«Շուրջ 185 հայ գերիներ գտնվել են Ադրբեջանում ողջ, և պետք է հենց այս քանակն էլ հայրենադարձվեր. Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել միայն 60-ի համար». Սիրանուշ Սահակյան
«Պաշտոնականացված թվեր իսկապես գոյություն չունեն, և դրա պատճառները տարբեր են: Նախ, որովհետև ի սկզբանե պատշաճ համագործակցության մակարդակ չի ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, թեև առնվազն Հայաստանի իշխանությունները (հատկապես Նիկոլ Փաշինյանը,– հեղ.) խիստ կառուցողական են գնահատում ադրբեջանական իշխանություններին: Եվ երկրորդ՝ ժամանակակից այս դարաշրջանում, տեխնոլոգիաների առկայության պարագայում շատ արագ է տեղեկատվությունը տարածվում, այդ թվում՝ ռազմագերիների առնչությամբ, սակայն հակահայկական ատելության պայմաններում կատարվել են լրջագույն խախտումներ՝ սպանություններ, գնդակահարություններ, և ակնհայտ է, որ պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ ռազմագերիներ սպանվել են»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական եթերում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թվին:
Նրա խոսքով՝ այս պայմաններում թվերի պաշտոնականացումը վնասակար կլինի Ադրբեջանի իշխանությունների համար, բայց իրենք իրենց գործունեության արդյունքում կարողացել են դուրս բերել որոշակի տեղեկություններ:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նախ այս պահին պաշտոնապես հաստատված գերիների թիվը 60-ն է, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչին և նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) պաշտոնապես տեղեկացրել են, որ 60 ռազմագերիներ այս պահին պահվում են Ադրբեջանում: Այլ հարց է, որ այս 60-ին վերագրում են հանցագործություններ և պնդում են, ռազմագերի լինելուց զատ, նրանք ներգրավվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ, և ներկայումս էլ դատական գործընթացներ են ընթանում Ադրբեջանում»,- ասաց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է իրական թվերին, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրենք առնվազն ունեն 25 նույնականացված անձ, որոնց գերեվարումը հաստատված է տեսանյութերով, և դրանք ենթարկվել են տեխնիկական ու այլ փորձաքննությունների, համապատասխանում են իրականությանը:
«Դրանցում ներկայացված թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի զինծառայողներն իրական են, սակայն այդ 25 ռազմագերիները մինչև օրս չեն ընդունվում Ադրբեջանի կողմից: Դրանից զատ, մենք ուսումնասիրել ենք հարյուրավոր տեսանյութեր, և դրանցից դուրս ենք բերել 70 հայ ռազմագերիներ, որոնց նույնականացումը ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ իրականացնել, սակայն ապացուցված է, որ նրանք հայեր են, գերեվարման դրվագներն առնչվում են 2020թ. պատերազմին: Այդ տեսանյութերում ներկայացված չեն հայրենադարձված ռազմագերիները, այս պահին պաշտոնապես հաստատված և Ադրբեջանում գտնվող ռազմագերիները և մեր կողմից նույնականացված 25 ռազմագերիները»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Վերջինս նշում է՝ այստեղ հարց է առաջ գալիս, թե ովքե՞ր են հավելյալ 70 ռազմագերիները, որոնք հայեր են, և անկախ նրանից, թե ովքեր են, թվային առումով ավել են, քան պաշտոնապես ընդունում են ադրբեջանցիները:
«Եվ, իհարկե, ունենք անուղղակի ապացույցներով ռազմագերիներ, որոնց վերաբերյալ թեև տեսանյութեր չկան, բայց կան լուրջ անուղղակի ապացույցներ: Օրինակ, որ անձը գերեվարվելուց մի քանի րոպե առաջ նկարագրել է, թե որ կետում է գտնվում, նշել է, որ զենք չկա իր մոտ, քանի մետր հեռավորության վրա է նկատում ադրբեջանցիների զինծառայողների, և իր՝ հաղորդագրություն ուղարկելուց րոպեներ անց կապը կորել է, և հետագայում որոնողական գործողությունների արդյունքում իր կողմից նկարագրված իրերը, վայրերը ուսումնասիրվել են, դին հայտնաբերված չէ, և այս պայմաններում մենք հիմքեր ունենք մտածելու, որ նրանք գերեվարվել են»,- նկատեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչը՝ հավելելով, որ եթե գումարում ենք նաև այս գործերը, քանի որ շուրջ 30 անուղղակի ապացույցներով խիստ հիմնավոր գործեր ունեն, տեսնում են, որ մոտավորապես 120-ից ավելի անձինք այս պահին պետք է որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես ընդունվեին (60-ից զատ):
«Եթե ավելի ստույգ խոսենք, 125+60, այսինքն՝ այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալներով, շուրջ 185 հայեր գտնվել են Ադրբեջանում ողջ, եղել են գերիներ, և պետք է հենց այս քանակն էլ հայրենադարձվեր: Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել միայն 60-ի համար»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Խոսելով անհետ կորածների, գերիների, բռնի անհետացածների իրական թվերի մասին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ մեղավորն իշխանությունն է, որ այդ թվերի առնչությամբ վստահություն չկա:
«Հայաստանի իշխանությունները ստեղծել են այնպիսի վիճակ, որ ոչ մասնագետները, ոչ պետության ներկայացուցիչները, ոչ ընտանիքի անդամները, առավել ևս՝ քաղաքական գործիչները չեն վստահում նրանց կողմից հրապարակված տեղեկություններին, և պատճառն օբյեկտիվ է: Կան մարդիկ, որոնց նշում են, որ անհետ կորած են, բայց մենք ունենք տվյալներ, որ պաշտոնապես հաստատված գերի է: Եվ անհեթեթ վիճակ են ստեղծում պետական մարմինները, և գերեվարված անձի ընտանիքի անդամներին, ով Կարմիր խաչի միջոցով կանոնավոր կապ է ապահովում ռազմագերու հետ, բայց պաշտոնական թվերում մատուցում են՝ որպես անհետ կորածներ: Եվ նույն այդ հնարքներն օգտագործելով՝ առանձին պարագայում անհետ կորածներին զոհվածներ են համարում, զոհվածներին՝ գերեվարվածներ, և այլն»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ նրա՝ պետությունն ի սկզբանե չունի տվյալները հավաքագրելու, մշակելու մեթոդոլոգիա, և ցանկացած հնարք կարող են իրականացնել, ցանկացած տեղեկատվություն մեզ կարող են մատուցել՝ որպես իրական:
«Եվ այս խառնաշփոթը պարզեցնելու միակ ճանապարհն այն է, որ պարբերաբար արժանահավատ տեղեկատվություն հրապարակայնացնեն, և հնարավորություն տան, որ հրապարակված տվյալների հիման վրա մասնագետները ստուգեն և անճշտությունների շտկման մեխանիզմներ ներդնեն: Ես իսկապես հավատ չունեմ, որ այն տվյալները, որոնք հրապարակվում են պետական մարմինների կողմից, ստույգ են, և անգամ իրենք վստահում են այդ տեղեկություններին»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում