«Սա այն ահազանգն է, որտեղ պետք է մենք կանգնենք-ասենք՝ ստոպ»․ Ռոբերտ Քոչարյան
Այսօր մեկնարկել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: «Հայաստան» դաշինքի մի շարք ներկայացուցիչներ հանդիպումներ են անցկացնում Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում:
«Փորձում էի հիշել՝ մինչև այստեղ գալը ե՞րբ եմ վերջին անգամ եղել Ագարակում․ Հիշել եմ, թեկուզ շատ վաղուց է եղել, և անցած անգամ ագարակցիների դեմքին գրեթե ժպիտ չկար, կոմբինատը փակ էր, Ագարակը պրոբլեմներում խրված էր, և իմ առջև մեկ խնդիր էր կանգնած՝ անել ամեն ինչ, որ լեռնահանքային արդյունաբերությունը Սյունիքում ընդհանրապես և Ագարակում տեղից շարժվի, դառնա զարգացման հիմնական ուղղություններից մեկը։ Ինչպես տեսնում եք՝ հաջողվել է»,- Ագարակ քաղաքի մշակույթի տանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը նշեց, որ քաջ գիտակցում է՝ դեռ անելիքները շատ են, բայց մինչև տեղական հարցերին անդրադառնալը՝ խոսեց ժողովրդին հուզող ընդհանուր հարցերի մասին․ «Մինչև քարոզարշավը բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին ժողովրդին հուզող երկու հիմնական հարցեր․ առաջինը՝ անվտանգությունն է իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, այսօր բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի էական աճ, և երկրորդ խումբ հարցերը կապված են տնտեսական իրավիճակի հետ։ Քանի որ լեռնահանքային ոլորտը լավ է զարգանում, գուցե այդ հատվածը դուք ձեզ վրա շատ չեք զգում, բայց, ընդհանրապես, երկրում տնտեսական վիճակը գահավիժում է․ ունենք խորը անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ․ չորս ամսում՝ 80 հազար մարդ․ բացասական սալդոն է մեր միգրացիայի։ Այսպիսի ցուցանիշներ ՀՀ-ում չեն եղել վերջին 25 տարում»։
«Սա ահազանգ է, որ մենք բոլորս ինչ-որ բան պետք է անենք, և սա այն վիճակն է, երբ ձեզանից յուրաքանչյուրն այդ անելիքն ունի հունիսի 20-ին․ կանգնեցել այս վիճակը, փոխել այն մարդկանց, այն քաղաքական թիմը, որը երկիրը հասցրել է այս իրավիճակին, և ընտրել նրանց, ովքեր, ձեր կարծիքով, ի վիճակի են երկիրն այս փոսից, այս ճգնաժամից հանել։
Հասկանում ենք, որ կան բազմաթիվ այլ քաղաքական ուժեր՝ նոր, հին, կան նաև բավական էկզոտիկ թեկնածուներ և ուժեր, բայց սա այն է, ինչ կա, և դուք եք ընտրելու, և մենք դիմում ենք ձեզ և ձեզ ասում ենք, որ մենք այն ուժն ենք, որն ունի փորձ, ունի գիտելիքներ, որն արդեն երկու անգամ՝ մեկ անգամ՝ Ղարաբաղում, և մեկը՝ Հայաստանում, ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել, և եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու, և մենք գնալու ենք դեպի ուժեղ Հայաստան։
Այդ շրջադարձը ձեզանից ամեն մեկի ձեռքում է․ ակնկալում ենք ձեզանից՝ հունիսի 20-ին շատ վճռական տրամադրությամբ գնալ տեղամասեր և քվեարկել համար 24 քվեաթերթիկի համար․ 24-ն էլ սիմվոլիկ է՝ օրը ունի 24 ժամ, և մենք պատրաստ ենք աշխատել 24 ժամ»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով տեղական հարցերին՝ նա նշեց, որ համայնքի ղեկավարի հետ քննարկումներ են ունեցել, ապա առանձնացրեց համայնքում առկա խնդիրներն ու համայնքի հնարավորությունները․ «Ինչպես հասկացա՝ դուք կարող եք ունենալ գյուղատնտեսական արտադրանքի շեշտակի աճ, եթե ունենաք կայուն ոռոգման համակարգ․ մենք պետք է փորձենք անել ամեն ինչ, որ և՛ Ագարակը, և՛ Մեղրին, տվյալ դեպքում՝ Ագարակը, կախված չլինի միայն լեռնահանքայինից, այլ հնարավորություն կունենաք նաև կանխատեսելի և շահութաբեր գյուղատնտեսական գործունեություն ծավալել։ Մենք տեսնում ենք տուրիզմի զարգացման շեշտակի աճի հնարավորություն այստեղ։ Ինձ նույնիսկ հետաքրքիր էր՝ ասացին, որ երեք անգամ բացել են Ազատ տնտեսական գոտին․ չորրորդ անգամ չենք բացելու և եթե բացենք, ուրեմն վերջնական է լինելու։ Ուղղակի սա այն հարցն է, որի շուրջ պետք է լրջագույն քննարկումներ ունենանք»։
«Նաև՝ ես ինքս կբարձրացնեմ մեկ հարց, որը համոզված եմ՝ ձեր բոլորիդ մտքում պետք է անընդհատ պտտվի, պետք է ասեք՝ սա այն Քոչարյանը չէ՞, որ արդեն 15 տարի է՝ Մեղրին հանձնում է, հանձնում է, և էդպես էլ չհանձնեց։ Կա այդպիսի ինչ-որ հակաքարոզչությամբ մարդկանց ուղեղների մեջ սրսկված այդպիսի մի թեզ․ մի՛ հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողներն այս իշխանություններն են, որոնք անընդհատ խոսում էին տարբեր հաճելի գաղափարների մասին, բայց իշխանությունը ստանձնելուց հետո սկսել են հետևողական քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը, և որի հետևանքով մենք ունեցանք մեծ տարածքային կորուստներ, և այսօր ինձ մեղադրողները քննարկում են Մեղրիի միջանցքի մասին։ Իրականությունը սա է,- հավելեց Երկրորդ նախագահը, ապա ներկայացրեց կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ իրենց դիրքորոշումը,- Ես կցանկանամ՝ այստեղ բոլորը շատ ճիշտ հասկանան, որ դաշինքը, մենք, այո՛, կոմունիկացիաների բացման կողմնակից ենք, և նորմալ չէ, եթե ասենք, որ մենք դեմք ենք՝ երկաթուղին աշխատի, ճանապարհներն աշխատեն, բայց ինձ շատ է մտահոգում այդ «միջանցք» բառը, որովհետև ես գիտեմ՝ ինչ է Ադրբեջանը հասկանում «միջանցք»-ի տակ, ես գիտեմ՝ ինչ է Թուրքիան պատկերացնում «միջանցք»-ի տակ, և եթե «միջանցք»-ի մասին խոսում են միակողմանի՝ միայն Հայաստանի տարածքով, այլ ոչ թե ընդհանրապես՝ մեկը մյուսի համար միջանցքներ բացի, սա այն ահազանգն է, որտեղ պետք է մենք կանգնենք-ասենք՝ ստոպ, հասկանանք՝ դուք ի՞նչ նկատի ունեք՝ «միջանցք» ասելով։
Իրենց պատկերացմամբ՝ սա նշանակելու է ՀՀ սուվերենության որոշակի սահմանափակումն այդ միջանցքի վրա, և իրենց ազդեցության ինչ-որ լծակների ֆիքսումը այդ միջանցքների վրա․ այ սա անթույլատրելի է։ Հետևաբար, մենք ասում ենք, որ՝ այո՛, բոլոր ճանապարհները ճիշտ է, որ բացվեն, մենք կողմ ենք, և այդ ճանապարհների բաց լինելուց օգտվելու են բոլորը․ ժամանակակից աշխարհում բլոկադաները լավ երևույթ չեն, բայց սրանից ոչ ավել, որովհետև ավելը պրոբլեմային է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հեռահար նպատակներն ուրիշ են․ սկզբից ասելու են՝ «միջանցք», հետո ՝մի քիչ ավել, հետո ունենալու ենք լրջագույն անվտանգության խնդիրներ այս տարածաշրջանում ապրող բնակիչների համար․ սա է այս հարցի վերաբերյալ մեր պարզաբանումը»։
Մանրամասները՝ տեսանյութում