Ակնհայտորեն տեսնում ենք, որ հայկական պետականությունը վերացնելու թուրքական ծրագիրը մինչև հիմա ուժի մեջ է․ Թուրքագետ
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձն է․ Առաջին Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո:
Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կասեցրին թուրքական ներխուժումն Անդրկովկաս՝ կանխելով Հայաստանի լիակատար ոչնչացումը: Այս պատմական արձանագրումն այսօր առավել քան հատկանշական է, քանի որ թուրքական վտանգն այժմ կախված է Հայաստանի Երրորդ Հանրապետության գլխին։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի հետ զրույցում օրվա խորհրդի համատեքստում անդրադարձել է նաև այսօր մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին։
«Ցեղասպանության ծանր հարվածից հետո մենք կարողացանք վերականգնել մեր պետականությունը, որ հարյուրամյակներ կորցրել էինք, մենք կարողացանք հաղթանակ տանել նույն թուրքի դեմ Սարդարապատի ճակատամարտում։ Սա վկայում է մեր ժողովրդի հզոր ոգու մասին,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ այսօր ևս ակնհայտ է, որ հայկական պետականությունը վերացնելու թուրքական ծրագիրն ուժի մեջ է,- Միանգամայն ակնհայտորեն տեսնում ենք, որ հայկական պետականությունը վերացնելու թուրքական ծրագիրը մինչև հիմա ուժի մեջ է, և այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, եթե լայն դիտարկենք, ապա կարող եմ ասել՝ այդ ծրագրի մաս է կազմում։ Այս օրերին ես միշտ հիշում եմ այն հրամանը, որը ստացել էր 1920 թ․-ին Հայաստան ներխուժած թուրքական զորքերի հրամանատար Քյազըմ Կարաբեքիրը․ այդ հույժ գաղտնի հրամանում բառացիորեն գրված էր հետևյալը՝ Հայաստանը պետք է մեջտեղից վերացնել․ «…Անհնարին է, որ Հայաստանը, որը գտնվում է մեծ մահմեդական շրջանակի կենտրոնում, այդ դաժան ժանդարմի պարտականությունից սրտի համոզմունքով հրաժարվի և որոշի իր բախտը լիովին կապել Թուրքիայի և իսլամականության հետ: Այդ պատճառով, բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի…» (թարգմանությունը՝ Ռ․ Սաֆրաստյանի)։
Այդ ծանր խայտառակ պարտությունից հետո ես ամիսներ շարունակ կրկնել եմ, որ հաջորդ հարվածը հասցվելու է Սյունիքում, ինչի ականատեսն ենք լինում այժմ․ Սյունիք, Գեղարքունիք, այսինքն՝ Հայաստանի այն հատվածները, որոնք Թուրքիայի համար ունեն ռազմավարական նշանակություն՝ առաջին հերթին՝ պանթուրքիստական ծրագրեր իրականացնելու տեսակետից, երկրորդը՝ թուրքերը և ադրբեջանցիները շատ ավելի կոնկրետ՝ ռազմաստրատեգիական նպատակներ են հետապնդում, որ հնարավորություն ստանան ուղիղ ցամաքային կապով միանալու՝ Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան, և այդպիսով՝ Թուրքիան հնարավորություն է ստանում մեր տարածաշրջանում կտրուկ փոխել իրադարությունն իր օգտին, զենք-զինամթերք տեղափոխել Ադրբեջան, և այլն։
Մեծ է վտանգը, շատ մեծ է, և այստեղ պետք է ասել, որ, ցավոք սրտի, մինչև հիմա մեր իշխանությունները չեն կարողացել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ ծրագրերը թուրքերը չկարողանան իրականացնել»։
Հարցին, թե հաշվի առնելով իշխանությունների անկարողությունն այս մարտահրավերները լուծելու հարցում՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս իշխանությունների հեռանալու պարագայում հնարավոր կլինի շտկել իրավիճակը հօգուտ մեզ, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց․
«Մեր ժողովուրդը, որ իր մեջ ուժ գտավ Ցեղասպանությունից հետո վերականգնել պետականությունը, Սարդարապատում պարտության մատնել թուրքին, չեմ կասկածում, որ իր մեջ ունի շատ հզոր հոգևոր ներուժ, ինչը հնարավորություն կտա, այո, մեզ վերականգնվելու, այս ծանր պարտության հետևանքները վերացնելու։ Բայց դրա համար պետք է և՛ կամք , և՛ մեր ժողովրդի միասնականությունը»։