրանք որքանո՞վ են ճիշտ, բայց այս խոսակցությունները տարբեր հոսքերով են գալիս: Կարծում եմ՝ գործն ամենևին չի հասնի անվստահություն հայտնելուն, որ իրենց՝ «պողպատյա մանդատ» ստացած կապիտուլյանտը ձեռքը խփի սեղանին, Մարությանն այդ աթոռից 2 րոպեում կիջնի»,- ասաց Վարդանյանը:

Իսկ իր քաղաքական ուժին «ակներև աջակցություն» չհայտնելը բավարա՞ր պատճառ է ընտրված մարմնի ներկայացուցչին անվստահություն հայտնելու համար: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ պետք է գնահատականներ հնչեն նաև Մարությանի աշխատանքի մասին:

«Իհարկե, բավարար պատճառ չէ, և պետք է իրենք հստակ ասեն՝ գո՞հ են, թե՞ դժգոհ են Մարությանի կատարած աշխատանքից քաղաքապետի պաշտոնում: Նոր դրանից հետո հնարավորություն կլինի եզրահանգումներ անել, թե որքանո՞վ է իրենց փաստարկն արդարացված, բայց այն, որ նման քաղաքական պատճառաբանությամբ, առանց լուրջ հիմքերի աշխատանքից ազատելն արդարացված չէ, դա՝ միանշանակ»,- ասաց Խաժակյանը:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը պնդեց, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու բավարար պատճառ եղել է, սակայն այդ ժամանակ ավագանին այդ քայլին չի գնացել:

«Իմ դիրքորոշումը որպես ավագանու անդամ՝ հետևյալն է, եթե մենք պետք է կառուցենք օրենքի երկիր, առաջատար երկրների շարքին պետք է դասվենք, և եթե ուզում էին, կամ պետք է անվստահություն հայտնեին և հիմնավոր պատճառ էին ման գալիս, ապա դա կարող էր լինել բյուջեի թերի կատարողականը, որը շատ լավ առիթ էր անվստահություն հայտնելու, կամ բյուջեն հաստատելու ժամանակ: Եթե հիմա դա անեն, ապա դա կլինի միջանձնային հաաբերությունների հետևանքով, որոնց մեջ մենք չենք ուզում խառնվել: Իրենց ներկուսակցական խոհանոցն է, իրենք թող որոշեն՝ ինչն՝ ինչպես: Այս պահի դրությամբ սրանք լոկ խոսակցություններ են, երբ կդառնա նախագիծ, շրջանառության մեջ կդնեն նախագիծը, այդ ժամանակ մեր խմբակցությունը կքննարկի և իր դիրքորոշումը կհայտնի, բայց միջանձնային  հարաբերություններով պետք է չխաթարենք բնականոն աշխատանքները, Երևան քաղաքն ունի լիքը խնդիրներ, եթե շարունակենք միջանձնային խնդիրներով հարցեր լուծել, դա ոչ մի լավ կետի չի բերի: ՏԻՄ մարմինների ղեկավարը բացահայտ, վարչական ռեսուրսի կիրառմամբ չպետք է աջակցի իր քաղաքական թիմին, դա սխալ է, կամ եթե ինչ-որ մի ՏԻՄ մարմնի ղեկավար իշխող թիմի ներկայացուցիչ չէ, նրա վրա ճնշում գործադրելը սխալ է, անընդունելի է, եթե մենք ուզում ենք առաջատար երկրների շարքին դասվել, եթե ուզում ենք մնալ երրորդ կարգի երկիր, իսկ այստեղ, ոնց հասկանում եմ, ամեն ինչ արվում է դրա համար, ուրեմն ճնշումը շարունակվելու է»,- ասաց Մանրիկյանը:

ՔՊ-ն մայրաքաղաքում հաղթելու շանս ունի՞, եթե ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը չհաջողվի ընտրել քաղաքապետ և ստիպված լինեն գնալ արտահերթ ընտրությունների:

«Անկեղծ ասած, կարծում եմ, որ ունի: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ ՔՊ-ն շանս չունի, բայց կարող է օգտագործել տարբեր գործիքակազմեր՝ իր նպատակին հասնելու համար:

«Կարծում եմ, որ ՔՊ-ն նման հիմարություն այնուամենայնիվ չի անի, որովհետև վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Երևանում մարդկանց գիտակցության աստիճանն այնքան բարձր է, որ Փաշինյանին որևէ կերպ վարչապետի աթոռին չեն տեսնում, հետևաբար՝ նաև իշխող կուսակցության ներկայացուցիչներին որևէ պաշտոնում չեն տեսնում, սա շատ ռիսկային քայլ է լինելու նրանց համար, բայց ինչպես արտահերթ խորհրդարանական ընտրություններում, տարբեր գործիքակազմեր օգտագործելով, հասան իրենց նպատակին, հավաքեցին մեծամասնություն, որի հետ կապված բազմաթիվ գործեր կան հարուցված, գուցեև նույն մեխանիզմներով փորձեն քաղաքապետի հարց լուծել և նոր արտահերթ ընտրություններ անել, ինչը և՛ բյուջեի վրա է մեծ հոգս լինելու, և՛ քաղաքի վրա»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը չցանկացավ մեկնաբանել, թե հավանական արտահերթ ընտրություններում ինչպիսի շանսեր կունենա ՔՊ-ն, քանի դեռ նման որոշում չկա, սակայն կոչ արեց քաղաքացիներին, որ եթե նման բան տեղի ունենա, ուշադրություն դարձնեն ծրագրերին:

«Եթե լինի նման բան, կոչ կանեմ երևանցիներին, որ ընտրության գնան՝ դատելով ոչ թե անձնային, այլ՝ ծրագրային առումով: Ժամանակն է, որ գնահատենք ծրագրերը, թե ի՞նչ ծրագրով են կատարելու քաղաքի զարգացումը, ի՞նչ քայլեր են լինելու, Երևանն այսօր ունի բազում խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել: Մեզ պետք է ծրագրային ընտրություն, եթե ուզում ենք, որ լավ լինի, եթե չենք անում ծրագրային ընտրություն, էլի անձերի ընտրություն ենք անելու, ուրեմն դատապարտված ենք դոփել նույն տեղում»,- ասաց Մանրիկյանը:

Իսկ կա՞ մեկը Երևանի ավագանիում, ով կփոխարինի Հայկ Մարությանին:

«Ոչ, երկու տարի շարունակ, այսինքն, որ կետից որ բոլորս հասկացանք, որ Մարությանն առոչինչ է և իր պաշտոնական լիազորությունները չի իրականացնում, նույնիսկ ալարում է գործի գալ և արձակուրդ գնալու հարցում ռեկորդակիր է, այդ ժամանակվանից սկսած տարբեր խոսակցություններ են պտտվել, բայց Փաշինյանն այս անգամ այնքան ինքնավստահ է գտնվել և այնքան է վստահել Մարությանին, որ ավագանիում ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի համար չի ունեցել երկրորդ թեկնածու»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս