«Ինձ հարցրեցին՝ կարո՞ղ են ընտրել, ասացի՝ ո՞ւր են զինգրքույկները, պատասխանեցին՝ չունեն, կորցրել են պատերազմի ընթացքում. միանգամից ասացի՝ չեն կարող քվեարկել». Հանձնաժողովի նախագահ

Հունիսի 20-ին, երբ դեռ ընթացքի մեջ էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց այն մասին, որ ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:

«Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի՝ հայտնեմ ևս մեկը:

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են «քվեարկացնել» ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զինգրքույկ, ինչը պարտադիր պայման է նման քվեարկության դեպքում:

Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:

Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:

Այսպիսով՝ փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ:

Հրավիրում եմ դիտորդների և ԶԼՄ-ների ուշադրությունը»,- գրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահը:

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Լիանա Մարտիրոսյանը հաստատեց այն տեղեկությունը, որ առանց զինվորական գրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն իրենք թույլ չեն տվել դա անել:

«Ես զինվորներին չեմ տեսել: Ինձ է մոտեցել սպայական համազգեստով մի անձնավորություն ու հարցրել, որ իր մոտի ցուցակում կան զինվորներ, որոնք զինվորական գրքույկներ չունեն, դրանք կորցրել են պատերազմի ընթացքում, կարո՞ղ են արդյոք նրանք քվեարկել: Խոսքն իրենց մոտ եղած ցուցակների մասին է, իրենք իրենց ցուցակով էին նայում: Մենք էլ, առանց որևէ ցուցակ նայելու, ասացինք՝ ոչ, չեն կարող, քանի որ զինվորական գրքույկն է վկայում զինվորի ինքնությունը»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Լիանա Մարտիրոսյանի խոսքով՝ սպայական համազգեստով անձնավորությունը զրույցը չի շարունակել, քննարկում չի ծավալել:

«Ասաց՝ եղավ»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Հարցին՝ ներկայացե՞լ է արդյոք սպայական համազգեստով անձը, Լիանա Մարտիրոսյանն ասաց՝ ոչ, չի ներկայացել, բայց նրա հագուստը տարբերվում էր զինվորների հագուստից, սպայի համազգեստ էր:

«Չգիտեմ էլ՝ ով էր: Չի ներկայացել, ես էլ, ճիշտն ասած, չեմ հարցրել: Ես զինվորներին չեմ տեսել, նրանք տեղամասում չեն եղել, դրսում էին: Ինձ հարցրեցին՝ կարո՞ղ են ընտրել, ասացի՝ ո՞ւր են գրքույկները, պատասխանեցին՝ գրքույկ չունեն, կորցրել են պատերազմի ընթացքում: Ես էլ միանգամից ասացի, որ չեն կարող քվեարկել»,- ասաց Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասի նախագահը:

Վերջինիս խոսքով՝ մյուս զինվորները, ովքեր ունեցել են զինվորական գրքույկներ, մասնակցել են քվեարկությանը:

«Սպայական հագուստով այդ անձնավորությունը մնաց տեղամասում, հսկում էր զինվորներին, կարգուկանոն էր պահպանում: Երևի պատասխանատուն էր, չգիտեմ: Զինգրքույկներ չունեցող զինվորներին չեմ տեսել, միայն ասացին, որ թվով մինչև 10 մարդ են: Էլի եմ շեշտում, ես սա իրենց ասելով եմ ասում, իրենք ասացին, որ նրանց անունները ցուցակում կան: Ես ոչ ցուցակ եմ նայել, ոչ զինվոր եմ տեսել: Քանի որ զինգրքույկ չկար, հետաքրքիր չէր, չի էլ քննարկվել»,- ասաց Լիանա Մարտիրոսյանը՝ հավելելով՝ ներսում այդ անձնավորության կողմից տարօրինակ վարքագիծ չի արձանագրել:

«Մենք հետևում էինք, որ ներսում 15 հոգուց ավելի մարդ չլիներ, որովհետև այդ տեղամասում նաև տեղի բնակիչներն են ընտրում: Որպես զինվորների պատասխանատու՝ ես խնդրում էի, որ նա զինվորներին ուշադիր լինի, հերթականությունը պահի»,- եզրափակեց Լիանա Մարտիրոսյանը:

Այս պատմության մեջ պակաս կարևոր ու տարօրինակ չէ այն հանգամանքը, որ պետական համակարգի տոտալ փլուզման ու անգործության արդյունքում ունենք իրավիճակ, երբ պատերազմից 7 ամիս անց չեն վերականգնվել պատերազմի մասնակից զինվորների զինվորական գրքույկները, եթե, իհարկե, քվեարկությանը մասնակցել ցանկացողներն իսկապես զինվորներ են եղել:

Տեսանյութեր

Լրահոս