«Եթե հայկական կողմից ժամանակին բարձրանային և այդ գագաթում ամրանային, ադրբեջանցիներն արդեն բարձրանալ չէին կարողանա». Կարեն Վրթանեսյան
Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից մի քանի տեսանյութ:
Razm.Info-ի փոխանցմամբ, տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:
«Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում»,- գրում է մասնագիտացված կայքը:
168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նշեց.
«Դատելով ադրբեջանցիների շրջանառած տեսանյութերից, նկարահանումն արված է [xxxxx] կոորդինատներով բարձունքից, որի գագաթով նախկինում անցել է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանը։ Եթե հայկական կողմից ժամանակին բարձրանային և այդ գագաթում ամրանային, ապա ադրբեջանցիներն արդեն բարձրանալ չէին կարողանա։ Սակայն դա չի արվել, և ունենք փաստ, որ ադրբեջանական զինուժը զբաղեցրել է այդ բարձունքը»։
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը «Ռազմինֆոյի» «մեկնաբանած» տեսանյութերի վերաբերյալ գրել էր, թե «Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա թշնամին բարձունք է գրավել»:
ՀՀ ՊՆ-ից հերքել էին՝ ասելով, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում:
Այսինքն, ըստ էության, բարձունք կա այդ հատվածում, որը կարող էինք մենք գրավել:
Արցախի հերոս գեներալ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՊՆ-ի հերքմանը.
«Սուտ ասելու և այդ սուտը ստով հերքելու նուրբ արվեստը։ Դեռևս մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը թշնամու պաշտպանական բնագիծը Սևանա լճից, Արեգունի բնակավայրի ուղղությամբ 6,66 կմ էր»:
Մեզ հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն էլ իր հերթին ադրբեջանական կողմի քայլերի նպատակներն այսպես մեկնաբանեց՝ Ադրբեջանը, բացի կեղծված քարտեզներով ՀՀ տարածքի որոշ հատվածներ ներխուժելուց, տարածքներ «խլելուց», սահմանազատման աշխատանքներ պարտադրելուց, տեղեկատվական հարթակում հոգեբանական-տեղեկատվական նոր գրոհներ է սկսել։
«Արդեն բոլորս էլ գիտենք, թե հատկապես որ մասերում են ադրբեջանցիները ներխուժել ՀՀ տարածք, կան տեսանյութեր, դրանց մասին չի խոսքը։ Այլ այն տեսանյութերի, որոնց տարածման ժամանակ շատ հաճախ օգտատերերը դժվարությամբ են տարբերակում ճիշտ ինֆորմացիան խեղաթյուրվածից, և ադրբեջանական հղումներով տարածում են դրանք։ Նույնիսկ այն դեպքերում, երբ ադրբեջանցիները ըստ պայմանավորվածությունների, հստակ սահմանագծումով են իրենց զբաղեցրած կետերում դիրքավորվել, միևնույն է՝ տպավորություն ու ազդեցություն են փորձում ստեղծել մեր սոցցանցերի տիրույթում, թե իբր նորանոր դիրքեր են գրավել:
Փորձ է արվում ցույց տալ, թե ինչպիսի անպաշտպան վիճակի մեջ ենք մենք գտնվում, և ինչ վերահսկողություն ունեն մեր սահմանների, բնակչության նկատմամբ։ Մարդիկ անորոշ իրավիճակի մեջ են հայտնվում։ Այնպես չէ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը սահմանների պաշտպանության համար համապատասխան և անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել: Պարզապես այս դեպքում խնդիրը նաև ադրբեջանական մեդիագրոհներին դիմակայելն է, այդ ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելը։ Երկրի վարչապետի ԺՊ-ն շատ հաճախ նմանատիպ տեսանյութեր տարածողներին մեղադրում է մեդիատեռորի և ադրբեջանական քարոզչություն կատարելու մեջ, իսկ մեր անվտանգության համապատասխան կառույցներն ինչո՞վ են զբաղված, ի՞նչ քայլեր են ձեռնարկում ադրբեջանական քարոզչամեքենայի նվազեցման, հնարավորության դեպքում՝ չեզոքացման ուղղությամբ, այ դրա մասին պետք է մտածել»,- շարունակեց փորձագետը: