Չափդ ճանաչիր ու գնա դատարան

Երեկ երեկոյան հրապարակել էինք տեղեկատվություն այն մասին, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատա» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը։

Հրապարակումից ժամեր անց պալատական DJ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ 168.am կայքում «Փարթի իշխանական «Ֆերմատանը» վերնագրով մի նյութ է հրապարակվել, որտեղ շոշափվում է նաև իմ անունը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշյալ կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ։ Դժվարանում եմ դրական շարժառիթներ տեսնել այն բանում, թե այս լարված ժամանակահատվածում ինչու են մեր լրատվական դաշտի որոշ գործընկերներ, առանց լուրի իսկությունը ճշտելու, ապշեցուցիչ արագությամբ դա արտատպում իրենց կայքերում՝ կամա ակամա մոլորեցնելով մեր հանրությանը։

Այսպիսով՝ 168.am կայքից պահանջում եմ անմիջապես հերքել տարածված ապատեղեկատվությունը, որպեսզի խուսափենք մեր պետության ու ժողովրդի համար այս դժվարին օրերին լիովին անհարկի թվացող դատական գործընթացից։»։

Նա չէր զլացել հրապարակմանն անդրադառնալ նաև իր ֆեյսբուքյան անձնական էջում, որտեղ #աղբակույտ հեշթեգով գրել է․

«Մտնեմ ֆեյսբուք, տեսնեմ ինչ. պարզվում ա երեկ տասնյակներով ընդհատակյա խրախճանք եմ կազմակերպել ու իրենց մամուլ կոչող աղբը իրար հերթ չտալով այս ապատեղեկատվությունն է տարածում։ Իսկ այս լրագրողական ապիկարության հեղինակն է 168 Ժամը։ Պատրաստվեք դատարանում պաշտպանվել ու թերևս պատվիրատուներիդ ասեք, որ դրա հետևանքներին իրենք ևս պատրաստվեն։» Հանրությանը մոլորեցնելուց խոսող երիտասարդի հայտարարությունը միգուցե այդքան զավեշտալի չլիներ, եթե ապրիլյան իշխանափոխության օրերին նա հայտնի չդառնար Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապուն հրապարակ բերելով և այդ կերպ հանրությանը, մեղմ ասած, մոլորեցնելով։ Գուցե, ըստ նրա պատկերացումների՝ արհեստականորեն ուռճացված իր կենսագրությունը նույնպես հանրությանը, կամա թե ակամա, այս կամ այն չափով մոլորեցնելու էֆեկտ ունի, բայց հազիվ թե համալսարանների ցանկում 94-րդ տեղում գտնվող Մոնակոյի համալսարանի այս շրջանավարտը որևէ լուրջ բանի ընդունակ լիներ։

Առայժմ չենք անդրադառնում վերջին երկու տարիներին աչքի ընկած և նրան պատկանող այս ակումբի ռեպուտացիային, անցուդարձին, թե ինչպիսի համարում ունի այն որոշակի շրջանակներում (այդ մասին՝ հաջորդիվ)։ Նախ վարչապետի աշխատակազմի ղեկավարին կոչ ենք անում «ինքնակարգիհրավիրվել», անկախ այն հանգամանքից, թե ում աշխատակազմն է ինքը ղեկավարում, կամ թե ով է ղեկավարում իրեն, և կամ թե մինչև կառավարական այդ աթոռին հայտնվելը քանի մետր է քայլել Հայաստանի որոշ հատվածներում։ Երիտասարդը, պաշտոնյային ոչ հարիր լեքսիկոնով, ֆեյսբուքյան տիրույթում սպառնում է մեզ նաև դատարանով։

Դե ինչ, գնացինք դատարան, քանի որ, ինչպես ինքն է նշում, եթե «մեր պետության ու ժողովրդի համար այս դժվարին օրերին» նաև պաշտոնյան ունի գիշերային կյանքի ժամանակ, ապա դատարան գալու համար ժամանակ հաստատ կունենա։

Մեր նախորդ հրապարակման մեջ (որի անվան մեջ մենք սխալ էինք թույլ տվել և հետագայում ուղղել ենք) արդեն հորդորել էինք ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ ստուգել մեր հրապարակման մեջ ներառված փաստերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային տեսախցիկներն ունեն սահմանափակ հիշողություն, իսկ մենք չգիտենք, թե երիտասարդի նախաձեռնած դատական գործընթացը որքան կտևի, այդ իսկ պատճառով, որպեսզի տեսանյութերը չկորչեն, հիմա առավել ևս հորդորում ենք ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ ոչ միայն ստուգել այդ փաստերը, այլև հենց այսօր առգրավել և պահել Կորյուն-Տերյան խաչմերուկի ավտոճանապարհային բոլոր տեսախցիկների, ինչպես նաև Տերյան 105/1 հասցեում տեղակայված այդ ակումբի մուտք(եր)ն ու տեղաշարժը ֆիքսող հարակից տարածքների բոլոր տեսախցիկների՝ շաբաթ օրվա ժամը 23:00-ից մինչև կիրակի ժամը 24:00-ն (հունիսի 6-7-ը ներառյալ) ժամանակահատվածի տեսագրությունները։

Եվ վերջում․ նրա կողմից հերքում համարվող ու պաշտոնյային ոչ հարիր լեքսիկոնով արված ֆեյսբուքյան նմանաբնույթ գրառումները հերքում կարող են համարվել բացառապես նրա ֆան կլուբի հետևորդների համար, իսկ առհասարակ, վարչապետական ապարատի ղեկավարին չէր խանգարի կարդալ և սովորել, թե ինչ տեսքով և ձևաչափով է պետք ԶԼՄ-ին ներկայացնել հերքման պահանջը։

 

Տեսանյութեր

Լրահոս