«Ջրային ակունքների վրա վերահսկողություն հաստատելը նրանց համար տասնամյակներ շարունակ առաջնային նպատակ է եղել՝ սկսած 1918 թվականից, երբ այդ արհեստածին երկիրը ստեղծել են». Դավիթ Բաբայան

Երեկվանից ահազանգ է հնչում, որ ադրբեջանցիները նախատեսում են փոխել Թարթառ գետի հունը, ինչի հետևանքով Սարսանգի ջրամբարը կցամաքի։ Ավելին՝ թշնամին այս օրերին մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա է տեղափոխում գետի հունը փոխելու համար։ Այս մասին առաջինն ահազանգ է հնչեցրել լրագրող Նարինե Կիրակոսյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ չի կարծում, թե այս պահի դրությամբ  Ադրբեջանն ի վիճակի է փոխելու Թարթառի հունը, որովհետև Թարթառը մեծ գետ է, տարեկան միջին հոսքը 700 մլն խորանարդ մետրի է հասնում, երբեմն նաև գերազանցում է։

«Որպեսզի այդ հսկայական գետի հունը փոխեն, նախ և առաջ պետք է հասկանալ, որ Քարվաճառի շրջանը լեռնային շրջան է։ Այսինքն՝ Թարթառի հունը միայն երկու տարբերակով կարող են փոխել, առաջինը՝ այն ուղղել դեպի հարավ, այսինքն՝ Քաշաթաղի շրջանով, Բերձորով միացնել այնտեղ հոսող գետերին և հասցնել մինչև Արաքս։ Սա շատ ծանր ու բարդ գործընթաց է, որովհետև կարող է էկոլոգիական լուրջ խնդիրներ առաջանան, այդ նույն տարածքներն ամբողջությամբ ջրի տակ հայտնվեն, և այլն։

Երկրորդը՝ Թարթառի հունը կարող են փոխել դեպի Կիրովաբադ, Գանձակ և այլն, բայց այդ դեպքում պետք է 3700 մետր բարձրություն ունեցող Մռավի լեռնաշխարհը, այսինքն՝ Գոմշասարի տակով, ինչ-որ թունելներով հսկայական ծախսերով հունը փոխեն։ Տվյալ դեպքում՝ ներկա փուլում դա առհասարակ հնարավոր չէ։ Ուրիշ հարց է, որ հետագայում իրենք կարող են Թարթառի հոսքը դեպի Մարտակերտի շրջան նվազեցնեն, եթե կարողանան կառուցել ինչ-որ ջրամբարներ Քարվաճառի շրջանում՝ սրանով փորձելով մեզ վրա ազդեցություն գործել, որ իրենք կարող են ջրի հոսքը նվազեցնեն, Սարսանգը ցամաքի, հետո ասեն՝ լավ, ջուրը բաց ենք թողնում դեպի Ադրբեջան»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նա վստահ է, որ Ադրբեջանը վարելու է նման քաղաքականություն, և խնդիրն այն է, որ սա շատ կարևոր աշխարհաքաղաքական հարց է պետականության համար։ Միաժամանակ նա հիշեցրեց, որ Քարվաճառից սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերի ակունքները։

«Աստված ոչ անի, եթե նրանք թունավորեն այդ գետերի ակունքներն, այդ դեպքում պատկերացնո՞ւմ եք՝ Սևանը, որը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է, ինչ վիճակում կհայտնվի, այդ թվում՝ մենք ինչ վիճակում կլինենք՝ ընդհուպ մինչև Երևանը, քանի որ Հրազդան գետն այդտեղից է սկիզբ առնում»,- շեշտեց նա։

Արցախի արտաքին գերտեսչության ղեկավարը նաև ընդգծեց, որ թշնամու առաջնային նպատակներից մեկը Հայաստանի ջրային ռեսուրսներին տիրանալն է։ Թերևս, սա է պատճառը, որ մայիսի 12-ից թշնամին առաջ է եկել Սև լճի հատվածում, այդ թվում՝ Շորժայում, որտեղ սկիզբ են առնում մի շարք գետերի ակունքներ, որոնք այսօր ադրբեջանցիների հսկողության տակ են։

«Ջրային ակունքների վրա վերահսկողություն հաստատելը նրանց համար տարիներ, տասնամյակներ շարունակ  առաջնային նպատակ է եղել, սկսած 1918 թվականից, երբ այդ արհեստածին երկիրը ստեղծել են։ Նրանք այսպիսի նպատակ են դրել և իրականացնում են, նրանք պրոֆեսիոնալ, երկարատև փորձ ունեն այդ գործընթացում։ Այսինքն՝ այստեղ մենք այդ հարցերին պետք է շատ լուրջ վերաբերվենք։ Տվյալ դեպքում, քանի որ չկա Արցախի Հանրապետության նախկին տարածքները, որը կար և ապահովում էր Հայաստանի ջրային անվտանգությունը, միակ բանն այն է, որպեսզի կարողանանք մինիմումը ջրահավաք ավազաններում, հատկապես Արփայի և Որոտանի՝ տեղակայենք, ցանկալի է, ռուսական խաղաղապահներ կամ ինչ-որ դիտորդական միջազգային առաքելություն, որպեսզի թույլ չտան ջրերը թունավորեն»,- հավելեց նա։

Դավիթ Բաբայանը նաև վստահ է, որ այդ ջրերը կթունավորեն, քանի որ Ադրբեջանն ունի մեծ փորձ, հետևաբար՝ ինչո՞ւ չպետք է թունավորի։

«Նրանք մեզ որպես թշնամի են դիտարկում, սա պետք է լավ իմանանք ու պատրանքներով չպետք է տառապենք»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս