Վարկային շուկան եռում է. երկարաձգված վարկերը կրկնապատկվել են

Տնտեսական ճգնաժամի ու սոցիալական դժվարությունների հետևանքով՝ ֆինանսական համակարգում չաշխատող կամ խնդրահարույց վարկերի պորտֆելը կտրուկ ավելացել է։ Դա նկատելի է հատկապես երկարաձգված վարկերի պարագայում։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնց սպասարկման ժամկետները, մարման դժվարությունների պատճառով, վերանայվել և երկարացվել են։

Վերջին 1 տարվա ընթացքում բանկերի երկարաձգված վարկերը հասցրել են կրկնապատկվել։

Այդ միտումը սկսվեց անցած տարվա մարտից հետո. 112 մլրդ դրամից երկարաձգված վարկերն այս տարվա մարտին հասել են գրեթե 231 միլիարդի։

Այդ կարգի վարկերը գերազանցել են բանկերի վարկային պորտֆելի 5,6 տոկոսը։ Անցած տարվա մարտին դրանք 2,9 տոկոսի սահմաններում էին։

Որևէ գաղտնիք չկա նրանում, թե ինչու բանկերի երկարաձգված վարկերը սկսեցին այդպիսի արագությամբ ավելանալ։ Մարդիկ վարկեր էին վերցրել ու հիմա բախվել են դրանք վերադարձնելու դժվարությունների հետ։ Եվ ոչ միայն քաղաքացիները, այլև տնտեսական հատվածի մասնակիցները։ Տարբերություն չկա՝ վարկառուն քաղաքացին է, թե տնտեսությունը։ Կարևորը եկամուտներն են։ Երբ վարկառուների եկամուտները նվազում են՝ նրանք բախվում են այսպիսի խնդիրների հետ։

Որպեսզի այդ երևույթը համակարգային խնդիրների չհանգեցնի՝ բանկերը գնացին վարկառուների վարկային պարտավորությունների վերաձևակերպման։ Որքան էլ դա ցանկալի չէ բանկերի համար՝ նրանք երբեմն ստիպված են գնալ այդ ճանապարհով։ Այլապես կարող են ավելի խորը խնդիրների բախվել։

Վարկերի երկարաձգումը հնարավորություն է անհուսալի գումարներն ինչ-որ կերպ վերադարձնելու համար։ Մնում է սպասել, թե դա ինչքանով կհաջողվի։

Վարկերի վերադարձելիության հետ կապված խնդիրները համակարգում ավելացել են, և դրանք շարունակել են զգացնել տալ նաև այս տարի։ Մասնավորապես հունվարին ունեցանք երկարաձգված վարկերի աճ։ Մեկ ամսվա ընթացքում այդպիսի վարկերն ավելացան 13 մլրդ դրամով։ Ընդ որում, դա տեղի ունեցավ բանկերի վարկային պորտֆելի նվազման պայմաններում։

Ի տարբերություն երկարաձգված վարկերի, անցած տարի կոնսերվացված վիճակում էին ժամկետանց վարկերը։ Դրանք գրեթե չէին ավելանում։ Բայց չէին ավելանում ոչ թե այն պատճառով, որ վարկառուներն այլևս պարտաճանաչ կատարում էին իրենց պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ժամկետանց դառնալուց առաջ դրանք վերաձևակերպվում էին և համալրում երկարաձգված վարկերի պորտֆելը։

Այս տարվա սկզբին ժամկետանց վարկերը սկսել են աճել։ Հունվարին դրանք հասան 37,8 մլրդ դրամի՝ 1 ամսվա ընթացքում համալրվելով 4,3 միլիարդով։ Մարտին ժամկետանց վարկերը կազմել են շուրջ 39,5 մլրդ դրամ։

Առաջին եռամսյակի տվյալներով, բանկային համակարգի երկարաձգված և ժամկետանց վարկերի պորտֆելը հատել է 270 մլրդ դրամի սահմանը։ Այն բանկերի վարկային պորտֆելի ավելի քան 6,6 տոկոսն է։ Մեկ տարի առաջ 3,8 տոկոսն էր այդպիսին։

Վերջին տվյալներով, վատորակ ակտիվները հասել են վարկային կապիտալի 7,1 տոկոսին։

Տնտեսական իրավիճակը մեր երկրում այն չէ, ու դա լավատեսության հիմքեր չի տալիս, որ առաջիկայում վատորակ վարկերի հետ կապված խնդիրները կլուծվեն։

Վերջին մի քանի տարիներին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ տնային տնտեսությունների կամ քաղաքացիների վարկային բեռն էապես ավելացել է։ Հիմա, երբ տնտեսական դժվարությունների հետևանքով նրանք կորցրել են իրենց եկամուտները կամ դրանց մի մասը, չեն իրականացել ակնկալիքները՝ ստիպված են առերեսվել նման խնդիրների հետ։ Բայց դեռ վաղ է ասել, թե վարկային պարտավորությունների երկարաձգումը որքանով թույլ կտա դուրս գալ այս իրավիճակից։ Խնդիրը ոչ միայն վարկերի վերադարձման ժամկետների երկարացումն է ու պարտավորությունների տեղաբաշխումը, այլև այն, թե այդ ընթացքում վարկառուները որքանով կկարողանան վերականգնել իրենց եկամուտները։ Այստեղ է, որ մտահոգությունների պակաս չկա։

Տնտեսության վիճակը Հայաստանում այն չէ, չնայած անցած տարվա կտրուկ անկումից հետո վիճակագիրները սկսել են աճեր արձանագրել։ Ի տարբերություն ծախսերի, չեն ավելանում մարդկանց եկամուտները, ինչը մեծացնում է վարկերի վերադարձելիության ռիսկը։ Զարմանալի չէ, որ բանկերը սկսել են շատ ավելի զգուշավոր լինել վարկային շուկայի նկատմամբ։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարի բանկերի վարկային պորտֆելի անկում ունենք։

Տարեսկզբի առաջին 3 ամիսներին այն կրճատվել է 45 մլրդ դրամով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում բանկերի վարկային պորտֆելը հսկայական աճ էր արձանագրել. 3 ամսում՝ 163 մլրդ դրամի չափով։

Ունենք անկում մի շարք վարկային պրոդուկտների գծով։ Դրանք կապված են՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ սպառողական հատվածի վարկային պորտֆելի հետ։

Արդյունաբերությանն ուղղված վարկերը տարեսկզբի 3 ամիսներին պակասել են 14 միլիարդով։ Գրեթե նույնքանով կրճատվել են նաև սպառողական վարկերը։ Բայց սպառողական վարկերի շուկայում վարկավորման պասիվացումը նոր չի սկսվել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ այն անընդմեջ նվազում է։

Անցած տարվա սեպտեմբերին սպառողական վարկերի պորտֆելը բանկային համակարգում հասնում էր 961 մլրդ դրամի։ Այս տարվա մարտին կազմել է 915 միլիարդ։

Վեց ամսում սպառողական վարկերը նվազել են 46 մլրդ դրամով։ Քաղաքացիների վարկունակության կորուստը ստիպում է բանկերին ձեռնպահ մնալ այդպիսի վարկեր տրամադրելուց։ Մի բան, որը բերելու է սպառողական պահանջարկի կրճատման և ազդելու է առևտրի ու ծառայությունների շրջանառությունների վրա։

Մարդկանց եկամուտների ավելացման հետ կապված դրական սպասումներ այս փուլում չկան, ինչն էլ զգուշավորություն է պահանջում բանկերից։

Ի տարբերություն սպառողականի, շարունակում է ակտիվ մնալ հիպոթեքային վարկավորումը։ Այդպիսի վարկերի պորտֆելը հասել է 517 մլրդ դրամի՝ այս տարի ավելանալով ևս 36 միլիարդով։ Վերջին տարիներին հիպոթեքի շուկայում դրսևորվող այս միտումը կապված է հիմնականում եկամտային հարկի գումարների վերադարձի հետ։ Անցած տարի եկամտային հարկի տեսքով վերադարձվեց 13,3 մլրդ դրամ։ Սպասվում է, որ այս տարի այն կհասնի 22 միլիարդի։

Սա էլ դարձել է հիպոթեքի ակտիվացման հիմնական գործոններից մեկը։

Դրա փոխարեն՝ մեծ կորուստներ է կրում պետական բյուջեն։ Բյուջեի միջոցները, որոնք ուղղվում են եկամտային հարկի վերադարձին՝ տարեցտարի ձնագնդի նման աճում են։ Ու որքան արագ են ավելանում այդպիսի վարկերը, այնքան ծանրանում է բյուջեի ֆինանսական բեռը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս