«Առաջ եկած թշնամուն պետք է վերցնեին-բերեին ու հետո փոխանակեին Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների հետ». Խոզնավարի գյուղապետ
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի վարչական շրջաններում ունեցած հանդիպումների շրջանակներում, Աջափնյակ վարչական շրջանում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
Ըստ նրա, այն պատերազմը, որում այսօր Ադրբեջանն ուզում է ներքաշել Հայաստանին՝ այդ պատերազմից կարելի է և պետք է խուսափել։
«Իհարկե, դա երաշխավորված չէ, ժողովուրդ, ցավոք, բայց մենք այսօր միջազգային հանրության աչքի առաջ շատ հստակ ասում ենք, որ սահմանին խնդիր կա, մենք հետ ենք քաշվում։ Սովետական Միության քարտեզներ հրապարակվեցին: Մենք բոլորս տեսանք, որ էն վերևի մի հատվածը, սահմանը անցնում ա ջրի միջով՝ 20 թե 30%-ն ա, էական չի: Հիմա եկեք հասկանանք՝ մենք ասենք, որ՝ «հա», նայենք, ուսումնասիրենք, եթե իրոք էդպես ա, ասենք ՝ «հա՞», թե՞ ասենք ՝ «չէ, մենք Սև ջրի էդ 30%-ի համար պատերազմ ենք սկսելու»: Էէ, չի ըլնում տենց ուղղակի, ոչ, մենք չենք գնալու իրավիճակի սրման և էս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նշեց, որ Խորհրդային Միության ժամանակ Սև լճի այդ հատվածը տրամադրվել է Ադրբեջանին՝ օգտագործելու նպատակով։
«Այսօր փաստացի թշնամին այդ հատվածը թողել ու 3 կիլոմետրի չափով խորացել է ՀՀ պետական սահման։ Նախկինում նրանք Սև լճի 25 տոկոսն օգտագործել են, հիմա ավելին են ուզում»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է անի Կառավարությունն ու Պաշտպանության նախարարությունը՝ հարցին Վարո Գրիգորյանը պատասխանեց՝ ժամանակին պետք է գործողություններ իրականացնեին, որ այսօր նման իրավիճակ չստեղծվեր։
«Թշնամին մայիսի 12-ից անցել է սահմանը, այդ ժամանակ պետք է պատկան մարմինները դիմեին համարժեք քայլերի, որպեսզի նրանք հետ գնային։ Առաջ եկած թշնամուն պետք է վերցնեին-բերեին ու հետո փոխանակեին Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների հետ»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Խոզնավար-Սոթք հատվածում դիտորդական առաքելություն իրականացնեն կա՛մ Ռուսաստանը, կա՛մ ԵԱՀԿ-ն, իրենք մտավախություններ ունեն, որ նման առաքելություն կիրականացնի Թուրքիան։
«Չգիտեմ, ռուսները կարող է հրաժարվե՞ն, ես կողմ եմ, որ ռուսական կողմն այդ առաքելությունն իրականացնի, եթե մեր իշխանությունը չի կարողանում հարցը լուծել, կարծում եմ՝ ՌԴ-ն կկարողանա»,- հավելեց Խոզնավարի գյուղապետը։
Ինչ վերաբերում է Խոզնավարում տիրող ընդհանուր իրավիճակին, գյուղապետն ասաց, որ նույն վիճակն է, որևէ բան չի փոխվել, ինչպես եղել է օրեր առաջ, այնպես էլ մնում է։
«Թշնամին էլ է մեր սահմանին կանգնած, մերոնք էլ են մեր սահմանին կանգնած։ Մեր տարածքից թշնամու հսկողության տակ վարելահողեր կան, ասում են՝ մերն է, բայց առայժմ չկա այդ մտավախությունը, որ Խոզնավարն էլ կարժանանա Շուռնուխի ճակատագրին։ Գան մտնեն գյո՞ւղ, մեզ միայն դա է մնացել, դա էլ անեն՝ պրծնենք»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։