Եթե գնումների 40 տոկոսը մեկ անձից է կատարվում, և դու պնդում ես, որ հաղթահարել ես կոռուպցիան, սա նշանակում է ժողովրդին էշի տեղ դնել․ Գագիկ Մինասյան

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է «2020թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, արձանագրեց մի շարք խնդիրներ՝ գնումների ոլորտում արձանագրվել են տասնյակ անհամապատասխանություններ, 40%-ը մեկ անձից գնումներն են, պետական համակարգի գրեթե կեսում ներքին աուդիտ չի կատարվել, ծրագրային ֆինանսավորմամբ կատարված միջոցառումների 17.7 տոկոսի մոտ որևէ արդյունքային ցուցանիշ չկա և այլն։

ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ տեղեկացրեց, որ պետական պարտքի մակարդակը կազմել է 7 մլրդ 968 մլն ԱՄՆ դոլար։

«Այս թվից 7 մլրդ 509 մլն ԱՄՆ դոլարը կառավարության պարտքն է, իսկ մնացածը՝ Կենտրոնական բանկինը։ Կառավարության պարտքում արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 5 մլրդ 593 մլն ԱՄՆ դոլար, ներքին պարտքը՝ 1 մլրդ 915 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց նա։

168.amը 2020 թ․ բյուջեի կատարման, առկա տնտեսական միտումների վերաբերյալ մի քանի հարցադրումներ հղեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանին։ Վերջինս, սակայն, նկատեց, որ թեև առկա տնտեսական իրավիճակի մասին ասելիքը շատ է, բայց առավել կարևոր է երկրում տիրող անարխիկ վիճակը․

«Այս իշխանությունն ավելի վատ է վերաբերվում հայ ժողովրդին, քան թուրքը․ այդ երեխաներին, որ տարան կոտորեցին, ու հիմա նրանց մասունքները նման ստորացուցիչ ձևով են պահվում, դա ի՞նչ է նշանակում․․․ կամ՝ այն տեղեկությունը, որ փաստորեն բռնել են տեռորիստների, իսկ Նիկոլի զինակիցները պահանջում են, որ ազատ արձակեն․․․»։

Տնտեսական իրավիճակի, բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ընթացքում հնչեցրած դիտարկումների վերաբերյալ Գագիկ Մինասյանը նշեց․ «Այն, ինչ բոլորս ասում էինք, և մեզ մեղադրում էին, թե ընդդիմադիր ենք, դրա համար ենք ասում, այժմ Հաշվեքննիչ պալատի նախագահն է արձանագրում։

Եթե քո պետական գնումների 40 տոկոսը մեկ անձից է կատարվում, սա ուղղակի կոռուպցիա է, ուրիշ բան չէ։ Եթե գնումների 40 տոկոսը մեկ անձից է կատարվում, և դու պնդում ես, որ հաղթահարել ես կոռուպցիան, սա նշանակում է ժողովրդին էշի տեղ դնել։

Մեկ այլ հանգամանք ևս՝ նախորդ իշխանությունները մեծագույն ջանքերի գնով կարողացան այնպես անել, որ ծրագրային բյուջետավորման գործն առաջ գնա։ Ծրագրային բյուջետավորումը մի գործիք է, որով բյուջետային ծախսերը դառնում են առավել արդյունավետ․ այս վերջին երեք տարիների ընթացքում այս առումով որևէ առաջընթաց չեղավ․ եղածն էլ քանդեցին։ Եվ մինչև հիմա, փաստորեն, կան բազմաթիվ ծրագրեր, որոնք չունեն կատարողական ցուցանիշներ։ Հաշվեքննիչ պալատի նախագահն ասում է՝ ես դրանց արդյունավետությունն ինչպե՞ս որոշեմ, եթե տարիների ընթացքում այդ ցուցանիշները չկան, և իրավացի է․ եթե այդ տգետները, անբանները չլինեին, մեր բյուջեն այսօր կլիներ հարյուր տոկոսով կատարողական ցուցանիշներով ծրագրային ձևաչափով։

Չափազանց կարևոր է ներքին աուդիտի ինստիտուտը, որը մեծ ջանքերի գնով ենք ներդրել։ Ի՞նչ է նշանակում՝ ներքին աուդիտ․ բացի Հաշվեքննիչ պալատից, որն արտաքին աուդիտ է իրականացնում, յուրաքանչյուր պետական կառավարման մարմին պետք է ինքն իրեն վերահսկի և վերահսկի այն չափորոշիչներով, որն ամբողջ աշխարհն օգտագործում է։ Ներքին աուդիտի ինստիտուտի շնորհիվ բացահայտվում են բոլոր թերությունները՝ ֆինանսական, կազմակերպչական, որոնք առկա են այդ մարմնում։ Եթե դու այդ գործիքը չես աշխատացնում, ես ի՞նչ պետք է մտածեմ՝ նշանակում է, դու այդպես ես անում, որ քո կոռուպցիան չբացահայտվի»։

Գագիկ Մինասյանը ցավով արձանագրեց, որ այն ինստիտուտները, որոնք 30 տարի քարը քարի վրա դնելով՝ կառուցել են, գործող իշխանությունները երեք տարվա ընթացքում քանդել են։ Նրա համոզմամբ՝ թե՛ մեկ անձինց գնումները, թե՛ ծրագրային բյուջետավորում և աուդիտ չիրականացնելը բնութագրական են և փաստում են հերթական ձախողման մասին։

Անդրադառնալով պետական պարտքի մակարդակին՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը նկատեց․ «Մենք արդեն անցնում ենք այն սահմանները, որոնք սահմանված են բյուջետային կանոններով․ բյուջետային կանոնները սահմանում են, թե բյուջեի աճի հետ կապված ինչ չափորոշիչներով պետք է ավելանա մեր արտաքին պարտքը։ Ծայրահեղ դեպքերում հնարավոր է դա գերազանցել։ Մեր երկիրն այնպիսի արհավիրքների մեջ մտցրեց այս իշխանությունը, որ այդ ծայրահեղ դեպքերը տեղի ունեցան․ խայտառակ վիճակ կորոնավիրուսի հետևանքով, և է՛լ ավելի մեծ խայտառակություն՝ հրահրված պատերազմի ու պարտության հետևանքով։ Բայց խնդիրը դրանով չի սահմանափակվում․ հարց է առաջանում, թե հետո ինչպես են կարողանալու այդ պարտքերը մարել․ երկիր, որտեղ ընդհանրապես օտարերկրյա ներդրումներ չեն մտնում, որտեղ տնտեսության բոլոր ճյուղերը կաթվածահար են, ինչպե՞ս պետք է բյուջետային եկամուտներ գեներացվեն, որպեսզի հնարավոր լինի այդ պարտքը մարել։

Այսինքն՝ մեր երկիրը ապագա կարող է ունենալ միայն այս ապիկար իշխանության հեռացումից հետո, սակայն նոր իշխանություններից պահանջվելու է առավել մեծ կամք, կարողություն, գիտելիք՝ քանդվածը վերականգնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս