Հ1-ը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել Հանրային հեռարձակողի խորհրդից՝ լրատվական հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ ձեռք բերելու համար։

Պայմանագիրը կնքել են Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Գնումն իրականացվել է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, ըստ որի՝  գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։

Հիշեցնենք, որ այս գումարը «Հանրային հեռուստաընկերություն»  ՓԲԸ-ին հատկացվել էր դեռևս ապրիլի 15-ին՝ Կառավարության որոշումներից մեկով՝ որն ընդգրկված էր օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց։

Գումարի հատկացման նպատակը նոր լրատվական հեռուստաալիքի ստեղծումն է։ Նշենք, որ գումարի հատկացմանը դեմ է եղել Ֆինանսների նախարարությունը՝ Կառավարություն ներկայացնելով համապատասխան առարկությունը։

Տեսանյութեր

Լրահոս