«Առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ ինչ է անում, և երկրորդ հերթին հասարակությունը պետք է հասկանա, թե ում է բերել իր գլխին դրել». Տարոն Սիմոնյան

«Պետությանն ու հասարակությանը ծառայելը միայն պատգամավոր լինելով չէ. կարելի է ծառայել՝ տարբեր ֆունկցիաներ իրականացնելով, և ես իմ հայտարարության տեքստում հենց այդպես էլ գրել էի, որ այլևս չեմ ուզում աշխատել  որպես պատգամավոր, որովհետև գտնում եմ, որ այս պահի դրությամբ բավարար չափով չեմ կարողանում իմ ռեսուրսներն օգտագործել որպես պատգամավոր: Դրա համար կարող եմ իմ ռեսուրսները ներդնել այլ բնագավառում և այլ կերպ ծառայել ՀՀ-ին: Դա կրթությունն է, գիտությունը, իրավապաշտպան գործունեությունը, գաղափարախոսական աշխատանքը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշմանը:

Վերջինս կարծում է, որ, եթե իր նշած ուղղություններով թիրախային աշխատանք իրականացվի՝ կհաջողենք, և վստահ է, որ առաջնայինը լուսավորչական աշխատանքն է, որպեսզի կարողանանք ունենալ հասուն հասարակություն և արդյունավետ պետություն:

«Ես այդ կանխավարկածով էի եկել, որ պատգամավոր աշխատեմ, բայց փորձը ցույց տվեց, որ հասարակությունը պատրաստ չէ քաղաքական գործիչների խոսքերն ընդունել՝ որպես օբյեկտիվ ճշմարտություն: Դրա համար ավելի օբյեկտիվ խոսքս տեղ հասցնելու համար կարելի է օգտագործել նաև այլ հարթակներ, որպեսզի մարդիկ իմանան նաև, որ ես իմ նվիրումը հասարակությանն ու պետությանը բերում եմ, բայց փոխարենը ոչինի չեմ ուզում, այդ թվում՝ նաև հարկատուներից աշխատավարձ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Նա նշեց, որ սա բոլորովին չի նշանակում, թե ինքը դադարելու է իշխանություններին քննադատել, երբ նրանք սխալ քայլ են անում, չի նշանակում, որ ինքը չի ծառայելու բանակին, ինչն արել է 2013 թվականից սկսած իր իրավապաշտպան գործունեության արդյունքում, չի նշանակում, որ չի ազդելու պետական քաղաքականության ուղղորդմանը կամ չի ներգրավվելու օրենսդիր աշխատանքներին:

«Վերջին ժամանակներում խոսքիս սրությունը պայմանավորված է նաև նրանով, որ իմ հոգեբանական վիճակն ավելի է սրվել, որովհետև ես չէի պատկերացնում, որ իմ կենդանության օրոք մենք պարտություն կգրանցենք, ու սա ես շատ ցավոտ եմ ընդունել: Ես հոգեբանորեն պատրաստ չէի սրան, ու շատ դժվար է հիմա այդ հավասարակշռությունը պահել: Ես զգում էի, որ հուզականությունն ինձ մոտ սկսում է գերակայել, և կարծեցի, որ հանրային գործիչը չպետք է շատ հուզական լինի, և ժամանակավորապես հեռացա այս բնագավառից»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Նա ասաց, որ դեռ նոյեմբեր ամսից է ասել, որ չի պատրաստվում շարունակել հանրային գործչի իր գործունեությունը, և պատճառը հենց պատերազմն էր:

Ինչ վերաբերում է մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանների շուրջ տիրող իրավիճակին, Տարոն Սիմոնյանն ասաց, որ ինքն անձամբ չգիտի՝ ինչի մասին են բանակցում իշխանությունները:

«Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի՝ ՀՀ ադրբեջանցի զինվորականների ներխուժումը տարածքային ամբողջականության խախտում է, ուժի սպառնալիքի և ուժի գործադրում, Հելսինկյան եզրափակիչ ակտի խախտում: Սրանց հիման վրա պետությունն իրավունք է ստանում սկսել ինքնապաշտպանական աշխատանքներ, կոպիտ ասած՝ կրակել իր տարածք ներխուժած թշնամու դեմ: Ոչ ոք չի դատապարտի դա: Եթե չենք կրակում, վախենում ենք, որ Ադրբեջանը դիտավորյալ է դա արել, որ կրակենք, ու ինքը սկսի լայնամասշտաբ պատերազմ, իսկ մենք պատրաստ չենք դրան դիմագրավել, ու մեր ռազմավարական գործընկերը կամ ՀԱՊԿ-ն մեզ օգնություն չի տրամադրի, եթե վստահ չենք դրանում, ապա առնվազն միջազգային իրավական կամ դիվանագիտական գործիքակազմը մինչև վերջ պետք է օգտագործել»,- ասաց պատգամավորը:

Տարոն Սիմոնյանի փոխանցմամբ՝ ընդհանրապես միջազգային իրավունքում եթե մի պետություն մյուսի նկատմամբ ուժ է կիրառում, առաջին դիվանագիտական քայլը դրա մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնելն է:

«Ոչ թե կանգնել, հրապարակային խոսել այդ մասին, այլ թուղթ գրել, ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ, որ տվյալ օրը տվյալ ժամին օտար պետության զինվորներ ներխուժել են մեր տարածք: Չեն արել: Դիմել են ՀԱՊԿ: Միգուցե ՀԱՊԿ-ին դիմելը ճիշտ որոշում է, բայց սրան զուգահեռ՝ ՄԱԿ-ի ԱԽ պետք է դիմել: Սրանք իրար չեն խանգարում, փոխլրացնում են: Առաջին քայլն ԱԽ դիմելն է, որովհետև դու չես կարող ինքնապաշտպանական գործողություններ սկսել, եթե համայն մարդկությանը չես ասել, որ հարձակման ես ենթարկվել: Մենք գրավոր ձևով չենք հայտնել, որ հարձակման ենք ենթարկվել»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ կա տեսակետ, որ սա չեն արել ՀՀ ռազմավարական գործընկերոջը չնեղացնելու համար, սակայն սա թույլ փաստարկ է, քանի որ ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է:

«Դիվանագիտական այս հապաղումը ես որևէ ձևով չեմ կարողանում հասկանալ: Ասում են նաև, թե եթե հարցը մտնի ՄԱԿ-ի ԱԽ, կարող է այնտեղ քննարկում սկսվել ու ընդունվել հակահայկական փաստաթուղթ, բայց Ֆրանսիայի արտահայտությունը բավարար էր՝ իմանալու համար, որ այդ երկիրը վետո կկիրառեր ցանկացած հակահայկական բանաձևի առնչությամբ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ մտավախությունն այն է, որ խնդիրը դուրս կգա ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթից, սակայն այն ստեղծվել էր Արցախյան հիմնահարցի լուծման համար, և, ի դեպ, ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ, իսկ Հայաստանի սահմանների անձեռնմխելիության խախտման հարցը նրա մանդատից դուրս է:

Անդրադառնալով Տավուշի 5 գյուղերի առնչությամբ տարատեսակ պաշտոնյաների արտահայտություններին, թե դրանք եղել են ադրբեջանական գյուղեր, Տարոն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ դրանք կարող են լինել ինքնապաշտպանական բնազդից դրդված, և այդ մարդիկ պատրաստ են ամեն ինչի վրա խաչ քաշել, միայն թե «ապացուցեն», որ իրենք ճիշտ են:

«Բայց դա ազգային ու պետական շահերի հաշվին անելը, չեմ ուզում ասել՝ ինչ է, և ինչ բարոյական կերպար կարող են ունենալ այդ մարդիկ: Հետևաբար՝ այստեղ պետք է հասկանանք, որ եթե մարդ չգիտի՝ ինչի մասին է խոսում, ավելի լավ է՝ չխոսի, որովհետև մեր հասարակության ու պետության ամենամեծ թշնամին տգիտությունն է»,- ասաց ԱԺ «ԼՀԿ» խմբակցության պատգամավորը:

Տարոն Սիմոնյանը պնդում է՝ այդտեղ ապացուցելու ոչինչ չկա: Դա ՀՀ տարածքն է և փաստացի, և իրավաբանորեն:

«Եթե դուք սահմանների հետ կապված մասնագետ չեք, մի խոսեք դրա մասին առնվազն: Եթե մասնագետ եք, խոսեք և պարտավոր եք իմանալ, որ երբ կայսրությունները փլուզվում են, վարչատարածքային միավորներն իներցիոն ձևով պետական սահմաններ չեն դառնում: Համաշխարհային փորձն է այդպես ասում»,- նշեց իրավաբան պատգամավորը:

Նա հավելեց նաև, որ եթե խոսքը գնում է այն գյուղերի մասին, որոնք ԽՍՀՄ ժամանակ ժամանակավորապես եղել են Ադրբեջանի կազմում, թող հիշեն, որ 20-30-ական թթ. դրանք եղել են ՀՀ սահմանում:

«Մտքներիցս պետք է հանենք ԽՍՀՄ վարչատարածքային սահմանների մեխանիկորեն անցումը պետական սահմանների: Ես այստեղ առաջին հերթին անգրագիտություն եմ տեսնում, դրանից հետո ամեն ինչ կարող եմ ենթադրել»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ԱԳՆ աշխատակիցների հետ Արա Այվազյանի հրաժեշտի հանդիպման ժամանակ ասած տեքստին, Տարոն Սիմոնյանն այն շատ մտահոգիչ ու լուրջ համարեց:

«Ենթադրվում է, որ նրան պարտադրել են որոշակի գործողությունների համաձայնություն տալ, և մեր արտգործնախարարի կարծիքով՝ դա հակապետական և ազգային շահի դեմ բան է եղել: Ինքը դրանով է պայմանավորում իր հրաժարականը: Հետևաբար՝ այստեղ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, թե ինչ է անում, և երկրորդ հերթին հասարակությունը պետք է հասկանա, թե ում է բերել իր գլխին դրել, ով նախ մասնագետներին թույլ չի տալիս իրենց գործն անել, բացի դրանից, պարտադրում է անել հակապետական և ազգային շահի դեմ գործողություններ»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս