«Ես նայում եմ իմ շուրջը, քաղաքում, հայրենիքում մթնոլորտն այնպիսին է՝ կարծես մեզ հետ ոչինչ չի պատահել»․ Ջիվան Ավետիսյան
«Ֆիլմը բազմաշերտ է, պատմության գլխավոր հերոսները չորսն են, բայց բոլորը միացված են մեկ ընդհանուր խմորով, մեկ ընդհանուր դրվագով․ դա պատերազմն է»,- 168.am-ի հետ զրույցում Արցախի վերաբերյալ նոր՝ «Վերածնվածը» ֆիլմի մասին է պատմում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։
Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2018 թվականին․ այն պետք է անդրադառնար Արցախյան քառօրյա պատերազմին, սակայն 44-օրյա պատերազմը փոխել է պլանները։
«Արդեն շուրջ 2.5 տարի է՝ աշխատում ենք կոնցեպտի զարգացման, սցենարի վրա,- ասաց Ջիվան Ավետիսյանը, ապա բացեց փակագծերը, թե սցենարական ինչ լուծումներով են հաղթանակներից հետո ֆիլմում հաղթահարել 44-օրյա պատերազմի պարտության ծանր հարվածը։ -Կարևոր է, որ պատերազմն իր դաժանություններով ու ցավով, թողած հետևանքներով՝ ներկայացվի ֆիլմում, որպեսզի և՛ ազնիվ լինենք, և՛ կարողանանք մեր ֆիլմով իսկապես բան փոխել, ես կարծում եմ, որ մենք իրապես վերածննդի կարիք ունենք»:
Նա հավելեց, որ այս պատերազմում տեսածը, նկարահանած բազմաթիվ կադրերը տեղ կգտնեն «Վերածնվածը» ֆիլմում, որի արտադրության փուլի աշխատանքների համար կազմակերպված դրամահավաքի առաջին փուլը կայացել է․ Kickstarter հարթակում, 60 oրում շուրջ 61 hազար դոլար են նվիրաբերել աշխարհի տարբեր ծայրերից։ Այժմ շարունակվում է crowdfunding-ի արշավը Indiegogo InDemand հարթակում, վերջնական նպատակին՝ 100.000 դոլարին հասնելու համար․ «Այս crowdfunding-ով մեր մենք հասել ենք արդեն մեր երեք կարևոր նպատակներին՝ գոյացնելով 61.000 դոլարը՝ Kickstarter հարթակում, իսկ վերջնական նպատակին՝ 100.000 դոլարին հասնելուց հետո կկարողանանք դիմել միջազգային և տեղական ֆոնդերին, ներառյալ՝ ՀՀ ազգային կինոկենտրոնի աջակցությանը, որը, կարևոր դերակատարություն կունենա ֆիլմի կայացման գործում։
Մինչ օրս դրամահավաքի արշավի ընթացքում աջակցել են մարդիկ, ովքեր հավատացել են իմ նախորդ ֆիլմերի հաջողությանը, ովքեր վստահում են մեզ, մեր գործունեությանը, ովքեր հավատում են նաև այս ֆիլմի ճշմարտացիությանն ու հաջողությանը․ ընկերներ, ծանոթներ, գործընկերներ, կազմակերպություններ։ Ես հույս ունեմ, որ այս թիվն առաջիկայում կավելանա, կաճի, և կկարողանանք միասնական ուժով և ջանքերով ստեղծել «Վերածնվածը» կինոնախագիծը»։
Դերասանական կազմի մասին կինոռեժիսորը հայտնեց, որ այժմ բանակցում են նաև Եվրոպայի մեծանուն դերասանների հետ, սակայն անուններ չի շտապում հնչեցնել՝ նկատելով․ «Նախկինում փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը, իմանալով օտարերկրացի հայտնի մարդկանց ներգրավվածության մասին, փորձում է ճնշում գործադրել նրանց վրա։ Ինչպես նախորդ ֆիլմերում, այս անգամ ևս դերասաններ կունենանք թե՛ Հայաստանից, և թե՛ Սփյուռքից, նաև՝ օտար դերասաններ»։
Ջիվան Ավետիսյանն իր ֆիլմերով ամեն անգամ նորից ու նորից վերադառնում է տուն՝ Արցախ, նշում է՝ կապն Արցախի հետ երբեք չի կորցրել․ «Մայրս, քույրս, հարազատներս այնտեղ են, միայն ես, կինս ու երեխաներս ենք այժմ Երևանում։ Ես լավ գիտեմ, թե Արցախում ամեն բացվող առավոտ ինչ է զգում երեխան, գիտեմ ամեն գիշեր սահման դառած գյուղում քնող ընտանիքի հոր մտահոգությունը։ Մեր գյուղը՝ Խաչմաչը, երբեք սահման չի եղել, բայց այսօր, ցավոք, սահման է դարձել, և այս սխալներն է, որ պետք է շտկի եկող սերունդը։ Ցավոք սրտի, մենք իրենց լավ բան չժառանգեցինք։
Մենք չենք գիտակցում, թե մեզ հետ ինչ է կատարվել․ ամսի 9-ից հետո իմ թիմի հետ գիշեր-ցերեկ աշխատում ենք, որպեսզի ստեղծենք ոչ թե պատերազմի մասին մեկ ֆիլմ, այլ մի քանի ֆիլմեր, որովհետև մենք իսկապես բաց ունենք այն կարևոր շերտի, որը, օրինակ, մեզ կբացատրի, թե ինչու այս օրն ընկանք, թե ինչու ենք հիմա մենք այսպես մասնատված և անգիտակից վիճակում։ Իսկապես, ես նայում եմ՝ իմ շուրջը, քաղաքում, հայրենիքում մթնոլորտն այնպիսին է՝ կարծես մեզ հետ ոչինչ չի պատահել»։
Կինոռեժիսորը նշում է՝ թե ինչու այս օրն ընկանք հարցի պատասխանը իր ֆիլմերը կտան իր փոխարեն։ Նա հույս ունի, որ այդ հարցերի պատասխանները բացահայտելով՝ մենք կկարողանանք ապագայի պատերազմում հաղթող դուրս գալ։
«Սա գուցե ֆիլմ չլինի հաղթանակի մասին, այլ ինքնամաքրման, վերաարժևորումի»,- եզրափակեց Ջիվան Ավետիսյանը։