Հայաստանը հայտնվել է բարձր անկայունության գոտում

Հայաստանում ու Հայաստանի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակը շարունակում է լուրջ ահազանգ ու սպառնալիք լինել՝ ինչպես երկրի, այնպես էլ՝ տնտեսության համար։ Իրենց աթոռներին ամեն գնով կառչած մնալու մոլուցքով տառապող իշխանությունները հասան նրան, որ նույնիսկ պատերազմի ավարտից 6 ամիս հետո եղած մարտահրավերն ու ռիսկերը չեն թուլանում։ Ոչ թե չեն վերանում, այլ չեն թուլանում։

Հիմա պիտի մտածեինք, թե ինչ պետք է անել օր առաջ տնտեսությունը ճգնաժամից հանելու, տնտեսական ծրագրերը խթանելու, սոցիալական լարվածությունը երկրում ինչ-որ կերպ թուլացնելու համար։ Բայց իշխանությունների անպատասխանատու պահվածքի ու անխոհեմ քայլերի պատճառով հայտնվել ենք պերմանենտ ցնցումների մեջ։

Շատերին թվում էր, թե նոյեմբերյան խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո տնտեսական կյանքն աստիճանաբար կմտնի բնականոն հուն։ Կրկին սկսել էին հեքիաթներ հորինել տնտեսական աճերի ու սպասվող զարգացումների մասին։ Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ սպասումներն արդարացված չէին։

Հայաստանի սահմաններին վերջին օրերին ծավալվող իրադարձությունները սպառնում են խորացնել ու երկարաձգել տնտեսական ճգնաժամը մեր երկրում։ Առանց այդ էլ մեր տնտեսությունը մի նորմալ վիճակում չէ։ Անցած տարվա անկումից հետո, անկումային իրավիճակն այսօր էլ պահպանվում է։

Առաջին եռամսյակի արդյունքով, ունեցանք ակտիվության 2 տոկոսանոց անկում։ Սակայն դա հրապարակված պաշտոնական ցուցանիշն է, որը չի արտահայտում տնտեսության զարգացումների իրական պատկերը։

Պաշտոնական վիճակագրությունը չափից շատ է ջանացել իշխանություններին դուր գալու ակնկալիքով՝ անկման ավելի համեստ ցուցանիշ ներկայացնել։ Այնինչ, մեր տեղեկություններով, տնտեսական ակտիվության անկումն իրականում շատ ավելի մեծ է, քան հայտարարված 2 տոկոսն է։ Առաջին եռամսյակում այն կազմել է գրեթե 3,5 տոկոս։

Սպասվում է, որ առաջիկայում պաշտոնական վիճակագրությունը կշտկի ու կվերանայի այս «անմեղ» սխալը, ինչպես արել է նախորդ ամիսների դեպքում։

Բայց դրանից, բնականաբար, տնտեսության վիճակը չի փոխվի։ Այն կշարունակի մնալ այնպիսին, ինչպիսին կար։

Վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության անհեռանկար քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է բարձր անկայունության գոտում։ Առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք լուրջ խոչընդոտ են լինելու տնտեսական գործընթացների համար։

Նման պայմաններում պարզապես անիմաստ է ակնկալել տնտեսության արագ վերականգնում։ Առավել ևս՝ խոսել զարգացումների մասին։

Հայաստանի շուրջ ստեղծված լարվածությունը մեկ անգամ ևս ազդակ է ներդրողների համար, որպեսզի հրաժարվեն ներդրումներ անել մեր երկրում։ Չնայած այնպես չէ, որ ներդրողները մինչ այդ հերթ էին կանգնած ներդրումներ անելու համար։ Բայց առկա իրավիճակը հուշում է, որ հիմա ներդրողները շատ ավելի զգույշ կլինեն որոշումներ ընդունելուց առաջ։

Անցած մի քանի օրերի իրադարձությունները վկայում են, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ամբողջությամբ պահպանվում են։ Ընդհակառակը՝ դրանք կարող են ամեն պահի վերածվել նոր հակամարտության։

Սա բարձր, չափազանց բարձր ռիսկ է ցանկացած ներդրողի համար, ով մտադիր է ներդրումներ անել մեր երկրում։ Զարմանալի չէ, որ ներդրումները լքում են Հայաստանը։

Վերջին ամիսներին անհանգստացնող երևույթներ են տեղի ունենում մեր բանկային համակարգում։ Բայց դա իշխանություններին կարծես չի էլ մտահոգում։

Խնդիրը վերաբերում է արտաքին կապիտալի տեղաշարժերին։ Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի երեք ամիսներին օտարերկրյա ռեզիդենտները բանկային համակարգից հանել են 125,5 մլրդ դրամ, որն ավանդի տեսքով պահում էին բանկերում։ Խոսքն ավելի քան 241 մլն դոլարի մասին է։ Երեք ամսում ոչ ռեզիդենտներին պատկանող այդքան գումար դուրս է եկել բանկերից։

Սա հազիվ թե պատահականություն կարող էր լինել։ Դրանք գումարներ են, որոնք ըստ էության դուրս են բերվել ոչ միայն բանկերից, այլև երկրից։

Անկայունության աստիճանը մեր երկրում ու երկրի շուրջ չափազանց բարձր է։ Ու դա անհանգստացնում է օտարերկրյա կապիտալի տերերին։

Անհանգիստ են նաև մեր քաղաքացիները։ Դա երևում է բանկային փողերի տեղաշարժերից։

Կապիտալի արտահոսքը բանկային համակարգից ու երկրից վատ ազդակ է տնտեսության համար։ Առավել ևս՝ այնպիսի տնտեսության, որը ֆինանսական միջոցների լուրջ կարիք ունի։

Վերջին իրադարձություններն ահազանգ են ոչ միայն՝ ներդրումների, այլև՝ տնտեսության առանձին ճյուղերի համար։ Խոսքը հատկապես զբոսաշրջության մասին է։

Եթե նույնիսկ համարենք, որ համավարակն ու ճանապարհային սահմանափակումներն այլևս խոչընդոտ չեն տուրիզմի համար, միևնույն է, դրանից իրավիճակը շատ չի փոխվի։ Մասնավորապես այն բանից հետո, երբ որոշ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Հայաստանը համարեցին բարձր ռիսկի գոտի և հորդորեցին իրենց քաղաքացիներին՝ խուսափել այցելելուց։

Կարևոր չէ՝ նրանց օրինակին կհետևե՞ն ուրիշները, թե՞ ոչ։ Դա արդեն բավական է, որպեսզի շատերը զգուշանան Հայաստան այցելելու մտքից։

Մինչդեռ, տարին չսկսած՝ Էկոնոմիկայի նախարարը բարձր ճշգրտությամբ գնահատականներ էր հնչեցնում այս տարվա զբոսաշրջության աճի վերաբերյալ։ Նախարարի կանխատեսմամբ՝ այցելուների քանակը 319 տոկոսով կավելանա։ Սպասումը 1,2 մլն զբոսաշրջիկի հաշվարկով է։ Տարվա առաջին 3 ամիսներն այցելել է 86 հազարը։ Բայց առնվազն այս պահին հետագա ակտիվությունը կասկածի տակ է։

Մեր տնտեսության ռիսկերն այսօր չափից դուրս շատ են։ Դրանք կապված չեն միայն երկրի անվտանգության հետ։ Իրենց հիվանդագին ամբիցիաների պատճառով՝ իշխանությունները՝ ինչպես երկիրը, այնպես էլ՝ տնտեսությունը կանգնեցրել են ծանր փորձության առաջ, որտեղից դուրս գալու ելքերն առայժմ չեն երևում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս