Նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանի որևէ իշխանավոր միանձնյա չի որոշել ազգի ճակատագիրը․ Գագիկ Գինոսյան

Օրերս հրապարակվեց «ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ակումբի 24 անդամներն իշխանություններին մասնավորապես հորդորում են դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ներխուժման, Հայաստանի սուվերենության խախտման փաստը, խնդրել դիտորդական առաքելություն, ՀՀ զինված ուժերը և այլ զորքերը փոխադրել լիակատար մարտական պատրաստվածության վիճակի, հայտարարել մասնակի զորահավաք, շփման գծի ողջ երկայնքով ՀՀ սահմանապահ և ՀՀ ՊՆ ԳՇ ստորաբաժանումները տեղակայել այնպես, որ ապահովվի սահմանների անվտանգությունը՝ բոլոր հատվածներում, տեղակայված ստորաբաժանումների գործառույթների արդյունավետ կատարման համար ապահովել համապատասխան ենթակառուցվածք։ Այս ամենին զուգահեռ՝ ակումբի անդամները կարևորել էին երկրում «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանում ռազմական դրության հայտարարումը։ Գործող իշխանություններին կոչ էին արել Հայաստանում ռազմական դրություն հայտարարել:

168.amը այս հայտարարության, դրա հրապարակման պատճառների, հայտարարության տեքստի մշակման աշխատանքների մասին զրուցել է ակումբի անդամների՝ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի և «ՕգմենթԱր» ընկերության ղեկավար Արթուր Խոջաբաղյանի հետ։ Նկատենք՝ մի քանի այլ անդամներ, որոնց դիմել էինք, հրաժարվեցին մեկնաբանություններ տալ ամենատարբեր պատճառաբանությամբ։

Դուք վստա՞հ եք, որ վաղն այս իշխանությունների կողմից հրաման չի լինի՝ զորքը հետ քաշելու. ես վստահ չեմ

Գագիկ Գինոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված ակումբի այս հայտարարությունը, եթե իշխանության կողմից չի եղել ահազանգ, որ վիճակն օրհասական է՝ ընդհակառակը, ականատեսն ենք շարունակական ծածկադմփոցի։ Ի պատասխան՝ նա ասաց․

«Իշխանությունը, եթե չի հասկանում, կամ իրեն ձեռնտու չէ, կամ ինչ-որ մի բան թաքցնում է, որ մենք չգիտենք, դա չի նշանակում, որ մենք գիտակցություն չունենք, կամ իշխանությունն ամեն ինչ հասկանում է, իսկ մենք ոչ մի բան չենք հասկանում․ մենք պատմական փորձ ունենք և պատմական օրինակներ ունենք։

Ես՝ որպես 80-ականների վերջերից Նժդեի գործունեությունը, գաղափարախոսությունը ուսումնասիրած մարդ, հասկանում եմ, որ Սյունիքի անվտանգության խաթարումը Հայաստանի պետականության կործանումն է։ Եվ այստեղ ձեռքերը ծալած սպասել, որ․․․ Այս իշխանություններն ասում էին՝ սահմաններն անվտանգ են, հանգիստ եղեք, ոչ մի բան չկա, հիմա մտել են 3.5 կմ, էլի ասում են՝ խնդիր չկա, վերահսկողության տակ է։ Իրենք, իրենց բնորոշ այդ տգետ ձևակերպումները․․․ մի ժամանակ ասում էին՝ ռիսկերը վերահսկելի են․ ռիսկն այն է, որը վերահսկելի չէ․ եթե վերահսկելի է, արդեն ռիսկ չէ։ Այսինքն՝ նման տգետ տերմինոլոգիայով մարդկանց խաբեության մեջ պահել, դա երևի այս իշխանությունների գործելաոճն է։ Եվ հիմա իրենց լսել և ոչինչ չանել, երբ որ ակնհայտ է վտանգը պետականության կորստի, և ակնհայտ է ուղղակի՝ գոնե Սյունիքի անվտանգությունը խաթարված է ավելի քան և մեր պետականության ամբողջականությունը»։

Անդրադառնալով ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտությանը և մեր հարցին, թե արդյո՞ք այդ կետը գործող իշխանությունները չեն օգտագործի՝ փախչելու նաև արտահերթ ընտրությունների պատասխանատվությունից, որը հանրային ճնշման ներքո ստանձնել են, մշակութային գործիչը պատասխանեց․

«Ես կարծում եմ, որ ռազմական դրություն մտցնելու խնդիրը ոչ թե ընտրությունները չեղարկելու խնդիրն է, այլ մոբիլիզացիայի իրավունքը ունենալու, որովհետև մեր պետությունը մոբիլիզացիա չի հայտարարում և հակառակը՝ Պաշտպանության նախարարությունը տարածում է հաղորդագրություն, որ այդ տարածաշրջանում կարող են լինել փոխհրաձգություններ, և ձեր ներկայությունն անցանկալի է. խնդրում ենք ձեռնպահ մնալ այդ տարածքներում ճանապարհորդելիս: Այսինքն՝ մենք արդեն մեր երկրի մեջ ճանապարհորդելիս պիտի ինչ-որ վերապահումներ ունենանք։ Նախորդ օրն ինձ ծանոթ մարդկանցից տեղեկացել եմ, որ ոչ թե արդեն Կապան, այլ նաև Գորիս ճանապարհորդելիս են անձնագրեր ստուգում, և այլն, ինչը, իհարկե, ապօրինի է. Եթե երկրում ռազմական իրավիճակ չի հայտարարված, ոչ մեկն իրավունք չունի ՀՀ տարածքում տեղաշարժը խոչընդոտելու: Սա իմ հայրենիքն է»։

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ այդպիսով իշխանությունները ռազմական դրության բաղադրիչներ են իրականացնում՝ թույլ չտալով գնալ սահմանամերձ հատվածներ․

«Փոխանակ իրենք կազմակերպեն աշխարհազոր, հակառակը՝ աշխարհազորին, ով ցանկություն ունի լինելու այնտեղ, թույլ չեն տալիս հետամուտ լինել և գոնե զինվորի կողքին կանգնել… Դուք վստա՞հ եք, որ վաղը հրաման չի լինի՝ զորքը հետ քաշելու. ես վստահ չեմ։ Եվ այս դեպքում անհասկանալի է, որովհետև եթե հրաման չկա դուրս քշելու հակառակորդին, ուրեմն կարող է և հակառակ հրամանն էլ լինել, եթե մինչև հիմա չի հայտարարվել՝ ով է մեղավոր, որ սահմանի այդ հատվածն անպաշտպան էր, ով է մեղավոր, որ թուրքն անխոչընդոտ ներթափանցել է ՀՀ տարածք՝ առանց փամփուշտ կրակելու, առանց դիմադրության հանդիպելու․ իսկ ինչի՞ մենք չենք մտել իրենց տարածք։

Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ ինչ-որ դավադրություն, այնուամենայնիվ, կա՝ միգուցե գործող այս իշխանությունների ապիկարությամբ, միգուցե իշխանությունների լռակյաց համաձայնությամբ, միգուցե, նաև մեր իշխանությունների մասնակցությամբ, որպեսզի հետո ասեն՝ դե՜, 25 հազար մարդ փրկեցինք, դրա համար ստիպված էինք այդ պայմանագիրը ստորագրել… Այժմ կստեղծվի մի իրավիճակ, որը կարդարացնի ինչ-որ մի պայմանագիր ստորագրելը, որով մենք միջանցք կտրամադրենք, կամ Տիգրանաշենը կտանք, կամ Վարդենիսում ինչ-որ հողակտոր կտան:

Գագիկ Գինոսյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ հրաժարական տված վարչապետն իրավունք չունի վարելու այդ պաշտոնը, լինելու ժամանակավոր պաշտոնակատար: Բազմաթիվ իրավաբաններ, քաղաքական-հասարակական գործիչներ են այդ հարցը բարձրացրել, սակայն Նիկոլ Փաշինյանին չի մտահոգում այդ հանգամանքը: Ժամանակին նա հայտարարում էր, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իրավունք չունի լինել ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, այսօր, սակայն, մոռանալով իր այդ հայտարարությունները՝ խախտում է Սահմանադրությունը, բոլոր օրենքները:

«Սա արդեն իսկ Սահմանդրության խախտում է, և հիմա մենք հակասահմանադրական իրավիճակում ենք գտնվում, և առավելևս, որ այդ մարդու ստորագրությամբ որևէ փաստաթուղթ իր հրաժարականից հետո չի կարող իրավական հիմք ունենալ։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ՝ ես ստորագրելու եմ այդ փաստաթուղթը, որը, ըստ նրա, ոչ թե 99, այլ 100 տոկոսով հայ ժողովրդի շահերից է բխում..․ կներեք, բայց եկեք հայ ժողովրդի շահը դուք մի՛ որոշեք, որովհետև հայ ժողովրդին, հայոց պետականությանը վերաբերող, հայոց սահմաններին վերաբերող ցանկացած որոշում պետք է իրականացնի ժողովուրդը, իսկ ես իրեն չե՛մ ընտրել, չե՛մ ընտրելու, և ինքը ժողովուրդը չի՛ և ժողովրդին ամբողջական չի՛ ներկայացնում․ դրա համար գոյություն ունեն հանրաքվեներ, գոյություն ունի, ի վերջո, ազգի կամարտահայտության ձևեր, և ոչ թե ինքն իրեն կարգելով, ապօրինի։ Թեկուզ ինքն ապօրինի էլ չլիներ, ինչը որ է այս պահին, նման որոշումները կայացվում են միայն հանրաքվեներով և ամբողջ ազգի կարծիքը հաշվի առնելով, և ոչ թե ինչ-որ մարդիկ, որոնք․․․ Այդպես նույնիսկ խորհրդային տարիներին չի եղել, նույնիսկ այդ բռնատիրական ժամանակահատվածում Հայաստանի որևէ իշխանավոր միանձնյա չի որոշել ազգի ճակատագիրը»։

Գորիսում եմ, կարծես մարդիկ չզգան, որ մի քանի կիլոմետր այն կողմ շատ լարված իրավիճակ է, և մազից է կախված պատերազմը

««Համակարգ» ակումբն արդեն մի քանի ամիս է՝ գործունեություն է ծավալում։ Այս ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ հասարակության մեջ չքաղաքականացված մարդկանց ներգրավմամբ․ մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ ինչ-որ դրական բան են արել երկի զարգացման համար»,- 168.am-ի հետ զրույցում իրենց նախաձեռնությանն անդրադարձավ «ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբի անդամ, «ՕգմենթԱր» ընկերության ղեկավար Արտուր Խոջաբաղյանը։

Նա նշեց, որ ակումբն այս ընթացքում երբեք ոչ մի հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել, քանի որ նպատակը եղել է ոչ թե հնչեղություն ունենալը, այլ հասկանալը, թե ինչ կարող են անել։

«Բայց առկա իրավիճակը, որը ստեղծվել է մեր սահմաններում, ստիպել է, որ մենք հանդես գանք հայտարարությամբ։ Բոլորս մասնակցել ենք տեքստի մշակմանը․ այն բոլորի հետ քննարկվել և համաձայնեցվել է»,- հավելեց Ա․ Խոջաբաղյանը։

Հարցին, արդյո՞ք հայտարարության մեջ նշված կետերը հնարավոր չէ իրագործել առանց ռազմական դրության հայտարարման, նա պատասխանեց․

«Իրականում խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք՝ գործ ունենք պատերազմական իրավիճակի հետ․ Օրինակ, հիմա ես Գորիսում եմ, հաճախ կարծես մարդիկ չզգան, որ մի քանի կիլոմետր այն կողմ շատ լարված իրավիճակ է, և մազից է կախված պատերազմը։ Ռազմական դրության տրամաբանությունն այն է, որ պետությունը և առհասարակ բոլորը պետք է լրջանան ու պատրաստվեն պատերազմին»։

Ճշգրտմանը՝ արդյո՞ք ռազմական դրության հաստատումն իշխանությունների համար առիթ չի դառնա խուսափելու արտահերթ ընտրություններից, քանի որ նախկինում ականատեսը եղել ենք, որ ռազմական դրությունը փորձել են ծառայեցնել նաև իրենց քաղաքական շահերին, իրենց նեղ նպատակներին, ««ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբի անդամն արձագանքեց, որ իրենք չեն դիտարկել այդ կետի քաղաքական կոմպոնենտը՝ չնայած, որ հասկանում են շատերի մտավախությունը․ ակումբի անդամներին այս պահին հուզում է միայն երկրի անվտանգությունը, որը մազից է կախված։ Նա նաև նշեց, որ հրապարակվել է ակումբի անվտանգության հայեցակարգն ամբողջությամբ, որին ծանոթանալով՝ հնարավոր է ավելի լայն պատկերացում կազմել ակումբի անդամների կողմնորոշումների և նպատակների մասին։

Նկատենք՝ «ՀամաԿարգ» ակումբի անդամ է նաև Ռազմարդյունաբերական փորձագետ Ավետիք Քերոբյանը․ 2018 թ․-ի հայտնի իրադարձություններից ամիսներ անց նա Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ 2020 թվականին ազատվել էր պաշտոնից։

Ամիսներ անց իշխանությունների կողմից նախարարի պորտֆել էր առաջարկվել Ավետիք Քերոբյանի եղբորը՝ Վահան Քերոբյանին։ Նա ցայսօր իշխանական թիմի ներկայացուցիչ է՝ կատարելով նախարարի ժամանակավոր պարտականությունները։

Սա, թերևս, հետաքրքրական է այնքանով, որ Քերոբյանները, փաստորեն, տարբեր պատկերացումներ ունեն երկրում առկա իրավիճակի մասին՝ մի եղբայրը հավատում է Փաշինյանին, նրա կառավարության մաս է կազմում՝ ապագայի մասին ինչ-ինչ անիրատեսական խոստումներով, մյուս եղբայրն ահազանգում է երկրում տիրող օրհասական վիճակի մասին և անգամ նշում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին։

Մեր այս դիտարկումներին՝ Ավետիք Քերոբյանն այսպես արձագանքեց․ «Մենք ևս եղբորս հետ միասին առաջին իսկ օրվանից եղել ենք ռազմաճակատում, իսկ Վահանին նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը արվել է այն ժամանակ, երբ ձեռքին ավտոմատ էր, հագին համազգեստ, տանն էլ 4 երեխա, մեկն էլ՝ ճանապարհին»։

Ի դեպ, ռազմական դրության մասին․ այս օրերին հաճախ ենք հանդիպում դաշտ նետված թեզերին, թե ռազմական դրության հայտարարմամբ պետք է չեղարկել հնարավոր ընտրությունները։ Ու թեև սահմանադրագետների պնդմամբ՝ ռազմական դրությունն արտահերթ ընտրությանը խոչընդոտ չէ և կարող է խոչընդոտել միայն հերթական ընտրությունները, այդուհանդերձ, գործող իշխանությունների դեպքում այս պնդումը դժվար թե վերջնական լինի, քանի որ մեկ անգամ չէ, որ նրանք կարողացել են այս կամ այն ձևակերպումից օգտվել ցպահանջ՝ անտեսելով և Սահմանադրությունը, և օրենքները։

Միայն նշենք, որ ռազմական դրության հայտարարմամբ արտահերթ ընտրությունների չեղարկման թեզ են շրջանառում նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ հաշվի առնելով Փաշինյանի և ողջ իշխանության օր օրի նվազող վարկանիշը:

Տեսանյութեր

Լրահոս