Եթե ապագա կա այս իշխանության հետ, ինչո՞ւ են մարդիկ գնում երկրից
Նիկոլ Փաշինյանի «կառուցած» Հայաստանում մարդիկ ապագա չեն տեսնում։ Ապագա ունեցող երկրից սովորաբար չեն գնում՝ վերադառնում են։ Բայց մեր մոտ հակառակն է՝ մարդիկ գնում են։
Գնում են, որովհետև նույնիսկ ներկան է վտանգված։ Ի՞նչ ապագայի մասին կարող է խոսք լինել մի իշխանության հետ, որը քանդել է երկիրը, խաթարել է երկրի անվտանգությունը, հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել, տնտեսությունը կանգնեցրել է կոլապսի առաջ, երկիրը թաղել է պարտքերի մեջ ու այսքանից հետո դեռ ապագայից է խոսում։
Նախկինում էլ էին գնում Հայաստանից։ Բայց ոչ նրա համար, որ վտանգված էր երկրի անվտանգությունը։
Այսպիսի պայմաններում բնական չէ՞, որ ինչքան էլ իշխող քաղաքական ուժը հայտարարի, թե ապագա կա՝ միևնույն է, դա չի կարող հավատ ներշնչել։ Հայտարարություններով չէ, որ ապագա են կառուցում։
Երեք տարվա մեջ խորտակել են ապագայի բոլոր հույսերը։ Մարդիկ տեսնում են, թե մինչև հիմա ինչի են հասել Նիկոլ Փաշինյանի խոստացած «լուսավոր Հայաստանում», որ այսուհետ ինչի պիտի հասնեն։
Սա է պատճառը, որ մարդիկ հեռանում են երկրից։ Գնում են ոչ միայն արտագնա աշխատանքի հույսով, այլև չվերադառնալու մտադրությամբ։
Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանում ապագա չկա։ Չկան անվտանգության տարրական երաշխիքներ։ Երկրի դարպասները բացել են թշնամու առաջ, մի կողմ քաշվել ու դեռ ապագայից են խոսում։
Խոստանում էին մեծ հայրենադարձություն ապահովել, բայց նույնիսկ նրանք, ովքեր իրենց համարում էին «հեղափոխության» նվիրյալներ, չվերադարձան Հայաստան։ Ովքեր էլ վերադարձան, շատ արագ հիասթափվեցին ու կրկին հեռացան։ Հիմա առավել ևս անիմաստ է խոսել հայրենադարձության մասին։
Նիկոլ Փաշինյանի խոստացած մեծ հայրենադարձությունն այդպես էլ չկայացավ։ Փոխարենը՝ սկսվել է արտագաղթի նոր ալիք։
Միայն տարվա առաջին 5 ամիսներին 78 հազարով ավելի շատ մարդ է մեկնել Հայաստանից, քան վերադարձել։
Փետրվարին երկիրից գնացել է 58 հազար մարդ։ 26 հազարով ավել, քան եկել է։ Մարտին գնացել է 74 հազար, եկել՝ 42 հազար։ Ապրիլին գնացողների թիվը 17 հազարով ավել է եղել եկողներից։ 5 ամսում մեկնողների ու ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմել է 78 հազար։
Դժվար է հիշել, թե վերջին անգամ, երբ է արտագաղթի տեմպն այսքան բարձր եղել։
Ու սա դեռ միայն սկիզբն է։ Սովորաբար արտագաղթի առաջին փուլին հետևում է երկրորդը, երբ տանում են նաև ընտանիքի անդամներին։
Միայն թե պետք չէ ասել, որ գնում են արտագնա աշխատանքի ու կրկին հետ են գալու։ Արտագնա աշխատանքի Հայաստանից միշտ էլ գնացել են, բայց այսպիսի տեմպեր վաղուց չէր եղել։
Արտագաղթի տեմպերը արագանում են, երբ երկրում իրավիճակը վատանում է։
Ասել, որ այսօր Հայաստանում իրավիճակը վատ է, նշանակում է՝ ոչինչ չասել։
Մեկնողների մի մասը, անշուշտ, հետ է գալու։ Ներսում գործ չկա, ու շատերը փորձում են իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները լուծել դրսում։ Նրանք գնում են, որովհետև աշխատելու ու ապրելու պայմաններ չկան։
Թող Նիկոլ Փաշինյանը որքան ուզում է աշխատատեղերի ռեկորդային աճերից խոսի։ Միևնույն է, գործազրկության մակարդակը Հայաստանում ինչպես եղել է բարձր, այդպես էլ շարունակում է բարձր մնալ։
Էական չէ, թե ինչ կասեն պաշտոնական ցուցանիշները, մեր երկրում խորանում է աղքատությունը։ Աշխատատեղ չկա, ու մարդիկ չեն կարողանում հոգալ իրենց նվազագույն սոցիալական պահանջները։ Նույնիսկ աշխատանք ունեցողներն են գնում, որովհետև համատարած թանկացումների պայմաններում չեն կարողանում ապրել ստացած չնչին աշխատավարձերով։
Իսկ դա իշխանություններին քիչ է մտահոգում։ Նրանք զբաղված են իրենց քաղաքական ապագայով։ Քաղաքացուն հիշում են, երբ նրա քվեի կարիքը կա։ Իրենց ապիկարությամբ փոշիացրել են նախկինում տրված վստահության քվեն, հիմա եկել, կրկին վստահության քվե են ուզում, ապագայից են խոսում, երբ այդ ապագան թաղել են անցյալում։
Շատերն էլ սպասում են ընտրություններին։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին են լինելու արտագաղթի տեմպերը, եթե տեղի ունենա իշխանության վերարտադրություն։ Այն իշխանության, որը երկրի անվտանգությունը հավասարեցրել է հողին և ոչինչ չի անում կամ ի վիճակի չէ անել վերականգնելու համար։ Ամեն օր հասարակությունը տհաճ անակնկալների է բախվում։ Բայց այդպես էլ դրա վերջը չի երևում։
Թշնամուն բերել են նստացրել բնակավայրերի գլխին ու մարդկանց թողել բախտի քմահաճույքին։
Եթե ոչ այսօր, ապա վաղը սա բերելու է նոր արտագաղթի։ Ինչքա՞ն կարող են մարդիկ անպաշտպան, ահ ու դողով ապրել թշնամու թիրախի տակ։
Հինգ ամսում Հայաստան է եկել 247 հազար, մեկնել է շուրջ 325 հազար մարդ։ Խոսքը միայն օդային տրանսպորտով մեկնածների մասին է։
Մինչև վերջերս ցամաքային ճանապարհը փակ էր, ու դա զսպում էր արտագաղթի տեմպը։ Հիմա դա էլ է բացվել։ Հունիսի 1-ից Վրաստանը թույլատրել է իր տարածքով քաղաքացիների անցումը, ինչն արագացնելու է արտագաղթի տեմպը։ Հայտնի է, որ ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ շատերը գնում են ցամաքային տրանսպորտով։
Արտագաղթի նոր ալիքը, որին այսօր բախվել է մեր երկիրը, չի կարող մտահոգիչ չլինել։ Մեծացել է գնացողների ու վերադառնալու մտադրություն չունեցողների հոսքը։ Ավելացել են ապագայի հետ կապված բացասական սպասումները. մարդիկ կորցրել են հույսը ապագայի նկատմամբ, չեն պատկերացնում իրենց ապագան այս իշխանության ու նրա կողմից տրված դատարկ խոստումների հետ։ Դրա համար էլ ուզում են գնալ։
Թե մինչև ո՞ւր կհասնի արտագաղթի ալիքը, կերևա ընտրություններից հետո։ Շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին, որպեսզի որոշեն իրենց անելիքները՝ մնա՞ն, թե՞ գնան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ