«Ինձ համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը օժանդակում է Փաշինյանին՝ վերահաստատելու իր իշխանությունը»․ Տիգրան Սարուխանյան

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին տաս օրերի ընթացքում ինձ համար առնվազն պարզ դարձավ, որ Ադրբեջանը ամեն կերպ օժանդակում է Փաշինյանին՝ վերահաստատելու իր իշխանությունը։ Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Պատասխանը շատ կարճ ու տրամաբանական է։ Այն հանգամանքը, որ վերջին տաս օրերի ընթացքում ՀՀ սահմանների երկայնքով որևէ միջադեպ չգրանցվեց, ինչն անբնական է, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հանգստությունը ունի քաղաքական և հեռու գնացող ենթատեքստ։

Ալիևը շատ լավ գիտակցում է, որ նախքան ընտրությունները ՀՀ սահմանների նոր խախտումները և անարգելք ՀՀ տարածքում ամրապնդվելը էլ ավելի կխաթարի Նիկոլ Փաշինյանի թուլացող դիրքերն ու օրեցօր նվազող վարկանիշը։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ եթե անգամ Փաշինյանը սեփականաշնորհի իր իշխանությունը և ռեպրեսիաների միջոցով կարողանա մնալ իր աթոռին, միևնույն է, այդ իշխանությունը վաղ թե ուշ հեռանալու է։ Պատմության մեջ գոյություն չունի այնպիսի իշխանություն, որին հաջողվել է պատերազմը տանուլ տալուց հետո վերարտադրվել։

Պատմությունը այդպիսի իշխանություններին միշտ է գերեզման ուղղարկել՝ պարգևելով միայն նզովք ու անեծք։

Բայց անգամ, եթե Փաշինյանը կեղծիքների ու բռնաճնշումների միջոցով կարողանա պահել իշխանությունը, այդ մի քանի ամիսը Ալիևի համար բավարար է կյանքի կոչելու իր երազանքը՝ Հայաստանի օկուպացումն ու պետականության ոչնչացումը։

Սա է այն գլխավոր պատճառը, թե ինչու են ադրբեջանցիները վերջին երկու շաբաթներին հարաբերականորեն հանգիստ։ Այդ հանգիստը, սակայն, կտրուկ կխաթարվի հունիսի 21-ից սկսած։

Չե՞ք հավատում։ Սպասեք ևս մի քանի օր և կհամոզվեք հարաբերական հանգստի խաթարման, գուցե նաև զգալի տարածքների կորստյան փաստերով»։

Տեսանյութեր

Լրահոս