«Ադրբեջանը կհամաձայնի, թե կմերժի, դա բոլորովին այլ խնդիր է, բայց այդպես ձեռքերը լվանալ-կանգնել մի կողմ․․․»․ Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս հայտնեցին, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների «քրեական գործը վարույթ է ընդունվել»․ Բաքուն նրանց որակում է «դիվերսանտ»։ Ավելի ուշ տեղեկացանք, որ հունիսի 2-ին կայացել է հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի՝ միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործով դատական նիստը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշվում է․

«Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը:

Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, Ադրբեջանը ևս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները:

16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով»։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում թեմայի առնչությամբ նշեց․

«Ես պահանջում եմ մեր կառավարության պատկան մարմիններից, որ իրենք դեսպանների կամ սփյուռքի միջոցով շուտափույթ վարձեն դատապաշտպաններ, որոնք կկարողանան գնալ Բաքու և իրական դատապաշտպանություն իրականացնել։ Հիմա սա ի՞նչ է՝ ձեռքերը լվանալ ու կանգնել մի կողմ․ արդեն չեմ ասում, որ այսօր դատարանի առջև կանգնածների գերի ընկնելու պատճառը հենց այս իշխանություններն են։ Ինչպե՞ս է, որ այստեղից թույլ են տվել գնալ մեր այդ տղաներին, ինչպե՞ս է, որ նրանք նրանց գերեվարել են նոյեմբերի 9-ից հետո՝ այն տարածքներից, որոնք վերահսկվում են հայկական ուժերի կողմից։ Կարծում եմ՝ այդ հանցագործությանը գումարվում է նաև երկրորդը. սա՞ ինչ անտարբերություն է»։

Իրավապաշտպանը նշեց, որ Հայաստանում ևս կան դատապաշտպաններ, որոնք պատրաստ են ստանձնելու այդ առաքելությունը․

«Ադրբեջանը կհամաձայնի, թե կմերժի, դա բոլորովին այլ խնդիր է, բայց այդպես ձեռքերը լվանալ-կանգնել մի կողմ․․․»։

Դիտարկմանը, թե դատապաշտպանների ներգրավվածությամբ արդյոք չի՞ լեգիտիմացվի Ադրբեջանի իշխանությունների մեկնարկած ապօրինի գործընթացը, Լարիսա Ալավերդյանն արձագանքեց․

«Ոչ, այդպես չեմ կարծում․ նախևառաջ հենց այդտեղ կարող են պարզաբանել՝ ինչ հիմքերով են նրանց դատում։ Այժմ դրա մասին օբյեկտիվորեն բարձրաձայնելու միակ միջոցը այդտեղ մասնակցելն է, որովհետև եթե մենք անգամ փորձ չենք անում նման քայլերով հանդես գալ, նշանակում է՝ քիչ է, մենք թողել ենք իրենց անպաշտպան այդ գյուղերում, հիմա էլ անպաշտպան ենք թողնում դատարանում»։

Խոսելով Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների գործողությունների մասին՝ իրավապաշտպանը նկատեց, որ դա պայմանավորված է ոչ թե իշխանությունների անգործությամբ, այլ նրանց կողմից ադրբեջանաթուրքական ծրագրերն իրականացնելու միտումով․

«Մենք բոլորս շարունակում ենք իշխանությունների գործողությունները որպես անգործություն բնութագրել, իսկ իրականում նրանք շատ ակտիվ գործում են հօգուտ Ադրբեջանի և թուրքադրբեջանական ծրագրերի․ Այն է՝ Հայաստանն ամբողջովին հայաթափել, կամ հնարավորինս շատ մարդկանց ոչնչացնել, ահաբեկել, հոգեբանական այնպիսի ճնշման ներքո պահել, որ չկարողանան ապրել այդ տարածքներում, և «հոժարակամ լքեն այդ տարածքները։

Ես հիշեցնեմ, որ այդպիսի պայմանների ստեղծումը Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի համար կոնվենցիայի 2-րդ հոդվածի 4-րդ կետն է։ Սա ցեղասպանական գործողություն է, և Հայաստանի իշխանությունները, կրկնում եմ, անգործության չեն մատնված․ նրանք ակտիվ աշխատում են հօգուտ այդ ցեղասպանական ծրագրերի իրականացման»։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր տեղեկացրել էր․

«Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են»:

Տեսանյութեր

Լրահոս