Գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ, որում ասված է․

«Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, Ադրբեջանը ևս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները:

16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով։

Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։

Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս:
Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի»:

Տեսանյութեր

Լրահոս