«Հայկ Մարությանը ստացել է երևանցիների մանդատը, իսկ այդ մանդատի տևողությունը 5 տարի է». քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը վերջերս տված իր հարցազրույցում մեկ անգամ ևս  անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի կեցվածքին, գործունեությանը կամ, ավելի շուտ, անգործությանը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Հունիսի 21-ին Factor.am-ի հետ զրույցում նա ասել էր, որ Մարությանի՝ քարոզարշավին չմասնակցելու պատճառը Կառավարության և քաղաքապետի հարաբերություններում առկա խութերն են, երեկ էլ «Ազատություն» ռադիոկայանի եթերում պնդել էր, թե ցավում է, որ Հայկ Մարությանը նախընտրական շրջանում «ակներև, հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին»:

Ավագանու նիստերին հետևողները, վստահաբար, նկատած կլինեն, որ քաղաքապետն էլ գոհ չէ կառավարության հետ համագործակցությունից, օրինակ, վերջին նիստում, անդրադառնալով ապօրինի կրպակների տեղադրման խնդրին, Մարությանը հիշեցրել էր, որ դեռ 3 տարի առաջ համայնքային և պետական հողի վրա գտնվող ապօրինի շինարարությունները չօրինականացնելու մասին նախագիծ են մշակել և ուղարկել Կառավարություն, որոշում այդպես էլ չի ընդունվել, ինքը չգիտի, թե ինչո՞ւ:

168.amքաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվո՞ւմ է Հայկ Մարությանը իր պաշտոնավարման ժամկետից շուտ հրաժարական տալ՝ պայմանավորված այն գնահատականներով ու քննադատություններով, որ հնչեցնում են իր հասցեին հենց իշխող ուժի առանցքային դերակատարում ունեցող դեմքերը:

«Մենք՝ Հայաստանի հասարակությունը, 2018-ին հեղափոխություն ենք արել, որպեսզի լինի բազմակարծություն: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր թիմի հետ միասին 2018թ.-ի սեպտեմբերին ստացել է երևանցիների մանդատը ընտրությունների արդյունքում, իսկ այդ մանդատի տևողությունը 5 տարի է»,- ասաց Կարապետյանը:

Քաղաքապետի մամուլի խոսնակի պնդմամբ՝ Հայկ Մարությանն ընտրությունների ընթացքում և դրանից առաջ զբաղված է եղել իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ: Իսկ չե՞ն խանգարի այն տարակարծությունները, որ քաղաքապետն ունի գործող իշխանության հետ:

«Նորմալ աշխատանքային մթնոլորտ է, ո՞րն է ավելի լավ, երբ մոնոլիտ բրգաձև կառավարո՞ւմ է լինում, ինչպես մենք ոչ վաղ անցյալում կարող էինք նկատել»,- ասաց Կարապետյանը:

Այս քննադատությունների ֆոնին Հայկ Մարությանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, խոսելով պատվիրված ավտոբուսների մասին, ընդգծել  է՝ «շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»:

Տեսանյութեր

Լրահոս