Բանակը կողմ արտահայտվեց բանակի քանդմանը

 Փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը պահանջեցին վարչապետի և նրա կառավարության հրաժարականը՝ գտնելով, որ նրանք այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- մասնավորապես նշված էր Զինված ուժերի հայտարարության մեջ, որի տակ մոտ 4 տասնյակ գեներալ և բարձրաստիճան զինվորական էր ստորագրել, այդ թվում՝ բանակային հինգ կորպուսների հրամանատարները:

Այն գործողությունները, որոնք պետք է հաջորդեին այս հայտարարությանը՝ չեղան, չնայած որ իշխանությունները շարունակում էին սահմաններ հատել, իսկ թուրքը՝ մոտենալ ՀՀ դարպասներին, որը հունվարի 28-ին խոստանում էին թույլ չտալ:

Օնիկ Գասպարյանը, պարզվեց, որ այս հայտարարությունից բացի, այլ բան չէր էլ նախատեսել ի սկզբանե, իսկ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ ստորագրած գեներալներն ու բարձրաստիճան զինվորականներից շատերը նրա կողքին կանգնել էին զուտ սեփական կարիերան փրկելու համար, որովհետև սկզբնական շրջանում իրենց թվացել էր, որ գեներալ-գնդապետն է այս իրավիճակում հաղթողը լինելու, բայց երբ ավելի ուշ ազդակներ ստացան և համոզվեցին, որ իրավիճակն այդ ուղղությամբ չի զարգանալու, սկսեցին համակերպվել Նիկոլ Փաշինյան գերագույնին ծառայելուն:

Այս դեպքում, թերևս, ավելի ազնիվ էին հայտարարություն-պահանջը չստորագրածները, քան ստորագրած տակտիկական նահանջողները: Մի քիչ ժամանակ, և բանակին մի տեսակ «ներվեց» նույնիսկ սա. առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, և բանակը կարող էր ավարտին հասցնել չավարտածը և իր վերաբերմունքն արտահայտել, հատկապես, երբ նախընտրական շրջանում ամեն օր նվաստացվեց բանակը, զինվորը, սպան: Այդ օրերին, ի դեպ, ԳՇ-ից և բանակային կորպուսների ղեկավարությունից հորդորում էին բանակը չդարձնել նախընտրական քաղաքական օրակարգի մաս, զինվորներին էլ՝ «վայրի ցեղերին»:

Հունիսի 20, արտահերթ ընտրություններ. առավոտից տարբեր տեղեկություններ և տեսանյութեր էին շրջանառվում՝ տարբեր մարզերում, տարբեր բանակային կորպուսների ենթակայության տակ գտնվող զինվորները ուղղորդված ընտրություն էին կատարում՝ հօգուտ իշխանության, առաջին պլան բերելով թիվ 3-ը: Պաշտպանության նախարարությունը, իհարկե, շտապեց հերքել, թե ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են, որոնք զուրկ են որևէ հիմնավոր փաստարկից։

Ի դեպ, ընտրությունների նախօրեին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերով տարածվող այն տեսանյութին, որում N զորամասի զինծառայողները հայտարարում են, որ սատարում են «Հայաստան» դաշինքին, նշել էր, որ մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով․ մանրամասները կպարզվեն ծառայողական քննության արդյունքում»:

Ի դեպ, այստեղ բանալի բառ կա՝ «զինվորը ցանկացած պարագայում պարտավոր է կատարել վերադասի հրամանը, և այս պարագայում, մեր կարծիքով, պարզապես կատարվել է հրաման՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք տեսանյութում հնչած միտքը արտացոլո՞ւմ է նրանց ցանկությունը, թե՞ ոչ»:

Երեկվա ընտրություններում, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, գրեթե բոլոր բանակային կորպուսները մոտ 80 տոկոսով ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին: Օրինակ, Քանաքեռի զորամասն ամբողջությամբ է Փաշինյան ընտրել. ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՀՀ ինքնիշխան տարածքում գերեվարված 6 զինծառայողները, որոնցից 5-ը վերջերս վերադարձվեցին՝ Ակնայի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց, այս զորամասից էին:

Հիմա հարց՝ զինվորներն այս դեպքում ենթարկվել են Փաշինյանին ընտրելու հրահանգի՞ն, թե՞ որոշ դեպքերում զինվորներն իրենք են այդպես որոշել:

Երկու դեպքում էլ երևույթը սարսափելի է և բանական մարդու ուղեղում չտեղավորվող, որովհետև երկու դեպքում էլ բանակի և զինվորի հասցեին արված վիրավորանքները և պատերազմում զոհված զինվորների և լավագույն սպաների արյունը «կուլ տալու» փաստի հետ գործ ունենք:

Իհարկե, դեռ որոշ նվիրյալներ կշարունակեն սահման պահել և հրաման տալ՝ թուրքի առաջխաղացումը կասեցնելու, այդ թվում՝ նրանց իսկ տարածքում, բայց, մեծ հաշվով, բանակը կողմ արտահայտվեց բանակի քանդմանը, իր չլինելիությանը, թուրքին չկրակելուն, սեփական տարածքում գերի ընկնելուն, ռուսական զրահաբաճկոններ հագնելուն՝ հայկական կամուֆլյաժի վրայից:

Բայց, եթե ոմանց թվում է, թե ամեն ինչ սրանով ավարտվելու է, ապա՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը կառավարություն ձևավորելուց հետո սկսելու է քրեական գործերով կամ ճնշման այլ մեթոդներով վախեցնել իրեն ձայն բերած գեներալներին, որ իրար դեմ, կամ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեմ ցուցմունք տան, որպեսզի պատերազմում բանակի «միանձնյա» մեղքը լեգիտիմացնի, իր՝ գերագույն հրամանատարի գործած, բայց գեներալների լռության շնորհիվ չապացուցած մեղքն էլ օրենքով սրբագրի:

Հավատացեք, զինվորականների դեմ ցուցմունքներ տվող զինվորականներ կգտնվեն, այնպես, ինչպես գտնվեցին Օնիկ Գասպարյանի հայրենի գյուղում՝ Աչաջուրում, Նիկոլ Փաշինյանին հաղթական ձայներ բերածներ, և ոչինչ, որ իրենց համագյուղացուն Փաշինյանը թշնամի է հայտարարել, կարևորը, որ Փաշինյանը չի պատժել Իջևանում այն պայմանագրայիններին, որոնց «նավոդկով» իրենց իսկ հարազատները փակել էին ավտոբուսի դիմացը, որ նրանք պատերազմի օրերին Արցախ չմեկնեն: Եվ ոչինչ, որ Փաշինյանի որդու փրկության օպերացիային Իշխանաձորի հատվածում զոհ գնացին Իջևանի գնդի սպաներն ու ժամկետայինները, իսկ դասալիք պայմանագրայինները կշարունակեն ապագա ունենալ…

Տեսանյութեր

Լրահոս