Իրանի Միջուկային ծրագրի վերականգնումը՝ հետպատերազմյան բարդ հնարավորություն Հայաստանի համար

Մայիսի 20-ին, Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շրջանակում, Արևմուտքը  համաձայնեց չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Այս  մասին նույն օրը հայտարարեց  Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի շուրջ։ Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղյալ հայտարարել գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են մի քանի աննշան հանգամանքների շուրջը»,- մանրամասնել էր Իրանի նախագահը:

Ուշագրավն այն հանգամանքն է, որ Իրանի ու Բայդենի վարչակազմի մասնակցությամբ Արևմուտքին բավականին քիչ ժամանակ հարկավոր եղավ նման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Վիեննայում ապրիլի սկզբից էին ընթանում Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) նիստերը։ Աշխատանքներ են տարվում նաև «Գործողության համատեղ համապարփակ ծրագրի» իրականացումը վերսկսելու նպատակով, այն է՝ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում և Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում նաև ԱՄՆ-ի պատվիրակության հետ: Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է նաև, որ իր երկրի և գերտերությունների միջև արդեն կա համաձայնություն 2015 թվականի միջուկային պայմանագիրը վերականգնելու շուրջ:

Հիշեցնենք, որ  փաստաթուղթը, որի պաշտոնական անվանումն է՝ «Գործողության համատեղ համապարփակ ծրագիր», կնքվել է 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում: Միջազգային համայնքը ներկայացել էր 5+1 ձևաչափով, որի կազմում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը, ԵՄ անդամ Գերմանիան: Վերոնշյալ փաստաթղթով Իրանը պարտավորվել էր սահմանափակել միջուկային աշխատանքները, իսկ Արևմուտքը՝ բոլոր պատժամիջոցների չեղարկում։ Սա Իրանին կընձեռի նավթի արտահանումն ավելացնելու, երկրից դուրս  և հատկապես Արևմուտքում բանկերի ազատ աշխատանք երաշխավորելու, միջազգային առևտուրն ակտիվացնելու, հետևաբար՝ տնտեսությունը զարգացնելու և սոցիալական ծանր վիճակն էապես բարելավելու հնարավորություն:

Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168am-ի հետ զրույցում ասաց, որ Միջուկային համաձայնագիրը վերականգնվում է, դա կասկածից վեր է։ Ըստ նրա, դա, ինչպես նաև Չինաստանի հետ կնքված համաձայնագիրն Իրանի համար նոր, մեծ հնարավորություններ է ստեղծում, ինչն իր հերթին՝ էապես մեծացնելու է Իրանի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական դերակատարությունն ու նշանակությունը։ Վերլուծաբանի խոսքով՝  Բայդենի վարչակազմը սա անելու էր, սակայն միանշանակ է, որ Թուրքիայի, Չինաստանի ու Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը, ինչպես նաև Իրանում նշանակված ընտրությունները նպաստեցին, որպեսզի այս բանակցություններն ավելի մեծ թափով անցկացվեն ու հանգեցնեն արդյունքի։

«Միացյալ Նահանգները, բնականաբար, իր քաղաքականությունը համակարգային է դիտարկում, սակայն իրանաամերիկյան հարաբերությունները մշտապես առանցքային տեղ են ունեցել ԱՄՆ արտաքին քաղաքական դոկտրինում  և հատկապես դեմոկրատների համար։ Եվ, ըստ էության, Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկումից, միջուկային գործարքի վերականգնումից հետո նոր էջ է սկսվելու Իրան-Արևմուտք հարաբերություններում, որն ամրագրվելու է Իրանի հետ գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերով ու համագործակցությամբ, քանի որ Արևմուտքին, Չինաստանին պետք է Իրանի էներգետիկ ներուժը։ Սակայն այս գլոբալ ծրագրերով գծվելու է նաև Արևմուտքի ու Իրանի աշխարհաքաղաքականությունը, և այդ ծրագրերում կա Հայաստանը, Վրաստանը, այն երկրները, որոնց հետ Իրանն ունի վստահելի հարաբերություններ, չկան տարաձայնություններ։ Ներկայումս սա որոշում է Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, և Իրանը ներկայումս աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սրան զուգահեռ՝ իհարկե, այսօր այլ գործընթացներ կան Հարավային Կովկասում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև, որոնք ավելի ինտենսիվ բնույթ են կրում, ավելին, Իրանի ազդեցությունն արհեստականորեն մշտապես թուլացած է եղել՝ հաշվի առնելով արևմտյան տասնամյակներ շարունակվող պատժամիջոցները, սա խեղդել է Իրանին տնտեսապես ու քաղաքականապես,  ունենալով քիչ ազդեցություն հատկապես Հարավային Կովկասում, որը դիտարկվում  է՝ որպես ՌԴ ազդեցության գոտի։ Իրանն ավելի ակտիվ եղել է Մերձավոր Արևելքում, սակայն ներկայումս Հարավային Կովկասի կարևորությունն էապես բարձրացել է Իրանի համար, պատճառներից մեկն էլ Արևմուտքի հետ հեռանկարներն են։ Կարելի է նշել նաև, որ Իրանը վերափոխում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, արտաքին քաղաքականությունը շատ ցրված է եղել, ինչպես նաև՝ որոշ ուղղություններով կաշկանդված։ Հայաստանի դեպքում կաշկանդող է եղել նաև ԱՄՆ դիրքորոշումը, և Հայաստանը մշտապես հավասարակշռություն է պահել այդ հարաբերություններում, որպեսզի և Իրանի հետ հարաբերությունները չտուժեն, և ԱՄՆ-ի մոտ հարցեր չլինեն։ Ներկայում այս կաշկանդվածությունը թուլանալու է, և Արևմուտքը հետպատերազմյան փուլում Իրանին դեր է հատկացնելու գիտակցաբար, որը հեռանկար  է բացելու նաև Հայաստանի համար։ Բայց կրկնեմ, որ այստեղ գործընթացներն արագ են, և Արևմուտքը հասցնելու խնդիր ունի»,- նման կարծիք հայտնեց իրանցի փորձագետը։ Նա նշեց, որ պատահական չէ, որ վերջին ամիսներին  կան հայ-իրանական շփումներ Հյուսիս-Հարավի, Պարսից ծոց-Սև ծով ծրագրի հետ կապված։ «Հաղորդագրությունների համաձայն, գրեթե ամեն ինչ համաձայնեցված է տեխնիկական առումով, սակայն քաղաքական գործ կա անելու, քանի որ կան հայ-ռուսական հարաբերություններ, հակամարտությանը վերաբերող բազմաթիվ չկարգավորված հարցեր, ներքաղաքական իրավիճակ, քաղաքական կամք և այլն»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս