Բաժիններ՝

Առաջին դասարանցիների ընդունելության նոր կարգի նախնական արդյունքները

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունեկության գործընթացի կարևոր բաղադրիչ է երեխաների տվյալները նախապես ստուգելը: Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ տվյալները ստուգելու հաջորդ փուլն արդեն երեխաներին գրանցելն է: Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։

«Երեխայի, ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում, բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել: Օրինակ՝ պարզվի, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չտա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է այն նպատակով, որ զերծ մնանք չարաշահումներից»,- ասաց Արտակ Պողոսյանը:

Արտակ Պողոսյանը հավաստիացնում է, որ թե տվյալների ստուգման, թե հայտագրվելու կայքերն անխափան աշխատել են, որևէ խնդիր չի եղել: Նա նկատեց, որ նախորդ տարի եղել են դպրոցներ, որտեղ 40 վայրկյան անց արդեն տեղերը սպառվել էին: Այդ հսկայական հոսքի դեպքում գրանցման կայքն աշխատել է առանց խոչընդոտների:

Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը դիմեց նման լուծման: Արտակ Պոսոսյանի խոսքով, նման գործընթացի նպատակը եղել է տարիներով ուսումնասիրված խնդրի լուծման անհրաժեշտությունը: Նախ՝ այս համակարգով չկա որևէ միջանձնային հարաբերությունների պատճառով ծնողին մերժելու հանգամանք: Նախկինում ծնողը գնում էր դպրոց, որտեղ իրեն ասվում էր, թե տեղ չկա երեխային ընդունելու համար: Հարց է, իրապե՞ս տեղ չկար, թե այդպես ասվում էր այլ ծանոթների երեխաներին տեղավորելու համար: Հիմա այս համակարգով ծնողը պարզ տեսնում է, թե որտեղ տեղ կա, որտեղ՝ ոչ: Դրանից բացի, լինում էին դեպքեր, երբ դպրոցները լիցենզիայով սահմանված քանակից ավելի երեխաներ էին ընդունում: Այս համակարգը հնարավորություն չի տալիս ի սկզբանե խախտել լիցենզավորմանը կարգը:

Արտակ Պողոսյանը նկատեց, որ առաջին դասարանցիների ընդունելության այս նոր տարբերակն արդեն արդյունքներ է տալիս: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևան քաղաքում կամ մյուս քաղաքային դպրոցներում կա գերծանրաբեռնված դպրոցների որոշակի բեռնաթափում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս