«Լենա Նազարյանը խոստովանում է, որ այս իշխանություններին առհասարակ չի հուզում գերիների խնդիրը». Էդգար Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի համար այդքան էլ զարմանալի չէ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ։
«Կարծում եմ՝ նման հիմարություններ երկնելը Լենա Նազարյանի և առհասարակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների պարագայում շատ սովորական երևույթ է։ Այստեղ կարելի է օբյեկտիվ համարել միայն այն, որ Լենա Նազարյանը լինելով բարձրաստիճան պաշտոնյա, խորհրդարանական երկրի խորհրդարանի փոխնախագահ, այս ժամանակահատվածում անգամ ինքն է հասկացել, որ մեր երկիրը գտնվում է կատարյալ անիշխանության մեջ, որ գոյություն չունի պետական իշխանություն, որը կզբաղվի իր մեղքով ճակատագրի նման ծանր բեռի տակ հայտնված մեր քաղաքացիների խնդիրներով»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ հավանաբար Լենա Նազարյանը չգիտի, որ կառավարությունում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, գոյություն ունի պետական հանձնաժողով, որը զբաղվում է և որի պատասխանատվության տակ է գերիների և անհետ կորած քաղաքացիների վերադարձի հարցերը։
«Լենա Նազարյանը հավանաբար չգիտի, որ մեր հայրենակցուհի, Լիբանանի քաղաքացի Մարալ Նաջարյանին ազատ է արձակել ոչ թե Լիբանանի հասարակական և մշակութային հանրությունը, այլ Լիբանանի կառավարությունը։ Եվ միայն այն պարագայում, որ Լիբանանը պետություն է և ունի կառավարություն, կարողացան իրենց քաղաքացուն հետ բերել գերությունից։ Իսկ Հայաստանը կառավարություն, իշխանություն չունի, կան արկածախնդիրներ, սրիկաներ և դավաճաններ, որոնք ուղղակի իշխանական լիազորություններով են օժտված։ Լենա Նազարյանը խոստովանում է, որ այս իշխանություններին առհասարակ չի հուզում գերիների խնդիրը, և սա այնքան պարզ է։ Մեր իշխանությունը գերիների խնդիրը բարձրաձայնել է միայն այն ժամանակ, երբ նրանց հարազատները բունտ են բարձրացրել։ Երբ Բաքվից դատարկ ինքնաթիռ վերադարձավ, դրա մասին 3-4 օր խոսեցին, հենց հանրային դժգոհության այդ ալիքն անցավ, իրենց մոտ էլ պասիվություն եղավ։ Դրա համար իրենք ցանկացած խնդիր պատրաստ են բարդել ցանկացած մարդու վրա, որովհետև իրենք որպես իշխանություն՝ գոյություն չունեն, բայց նորից հավակնում են իշխանության»,- հավելեց Է. Ղազարյանը։
Հարցին՝ այս հայտարարությունն արդյո՞ք մեսիջ չէ հանրությանը, որ իշխանությունից ձեռք քաշի, քանի որ իրենք գերիների հարցը չեն լուծելու, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ փաստացի այդպես էր, և դա հասկանալու համար պարտադիր չէ, որպեսզի Լենա Նազարյանը երկներ հերթական հիմարությունը։
Միաժամանակ նա շեշտեց, որ ներկայիս իշխանություններն առհասարակ ի վիճակի չեն զբաղվելու գերիների հարցով, ընդ որում, սա ոչ թե լրացուցիչ պահանջ է, այլ այդ հարցն ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 8-րդ կետում, որը պետք է կատարված լիներ նոյեմբերի 10-ին։
«Մինչև Քարվաճառը, Բերձորը, Ակնան Ադրբեջանին հանձնելը, առաջին հարցը, որը պետք է լուծեին՝ գերիների հարցն է, որովհետև այն հումանիստական, մարդու կյանքի, առողջության, արժանապատվության հարց է։ Եթե նկատել եք, այդ եռակողմ հայտարարության մեջ գերիների հարցը միակ հարցն է, որտեղ ժամկետներ չի սահմանվում։ Իսկ ժամկետներ չնշելը նշանակում է, որ հարցը ոչ թե պետք է ձգձգվեր 7 ամիս, այլ՝ պետք է լուծվեր անհապաղ»,- նշեց նա։
Նա հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ գերիներն իրենց կներեն 1-2 ամիս ավելի Բաքվում մնալու համար, ընդգծելով, թե Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞, որ այդ գերիներից 19-ն արդեն խոշտանգումներով սպանվել են, իսկ 14-ը Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանով ներկայացվել են դատավարության։
Հիշեցնենք՝ հունիսի 9-ին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում արել է այնպիսի հայտարարություն, որ գերիների հարցերով պետք է զբաղվեն և նրանց Ադրբեջանից պահանջեն լրագրողական, փորձագիտական, գիտական, ակադեմիական համայնքները։ Այսպիսով՝ երբ հաղորդավարը Լենա Նազարյանից հետաքրքրվում է, թե ինչո՞ւ գերիների հարցը չի լուծվում, Լենա Նազարյանն արձագանքում է. «Իսկ գուցե Ադրբեջանից ավելի շատ պահանջ ներկայացվի»։ Հաղորդավարը հետաքրքրվում է՝ ո՞վ պահանջի, ո՞վ պահանջի Ադրբեջանից, ինչին ի պատասխան՝ Լենա Նազարյանն ասում է. «Մեր հանրությունը, իշխանության ներկայացուցիչները»։ Իսկ երբ հաղորդավարը զարմացած հարցնում է, թե մեր իշխանությանը թողած՝ Ադրբեջանի՞ց պահանջենք, ԱԺ փոխնախագահը պատասխանում է. «Մե՞նք ենք պատանդ պահել, մենք էլ Ձեզ պես, բոլորի նման պահանջում ենք»։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է պահանջել Ադրբեջանից, Լենա Նազարյանը պատասխանում է. «Դուք էլ ունեք խոսք ասելու հնարավորություն, լրագրողական, փորձագիտական համայնքը, գիտական ու ակադեմիական համայնքները, ինչո՞ւ չի խոսում, հասարակական համայնքը։ Հիմա աշխարհը շատ գլոբալ է, մենք բոլոր երկրներում ունենք գործընկերներ, անդամակցում ենք այլ… Ի՞նչն է խանգարում, որ Կառավարության հետ համատեղ այդ քայլերը գործադրեն բոլորը, բոլոր հանրույթները, իհարկե, մենք ունենք լրացուցիչ աջակցության կարիք»: