Ես միշտ վախեցել եմ, որ դեռ ուրիշ բաներ կան հանձնվելու, և իմ միակ հույսը այս իշխանությունների հեռանալն էր. թուրքագետ

Օրերս հերթական հեռախոսազրույցն է կայացել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև. ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդիրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների կատարմանը վերաբերող հարցեր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան հազիվ թե ձգձգի «Զանգեզուրի միջանցքի» հարցը, խոսել էր նաև «Վեցակողմ հարթակի» ձևավորման հեռանկարների մասին:

Հայաստանում տարբեր շրջանակներ նշում են, թե Հայաստանը կորցրել է հակամարտության բանակցող կողմ լինելու կարգավիճակը, մինչդեռ Թուրքիան ոչ միայն 44-օրյա պատերազմում անթաքույց աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին փաստորեն բացահայտ դարձավ հակամարտության կողմ, այլ նաև ջանք է գործադրում բանակցության կողմի կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ: Թե ի՞նչ հետևանքներ կունենա տարածաշրջանային նոր ճարտարապետությունը Հայաստանի համար՝ հարցի պատասխանը 168.am-ը լսեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից:

«Թուրքիան այսօր արդեն բացահայտ ներկայանում է՝ որպես հակամարտության կողմ, և Էրդողանի Շուշի գնալն էլ դրա վառ դրսևորումն է,- մեզ հետ զրույցում նշեց Տիրան Լոքմագյոզյանը, ապա անդրադառնալով հարցին, թե Հայաստանում վերարտադրված իշխանություններն արդյո՞ք ունեն ներուժ դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին, պատասխանեց. «Երևում է, որ ինչ-որ համաձայնություններով գործարքներ են կատարվում և անգամ բանավոր համաձայնություններով: Ես միշտ վախեցել եմ, որ դեռ ուրիշ բաներ կան հանձնվելու, և իմ միակ հույսն այս իշխանությունների հեռանալն էր, սակայն, դժբախտաբար, դա էլ չկատարվեց, և հիմա հեշտուհանգիստ կարող են շարունակել իրենց գործունեությունը՝ հատկապես, որ այժմ ասում են՝ ժողովրդից մանդատ ստացանք. Ինչ որ մենք ենք անում, ժողովրդի ցանկությունն է»:

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի հարյուրամյա երազանքն ու ծրագրերում է եղել այս տարածաշրջանը և Հայաստանը հատկապես. «Անգամ թվականներն այնպես են արված, որ ուղիղ հարյուր տարի հետո իրենք հասան իրենց նպատակներին. դեռևս, իհարկե, մասամբ, սակայն այսպես շարունակվելու դեպքում՝ իրենք իրենց ուզածին լրիվ հասնելու են. այն է՝ Սյունիքը վերցնելը. միջանցք, կամուրջ ունենալ երկու երկրների միջև, և եթե այդ կամուրջը իրենք ստանան, ազատ ճանապարհ կունենան մինչև Չինաստանի պարիսպները: Այսինքն՝ Մեծ Թուրանը կազմելու ծրագիրը կիրականացնեն»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ թուրքական նկրտումները ձեռնտու չեն Իրանին և Ռուսաստանին և, ըստ նրա, այս պետությունները գուցե ավելի շահագրգիռ են մեզ համար, քան մենք ինքներս. «Անգամ պատերազմի ժամանակ քանի անգամ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի կողմից օգնության առաջարկներ եղան, և այդ առաջարկները մերժեցինք»:

Տիրան Լոքմագյոզյանի համոզմամբ՝ առհասարակ, 44-օրյա պատերազմը հերթական քայլն էր Ռուսաստանի և Իրանի դեմ. «Այն ուժերը, որոնք Թուրքիայի հետևում կանգնած են և Թուրքիային օգտագործում են որպես գործակատար, նաև՝ այսօր Ադրբեջանին, նրանց ձեռնտու է, որ ԻԻՀ-ի և ՌԴ-ի համար խնդիրներ առաջանան:

Եվ Ռուսաստանն էլ գիտի, որ խաղադրույքն ինքն է. Թուրքիան ամեն կերպ ուզում է հրահրել իր հետ ընդհարման մտնելու»:

Տեսանյութեր

Լրահոս