«Սա կա՛մ ինչ-որ սցենարի բարձրաձայնում է Փաշինյանի կողմից, կա՛մ հերթական դրսևորումն է, որ այդ անձը որևէ կապ չունի պետական մտածողության հետ». Ռուբեն Մելքնոյան
Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրեց առաջարկ, որը հանրության ու փորձագիտական շրջանակներում զարմանք է առաջացրել։
Նա Անվտանգության խորհրդի նիստում առաջարկությամբ դիմեց Ադրբեջանի կառավարությանը և միջազգային հանրությանը.
«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:
Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի սուվերեն տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ առաջարկով արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը երկրի պետական տարածքները չի դարձնում վիճելի տարածքներ, եթե Ռուսաստանը նման առաքելություն չիրականացնի, սա չի՞ նշանակում, որ նման առաքելություն կարող է իրականացնել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, որը նույնն է թե՝ Թուրքիան իրականացնի։ Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։
Ռուբեն Մելքոնյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը մեկն է այն վտանգավոր հայտարարություններից ու քայլերից, որոնք ուղղված են Հայաստանի պետականության, ինքնիշխանության ու սուվերենության վերջնական կորստին։
«Բնականաբար, երբ նման հայտարարություն հնչեցվում է երկրի, ցավոք, ղեկավարի կողմից, արտաքին աշխարհում ընկալումներն ու մեսիջներն այլ կերպ են ընդունվում։ Դրանով, փաստորեն, Հայաստանը փաստում է, առաջինը՝ չի կարողանում իր սահմանները պահել, իսկ այն պետությունը, որը չի կարողանում սեփական սահմանները պահել, բնականաբար, պետականության չափորոշիչների մեջ ունենում է հետընթաց։ Այսինքն՝ պետականություն ունենալու առումով զգալի կասկածներ է հարուցում իր նկատմամբ։ Երկրորդ՝ եթե դիմում է այդպես լայն շրջանակներին, ԵԱՀԿ-ին և այլն, այստեղ առաջ է գալիս ոչ միայն այն խնդիրը, որ այդ տարածքներում դիտորդական առաքելություն կարող են անել տարբեր պետություններ, այլև առաջ է գալիս աշխարհաքաղաքական խնդիր։
Այսպիսով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և ՀԱՊԿ-ի պայմանագրով Հայաստանի սահմանները պաշտպանվում են նաև ՀԱՊԿ-ի միջոցներով։ Եթե դիցուք, այստեղ ըստ Փաշինյանի՝ ուզում է գործունեություն ծավալել, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ մի երկիր, օրինակ, Ֆրանսիան, չի՞ ստացվում բախում ՆԱՏՕ-ական և ՀԱՊԿ շահերին։ Ինչպե՞ս է պատկերացնում, որ ՀԱՊԿ պայմանագրի անդամ երկրում տեղակայվեն, օրինակ, ՆԱՏՕ-ական զորքեր և իրականացնեն ինչ-որ գործողություններ։ Սա կա՛մ ինչ-որ սցենարի բարձրաձայնում է Փաշինյանի կողմից, կա՛մ հերթական դրսևորումն է, որ այդ անձը որևէ կապ չունի պետական մտածողության հետ և չի ընկալում համաշխարհային ու տարածաշրջանային ընկալումները»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Միաժամանակ թուրքագետն ընդգծեց, որ վերը նշածները երկրորդական են, առաջնային է այն, որ Հայաստանը սրանով ֆիքսում է՝ անկարող է պաշտպանել իր սահմանները, և ՀՀ իշխանությունները ֆիքսում են, որ անկարող են իրականացնել երկրի սահմանների պաշտպանություն, ցանկացած իշխանության ամենաառաջնային ֆունկցիան սահմանների պաշտպանությունն է։ Չնայած այս ամենին, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը շարունակում են կառչած մնալ իշխանությունից և ամեն ինչ անում են վերարտադրվելու համար։ Հետևաբար՝ եթե երկրի սահմանները չեն կարողանում պաշտպանել, ի՞նչ իշխանություն են։
«Կրկնում եմ՝ այստեղ վտանգների մի ամբողջություն է տարբեր ոլորտների ու խնդիրների վերաբերյալ։ Փաստորեն, այն տարածքը, որը Հայաստանի սուվերեն տարածքն է, Հայաստանը դնում է օտարների բարեհաճության ներքո, թեկուզ այդ օտարները լինեն լավ առաքելություն ունեցող խաղաղապահներ կամ դիտորդներ։ Կարծես թե «էստի համեցեք» է անում, թե ով կգա Հայաստանի սահմանները պաշտպանելու կամ դիտորդական առաքելություն անելու։ Սրանով ֆիքսում է, որ Հայաստանն այդ տարածքների նկատմամբ իր սուվերեն իրավունքները չի կարողանում իրականացնել և դիմում է օտարների օգնությանը»,- շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությամբ նաև ադրբեջանական վարկածները, հավակնություններն էլ ավելի ուժեղ են դառնում, որովհետև Հայաստանն իր բոլոր գործիքակազմն օգտագործելով՝ չի կարողանում իր սուվերեն տարածքի պաշտպանությունն իրականացնել։ Այստեղից հարց է ծագում՝ գուցե այդ տարածքներն այդքան էլ Հայաստանին չեն պատկանում։
«Այն, ինչ Փաշինյանն ու վարչակազմը հայտարարում են, թե այդ գյուղերը ադրբեջանական են և այլն, հիմա այդ նույն տրամաբանությունը թաքնված է այս հայտարարության մեջ, որ կասկածի տակ է վերցվում դրանց հայկական պատկանելությունը, և հրավիրվում են ուրիշներ՝ այդ տարածքների պաշտպանությունն իրականացնելու համար»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։