Ժողովուրդը պողպատե մանդատով կտա Փաշինյանի գլխին, իսկ Ազգային ուժերը կտանեն 50+1-ը. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանի գործը մշտապես եղել է ճղճղալը, սուտ խոսելն ու շանտաժը, և քարոզարշավի այս չորս օրերը ասվածի վառ ապացույցն են՝ ուղեկցված հոգեվարք ապրող մարդու մոտ հաճախակի նկատվող սրացումներով։

Երեկ Գյումրիի հանրահավաքն էլ հենց այդ սրացումների ապացույցն էր, որտեղ, ի տարբերություն 2018 թվականի 10 հազարանոց հանրահավաքի, հավաքված էր մի քանի հարյուր հոգի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ամփոփելով քարոզարշավի չորս օրերը, նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ շարունակելով.

«Կապիտուլյանտի վարկանիշի գահավիժմանը նպաստեց նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից խոստացված ձայնագրության հրապարակումը։ Նորմալ հայ մարդը այդ ձայնագրությունից հետո պետք է թքի Փաշինյանի երեսին, որովհետև նա իրեն դրել է գժի տեղ ու մեր պետականությունը տարել կործանման։ Փաշինյանի վրա դրված ժամը լրացավ, և նա չկարողացավ ներկայացնել մեկ ապացույց, որ Սերժ Սարգսյանը խաղացել է ինչ-որ խաղատներում, քանի որ փաստ չի ներկայացրել, հետևաբար, Փաշինյանը քաղաքական մուտիլովշիկ է։ Ձայնագրությունում նաև ասում է, որ նույնիսկ Պուտինն է ասում, որ Ալիևը հասկանում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետևաբար, Պուտինը ասել է այս կապիտուլյանտին, որ Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթով Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում։ Հաջորդը՝ իրեն գժի տեղ դրած կապիտուլյանտը հետևողականորեն է փչացրել հայ-ռուսական հարաբերությունները՝ ապրիլյան պատերազմի մեջ մեղադրելով Ռուսաստանին, իսկ վերջում իրեն գժի տեղ է դրել, տապալել բանակցային գործընթացը, ինչի պատճառով մենք ունենք 5000 զոհ, 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ հրապարակված ձայնագրությունը՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին սպառման համար էր։

«Փաշինյանը ոչ միայն իրեն, այլ նաև Պուտինին է գժի տեղ դրել, համանախագահողներին է դրել գժի տեղ։ Դրա հետևանքը եղավ բանակցային գործընթացից Հայաստանի իզոլյացումը, միջազգային արենայում ոչ ոք Հայաստանին լուրջ չվերաբերվեց»,- ասաց Շարմազամովը՝ կոչ անելով հայ ժողովրդին՝ պատժել այս իշխանությանը՝ քվե չտալով Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին։

Ըստ Շարմազանովի՝ պետական ամբողջ համակարգը պետք է գիտակցի, որ Փաշինյանը բոլորից էլ հրաժարվելու է։

«Չհասկացաք, որ սաղիդ էլ մի օր ռադ է անելու, տղերք, բոլորիդ փուռն է տալու, սրա համար սրբություն չկա։ Օնիկ Գասպարյանը թևերը փռել էր Փաշինյանի վրա, բունկերում էր պահում, բոլորիս հետ հանդիպումներին էլ ասում էր՝ քաղաքացիական ընդվզում չլինի, լարում չլինի։ Տիրան Խաչատրյանին էլ տվել են Ազգային հերոսի կոչում, հետո կանգնել ասել՝ վախկոտ գեներալներ։ Տղե՛րք, չհասկացա՞ք, որ սրան ծառայելով՝ ծառայում եք Հայաստանի ադրբեջանացմանը»,- ասաց Շարմազանովը։

Նա վստահեցրեց՝ Փաշինյանը սեփական անձը փրկելու համար գնալու է ամեն ինչի՝ երկիրը փորձելով տանել նաև քաղաքացիական բախումների։

«Ինքը տեսնում է, որ իր վարկանիշը գահավիժում է, քաոս է ստեղծում ու փորձում ընտրապայքարը տանել քաոսային ճանապարհով։ Նա աղմկում է, իսկ մենք բովանդակություն ենք տալիս։ Որքան մոտենանք ընտրական քարոզարշավի մարաթոնի ավարտին, նա փորձելու է տանել երկրը բախումների, բայց ազգային ուժերը դա թույլ չեն տալու։ Հիմնական ընդդիմադիր ուժերը 50+1 տանելու են, իսկ Փաշինյանը, քանի որ այդ թվից շատ հեռու է, փորձելու է գնալ քաղաքացիական բախումների։ Նա աթոռից հենց այնպես գնացողը չէ, նա Սահակաշվիլին չէ, որ շնորհավորի Իվանիշվիլիին ու ընդունի իր պարտությունը։ Նա պարտություն ընդունողը չի, բոլորին փուռը կտա, հետևաբար՝ հունիսի 20-ին պետք է պատմության աղբանոցն ուղարկել Փաշինյանին, իսկ ժողովուրդը պողպատե մանդատով կտա Փաշինյանի գլխին»,- խոսքը եզրափակեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս