Խորհրդարանում հայտնվելու են երեք ընդդիմադիր ուժեր, որոնք հնարավորություն ունեն հետագայում ձևավորել կոալիցիա․ Քաղաքագետ
Արտահերթ խորհդարանական ընտրությունններին կմասնակցի 24 կուսակցություն և 3 դաշինք․ մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, քաղաքական ուժերն իրենց փաստաթղթերը ներկայացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եվ մինչ կտրվի նախընտրական քարոզչական մեկնարկի պաշտոնական սկզիբը, քաղաքական ուժերն արդեն իսկ ցուցադրում են իրենց քաղաքական պոտենցիալը։
Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտ ամսից էր փորձում ցուցադրել այդ պոտենցիալը՝ գաղտնի երթևեկելով մարզեր, և թե՛ այդ օրերին, թե՛ այժմ տարբեր շրջանակներից ահազանգում են՝ Փաշինյանի նախընտրական այցերն ուղեկցվում են վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Սակայն նորություն չէ, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում նման ահազանգերը մնում են անարձագանք։
Ի՞նչ պատկեր է այժմ քաղաքական դաշտում, ինչպիսի՞ միտումներ կան, ո՛ր կուսակցությունն ինչպես է պատրաստվում ընտրական պայքարին՝ հարցադրումների պատասխանները 168.am–ը լսել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանից։
Քաղաքագետի գնահատմամբ՝ գործող իշխանությունների վարկանիշը միտում ունի նվազելու, փոխարենը՝ աճում է ընդդիմադիր ուժերի վարկանիշը։
Նա այս ընտրություններին կանխատեսում է քաղաքացիների մասնակցության բարձր ակտիվություն՝ ավելին, քան 2018 թվականին էր։
Վիգեն Հակոբյանն արժանահավատ չի համարում Փաշինյանի նոստալգիկ հավակնությունները ժողովրդի 60 տոկոսի ձայներն ակնկալելու մասին․ ըստ նրա՝ ինքը՝ Փաշինյանը, ևս չի հավատում դրան, այդ պատճառով ելույթներն արդեն ավելի ագրեսիվ տոնայնություն ունեն․
«Նա շարունակում է իր նախընտրական արշավը՝ գուցե այժմ առավել թիրախավորված և շատ ավելի ագրեսիվ, ագրեսիվ՝ ոչ միայն այցերի քանակի առումով, այլև՝ տոնայնությամբ։
Իր ելույթների բովանդակությունը, ինչպես և կանխատեսվում էր, հիմնականում երկու մասից է կազմված․ առաջինը՝ ամեն ինչում մեղավոր են նախկինները, անգամ կապիտուլյացիայի մեջ, և երկրորդը՝ եթե նորից վերարտադրվի իր և իր թիմակիցների իշխանությունը, ապա թավիշին վերջ է տրվելու։ Սա զուգորդվում է նաև մրցակիցների նկատմամբ ընդգծված ագրեսիայով։ Կարծում եմ՝ այդ ագրեսիվ տոնայնությունը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը սկսում է զգալ, որ իր հույսերը, թե կկարողանա ընտրությունների արդյունքներով, առնվազն մեկ փուլով հաղթանակ տանել կամ 60 տոկոս վերցնել, ընդամենը քարոզչական հնարք են։
Ինքն ունի իր ձայները, որոնք քիչ չեն, բայց դրանք հեռու են, որպեսզի ինքը կարողանա միանգամից ընտրությունների արդյունքում ինքն իրեն հռչակի հաղթող, ձևավորի իշխանություն, կառավարություն»։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի մոտ անգամ նկատելի է ցայտնոտային վիճակ, որով պայմանավորված՝ սկսել է առավել շատ հանդիպումներ ու այցեր կազմակերպել՝ դրանով փորձելով լինել լրատվամիջոցների ու սոցցանցերի տեղեկատվական ալիքի վրա․
«Ու քանի որ բավականին ակտիվ սկսել է աշխատել նաև ընդդիմությունը, նա նույնիսկ, ըստ իս, նայում է մրցակիցների գրաֆիկները, և եթե այդ օրը մրցակիցները խոշոր միջոցառում ունեն, ապա փորձում է իրենով լցնել եթերը։ Օրինակ, օրեր առաջ, երբ «Հայաստան» դաշինքը ներկայացնում էր իր ծրագիրը, Ն․ Փաշինյանը սկսեց քաղաքի տարբեր շրջաններում ակտիվ շրջայցերը, որպեսզի կարողանար շեղել։ Սա տեխնոլոգիա է։
Նկատենք, սակայն, որ այս ցայտնոտում իր մոտ բովանդակությունը սկսել է տուժել, և, որ գործը հասնում է աբսուրդային հայտարարությունների, ինչպիսին է՝ հպարտ է նաև պարտությամբ։ Նա արդեն նույնիսկ չի վերահսկում իր խոսքը, իր ելույթների բովանդակությունը, և եթե համակիրների շրջանում իր այս հիպերակտիվությունը, ոճը, ագրեսիվ հռետորաբանությունն ինչ-որ էֆեկտ տալիս է, ապա այն զանգվածների մոտ, որոնք չկողմնորոշված են, այդ հայտարարություններն ու կիքսերը, ընդհակառակը, բացասական էֆեկտ են ունենում, և կողմնորոշում է դեպի ընդդիմադիր քաղաքական ուժեր»։
Անդրադառնալով ընդդիմադիր բևեռին՝ Վիգեն Հակոբյանը վստահեցրեց, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ իշխանության վարկանիշը նվազման միտում ունի, իսկ ընդդիմության հավաքական վարկանիշը՝ զգալիորեն բարձրացման։
Նա նկատեց, որ իր այս համոզմունքը հիմնված է ոչ միայն սոցհարցումների վերջին տվյալներ վրա, այլև ֆոկուս խմբերի ուսումնասիրությունների։
Քաղաքագետը հավելեց, որ ի տարբերություն Փաշինյանի՝ ընդդիմադիր ուժերը նաև հնարավորություն ունեն քաղաքական դաշնակիցների հետ միավորվելու․ «Մենք տեսնում ենք, որ խորհրդարանում հայտնվելու են երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որոնք հնարավորություն ունեն հետագայում պայմանավորվել միմյանց հետ, ձևավորել կոալիցիա, և չի բացառվում, որ այդ ձայները հերիքեն, որպեսզի իրենք կարողանան իշխանություն ձևավորել և կառավարություն՝ սեփական վարչապետի թեկնածուով»։
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի որդեգրած մարտավարությանը՝ մեր զրուցակիցը նկատեց․ «Մարտավարությունն ընդդիմության մոտ տարբեր է։
Օրինակ, «Հայաստան» դաշինքը սկզբում ուժ ցույց տվեց միտինգով՝ արձանագրեցին իրենց պոտենցիալը, հետո սկսվեցին թեմատիկ հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ապա ներկայացվեց թիմը, նշմարվեց կադրային պոտենցիալը, որը նոր կառավարության կազմի մասին ենթադրությունների տեղիք տվեց։
«Բարգավաճ Հայաստանի» դահլիճային հանդիպումներց հետո շուտով ականատես կլինենք նաև մարզերում հանրահավաքային հանդիպումների, ինչը բնորոշ է իրենց։ Չափազանց կարևոր էր Ծառուկյանի հայտարարությունը, որով բացառեց իր համագործակցությունը Փաշինյանի հետ․ այս հայտարարությամբ շատ կասկածներ հեռացան, և բացահայտվեց ընդդիմության համատեղ գործելու հնարավորություններն ընտրություններից հետո։ Նման հայտարարությունը յուրահատուկ լյուստրացիա է ընդդիմության համար՝ սրանով կարծես ուրվագծվում է՝ ով է իսկական ընդդիմություն, ով՝ կոոպերատիվ։
«Պատիվ ունեմ» դաշինքը սկզբնական փուլում մարզային այցեր էր իրականացնում տարբեր խմբերով, որի նպատակը, ըստ էության, ծանոթանալն էր մարդկանց հուզող իրական խնդիրների հետ, ոչ թե գրասենյակից կռահեն, թե այս կամ այն մարզում մարդկանց ինչ խնդիրներ են հուզում, այլ անկաշկանդ հանդիպումներում, տներ այցելելով, ոչ ֆորմալ հանդիպումներով։ Սա յուրատիպ մոնիտորինգ է, որը հետո արտացոլվելու է դաշինքի ծրագրում։ Կարծում եմ՝ մոտակա օրերին կլինի ծրագրի պրեզենտացիա՝ ոչ պակաս մասսայական, աղմկոտ՝ հաշվի առնելով, թե կադրային կրեատիվ ինչ պոտենցիալ ունի դաշինքը։ Ծրագիրը ներկայացնելուց հետո իրենք արդեն մարզային այցելությունների կգնան պատրաստի ծրագրով՝ ամեն մարզի խնդիրների համար առաջարկելով մոնիտորինգի արդյունքներով նախատեսվող լուծումներ։
Ընդհանրապես «Պատիվ ունեմ» դաշինքը վերջ է դրել Փաշինյանի՝ սև-սպիտակ գունաբաժանման քաղաքական համակարգին, որովհետև այստեղ պայմանական սևերը և պայմանական սպիտակները մեկ դաշինքում են հայտնվել՝ ջնջելով այդ բաժանումը, ինչը նաև խորհրդանշական է»։
Վիգեն Հակոբյանը չշրջանցեց որպես այլընտրանք դիրքավորվող ՀԱԿ-ին՝ նկատելով, որ լավ աշխատելու դեպքում այս կուսակցությունը ևս հնարավորություն ունի հաղթահարելու նախատեսված շեմը․ «Որովհետև բացի սեփական նվիրված գաղափարական ընտրազանգվածից, ՀԱԿ-ը շանս ունի վերցնել նաև Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի մտածող մասին, որոնք ուղղակի ժամանակին այլընտրանք չունենալով՝ Նիկոլին էին ընտրել։ ՀԱԿ-ը միանգամից ծանր հրետանիով է սկսել․ ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում հնչեցվեցին հիմնական թեզերը»։
Քաղաքագետը նկատեց, որ ՀԱԿ համագումարին Առաջին նախագահի կողմից շեշտված Փաշինյանի վերարտադրությունը և Քոչարյանի վերադարձը թույլ չտալու մասին թեզը հետևողականորեն իմպլեմենտացիա է արվում, և հենց այս թեզով է Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում քաղաքական դաշտում դիրքավորվել՝ որպես այլընտրանք։