«Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են տարածաշրջանում պատերազմի». Ռազմական փորձագետ
Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կամ առանձին 9-ից ավելի զորավարժություններ են անցկացրել։ Հունիսի 21-23-ը Նախիջևանում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունից հետո, Բաքվում հունիսի 28-30-ը թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվել են մոտ 600 հոգանոց անձնակազմ։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով այս զորավարժություններին, նկատեց, որ Ադրբեջանը և Թուրքիան, մասնավորապես՝ Թուրքիան, պատրաստվում են պատերազմի։
«Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են տարածաշրջանում պատերազմի, և արդեն մոտավորապես հասկանալի է, թե դա ինչ ռազմական ալյանսով է լինելու։ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան հիմնական ալյանսով, և հնարավոր է՝ ժամանակի ընթացքում միանա նաև Ուկրաինան, այսինքն՝ մոտավորապես հասկանալի է պատկերը։ Որքան էլ մենք ցանկանանք գնալ խաղաղության, ստեղծված իրավիճակում դա այդպես չի լինելու, և Ադրբեջանն արդեն բացեիբաց է խոսում պատերազմի մասին։ Եթե ուշադրություն դարձնենք այդ զորավարժության անվանմանը, որը կրում է Քեմալի անունը, ապա կտեսնենք, որ այն իրենից շատ բան է ենթադրում, Քեմալը եղել է պանթուրքիզմի գաղափարախոսության հիմնադիրը, այսօր էլ տեսնում ենք, որ օրակարգ են բերում պանթուրքիստական նկրտումները։ Այնպես որ, զորավարժությունների անվանումները պարզ ու ակնհայտ են դարձնում այդ երկու երկրների հեռահար նպատակները»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Ըստ նրա, հայկական կողմից այս ամենին չկա հակազդող կամ համարժեք քայլ, որովհետև ներհայաստանյան քաղաքական կյանքը լարված էր, այնուհետև հետընտրական գործընթացներն էին, և տպավորություն է, որ Հայաստանում ուշադրություն չեն դարձնում ազգային անվտանգությանը, այդ թվում՝ տարածաշրջանում խաղացող պետությունները ևս դրան ուշադրություն չեն դարձնում։
«Այստեղ ավելի շատ զբաղված են բանակցային գործընթացներով, կարող եմ նաև ասել՝ այդ բանակցային գործընթացներում առևտրային որոշակի տարրեր պարունակող գործընթացներով։ Մենք պետք է փնտրենք ռազմավարական գործընկերներ, չպետք է կաղապարվենք միայն Ռուսաստանով։ Հայաստանի ռազմավարական գործընկերներին մենք պետք է փնտրենք՝ ի դեմս Իրանի, Եվրոմիությունում։ Այսինքն՝ գոնե պետք է փորձենք հասկանալ, թե նոր ստեղծված իրավիճակում մենք ինչ դիրքավորում ենք ունենալու։ Տարածաշրջանում փոխվել է դերակատարությունը, հավասարակշռությունը, և մենք պետք է հնարավորինս պարզ ձևաչափերով, սակայն բարդ գործընթացներով կարողանանք ստեղծված իրավիճակից դուրս գալ»,- շեշտեց Կ. Հովհաննիսյանը։
Մեր զրոցակցի խոսքով՝ իրականում Ադրբեջանն ու Թուրքիան վախենում էին, որ Հայաստանում կարող է իշխանափոխություն լինի։ Մտածում էին, որ իշխանության կարող են գալ ուժեր, որոնք չեն տանի այս իշխանության քաղաքական գիծը, և նոր մարտահրավերներ կլինեն։
«Հիմա այդ երկու երկրներն էլ հանգիստ են, ինչ պլանավորել են նոյեմբերի 10-ին և դրանից հետո, այդ պլանավորածի մեջ որևէ փոփոխություն չեն մտցնում։ Այսինքն՝ նրանք կարիք չեն զգում այդ փոփոխությանը, գնում են ըստ ծրագրավորածի։ Մեծ հաշվով, նրանք իրենց վարած քաղաքականության մեջ փոփոխություն չեն մտցնելու, քանի որ ՀՀ-ում քաղաքականություն վարող կուրսը չի փոխվել»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։