Մինսկի խմբի առջև դրած առաջադրանքը շարունակում է լինել իր հիմնական առաջնահերթությունը՝ հասնել  ամբողջական քաղաքական համաձայնության. Թոմաս Դե Վաալ

«Հարավային Կովկասն ակնհայտորեն մեծ առաջնահերթություն չէ Բայդենի վարչակազմի համար. նրանք ունեն խոշոր ներպետական օրակարգ, իսկ արտաքին քաղաքականության հետ կապված խոշորագույն հարցը լինելու է Չինաստանը, նաև կլիմայի փոփոխությունը, բայց ես հույս ունեմ տեսնելու շատ ավելի խորը և ազդեցիկ ներգրավվածություն, քան նախկինում: Ըստ իս՝ արդեն իսկ տեսնում ենք խնդիրներ՝ պայմանավորված քիչ ներգրավվածությամբ՝ օրինակ, այն փաստը, որ ԱՄՆ-ը այլևս չունի մեծ դեր Ղարաբաղյան հակամարտության մեջ»,- հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումում իր ելույթն այսպես սկսեց «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս Դե Վաալը՝ հույս հայտնելով տեսնել ԱՄՆ-ի  ավելի մեծ ներգրավվածություն:

Թոմաս Դե Վաալի գնահատմամբ՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից կարծես մի մեծ բեռ է ընկել նախագահ Բայդենի այն հայտարարությամբ, որով ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը. «Սա միանշանակ եղել է մի հարց, որը մեծ տեղ էր զբաղեցնում ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում 30-40 տարիների ընթացքում։ Հիմա, երբ հայտարարությունն արված է, ԱՄՆ-ը կոչում է Ցեղասպանությունը Ցեղասպանություն. այդ հարցը լուծված է։

Կարծում եմ՝ սա դրական է այն առումով, որ ԱՄՆ-ը գուցե կարող է կենտրոնանալ արդի հարցերի վրա»:

Նա նաև նշեց, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն չպետք է ՀՀ-ին միայնակ թողնեն. «Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, թե Հայաստանի համար որքան կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց նաև կարծում եմ, որ նրանք հասկանում են՝ Հայաստանը ցանկանում է կառուցել այլ հարաբերություններ ևս, և դա լավ է»:

Այս համատեքստում անդրադառնալով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին՝ Դե Վաալը նկատեց, որ այդ հարաբերությունները կարելի է դասել նույն շարքում, ինչ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, գուցե մի փոքր լավ.

«Ադրբեջանն անհրաժեշտ է ԱՄՆ-ին տարբեր պատճառներով՝ էներգետիկ, անվտանգային ոլորտների գործակցություն, բայց ակնհայտորեն Ադրբեջանում շատ խնդիրներ կան ժողովրդավարության հետ, և ԱՄՆ-ը բարձրաձայնում է այս խնդիրները»։

Բանակցային պրոցեսի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ բանախոսը վստահեցրեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ակնհայտորեն շարունակում է գործել, սակայն միևնույն ժամանակ հավելեց, որ իրավիճակը լիովին տարբերվում է այն իրավիճակից, որն 9 ամիս առաջ էր. «Ներկայում Հայաստանը շատ թույլ դիրքերում է, Ադրբեջանը՝ զգալիորեն ավելի ամուր դիրքերում։ Բացի այդ, կան ռուս խաղաղապահ ուժերը։ Մինսկի խմբի առջև դրված առաջադրանքը շարունակում է լինել իր հիմնական առաջնահերթությունը, այն է՝ հասնել  ամբողջական քաղաքական համաձայնության, բայց Հայաստանը դեռևս մերժման փուլում է, այն շատ կենտրոնացած է անհապաղ հարցերի վրա՝ կապված գերիների խնդրի, Հադրութի շրջանի և Սյունիքի շրջանի հետ։ Չեմ կարծում, որ Հայաստանն այժմ այն իրավիճակում է, որ կենտրոնանա ամբողջական քաղաքական համաձայնագրի վրա, և ես նաև չեմ տեսնում շատ հետաքրքրվածություն ադրբեջանական կողմի մոտ»:

Դե Վաալը խոսեց նաև ամերիկաթուրքական հարաբերություններում առկա խնդիրների մասին՝ այդուհանդերձ նկատելով, որ այդ հարաբերությունները կպահպանվեն, ապա նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, թե չի կարծում՝ այդ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է այս պահին.

«ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը Թուրքիայի կողմից Ղարաբաղի հարակից շրջանների հարցն էր. Այդ հարցն այժմ դուրս է մղվում: Առնվազն տեսականորեն կարող է սկսվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ներկայիս համատեքստում դա անհնար է՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին վերջին հակամարտության ժամանակ: Մեկ այլ պատճառ էլ այն է, որ Թուրքիայում ամենաառաջադեմ քաղաքական խմբերը, որոնք աջակցում էին կարգավորմանը, այժմ հալածվում են բանտերում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս