Այս պահին չեն երևում սատելիտ կուսակցություններ, որոնց հետ Փաշինյանը կարող է հետագայում կոալիցա ձևավորել․ Քաղաքագետ
168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն ամփոփել է 2021թ. մայիսի 18-21-ը ՀՀ-ում իրականացված հարցումների արդյունքները․ Քաղաքացիները պատասխանել են քաղաքական կուսակցությունների վարկանիշներին, արտահերթ ընտրություններին, Սյունիքում զարգացումներին առնչվող հարցերի։
Ըստ այդմ՝ հարցվածների կեսից ավելին կարծում է, որ մենք ապրում ենք ոչ անվտանգ երկրում, 33%-ի կարծիքով՝ այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չի կարող իրականացնել արդար և թափանցիկ ընտրություններ, և, որ իշխող՝ «Իմ քայլը» դաշինքի հանդեպ վստահությունը պակասել է 2 տոկոսի չափով։
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս հարցումները վկայում են երկրում առկա հեղափոխական էյֆորիկ մթնոլորտի նահանջի մասին, քանի որ ակնհայտ է՝ հասարակությունն արդեն արձագանքում է անվտանգային խնդիրներին, առկա է վստահության պակաս։
Ի պատասխան՝ քաղաքագետը նշեց, որ ֆոկուս խմբերում իրականացվող ուսումնասիրություններն արդեն ակնհայտ էին դարձնում իշխող ուժի վարկանիշի անկման միտումները, իսկ այս հարցումները կանխատեսվող տենդենցների որոշակի հաստատումն էին։
«Կարծում եմ՝ այդ ռեյտինգի նվազումն իրականում ավելին է, ոչ թե այն պատճառով, որ սոցիոլոգներն են սխալ թվեր ներկայացրել, այլ, քանի որ հեռախոսով է արվել հարցումը, ինչը հաճախ հայկական մենթալիտետի դեպքում կասկածահարույց է՝ ինչ հարցում է, ովքեր են անում, ինչի համար․ գուցե պատասխանոողը նշի, որ չի կողմնորոշվել, կամ ստանդարտ դեպքում ասի՝ Նիկոլին եմ ընտրելու, բայց գնա- ընտրի ինչ-որ ընդդիմադիրի։ Այսինքն՝ այստեղ, մտածողությունից ելնելով՝ անճշտություն կա, ինչը գուցե ներառված է սոցիոլոգների նշած սխալմունքի մեջ,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով երկու հարցերի վրա,- Ամենացայտուն թվերից մեկը, որն այդ հարցման արդյունքներում ինձ համար կարևոր ինդիկատորներից էր՝ «Դուք մասնակցե՞լ եք 2018 թ․ շարժմանը» հարցն էր, որին ի պատասխան՝ միայն 43 տոկոսն էր ասել՝ այո, իսկ 53 տոկոսը՝ ոչ, մինչդեռ 2018 թվականին հարցվածների 99 տոկոսն էր ասում՝ մենք մասնակցել ենք (ասինքն՝ այն ժամանակ դա համարվում էր պատվաբեր գործ, և բոլորն ուզում էին այդ գործին ինչ-որ չափով մասնակից համարվել՝ անկախ մասնակցած լինելու հանգամանքից)։ Սա այլ կերպ մեկնաբանել, քան լուրջ հիասթափություն, հնարավոր չէ։ Այսինքն՝ սրանից բխում է, որ մարդիկ առնվազն կրկնակի հիասթափված են։
Հարցումները մեկ այլ կարևոր բան էլ ցույց տվեցին, որ հարցվածների մեջ զգալիորեն ավելացել է այն զգացողությունը, որ իրենք ապրում են ոչ անվտանգ երկրում․ հարցվածների մոտավորապես 56 տոկոսը կամ միանշանակ համարում էին, որ անվտանգ երկրում չեն, կամ համարում էին՝ «ավելի շուտ անվտանգ չեն»։ Այսինքն՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային խնդիրների հետ կապված՝ պատմությունը և, ըստ էության, պետության անզորությունն ադրբեջանական փաստացի ագրեսիայի դեմ, նոր խնդիր է ստեղծել իշխանության համար․ համարում են, որ այսօրվա իշխանությունը չի հանդիսանում ժողովրդի անվտանգության երաշխավոր։ Սա ևս ազդելու է ընտրողների քվեարկության վրա»։
Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի ձայներ, ունի իր ընտրազանգվածը, բայց այն տոկոսային չափորոշչով շատ հեռու է բավարար լինելուց, որպեսզի որպես քաղաքական ուժի ղեկավար՝ կարողանա հաղթել։
«Լավագույն դեպքում՝ պետք է փորձի կոալիցիաներ ձևավորել, բայց դա էլ իր երկրորդ պրոբլեմն է, որի մասին միշտ ասել եմ։ Այս պահին առանձնապես չեն երևում սատելիտ կուսակցություններ՝ քողարկված կամ բացահայտ պրոիշխանական, որոնց հետ ինքը կարող է հետագայում կոալիցիա ձևավորել։ Ընդ որում, տենդենցն այնպիսին է, որ իր ձայները ժամանակի ընթացքում նվազում են»,- ասաց նա։
Հարցին, թե հաշվի առնելով այս տենդենցը՝ որքանո՞վ եք հավանական համարում ընտրություններից Նիկոլ Փաշինյանի հետքայլը․ ընտրություններ չեղարկումն ինչ-ինչ գործոններով պայմանավորված՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ վերջին օրերին դաշտ են նետվում այնպիսի թեզեր, թե հնարավոր ռազմական դրություն հայտարարելու ֆոնին՝ կարող են չեղարկվել արտահերթ ընտրությունները, Վիգեն Հակոբյանը պատասխանեց․
«Եթե այս տենդենցը շարունակվի, և Փաշինյանը վերջնականապես հասկանա, որ վերարտադրվելու հետ կապված խնդիր ունի, կցանկանա նման քայլի գնալ՝ ռազմական դրություն հայտարարելու ճանապարհով չեղարկել ընտրությունները։
Բայց, ըստ իս, այս ընտրությունների անցկացման որոշումն ընդունվել է ոչ միայն Հայաստանում (ընտրություններ անցկացնելու վերջնական կնիքը խփվել է այս տարվա ապրիլին, երբ Ն․Փաշինյանը մեկնեց Ռուսաստան), և այստեղ խնդիրներ կարող է ունենալ։ Այդ պատճառով, միանշանակ չէ, որ դա միայն իր լուծելու խնդիրն է, թեպետ թե՛ ինքը, եթե այս տրենդը շարունակվի, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, օրինակ, կարող են կառավարելի ֆորս-մաժոր ստեղծել, և արդեն իսկ դրա նախադրյալները կան՝ մայիսի 12-ից Ադրբեջանի ԶՈՒ հազարից ավելի ներկայացուցիչներ գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Այդուհանդերձ, ամեն ինչ չէ, որ իր ցանկությամբ է»։