Պատվաստումների ընթացքը տեղափոխվում է դեպի ավելի աղքատ երկրներ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել ժողովրդի 38 տոկոսը` 138 միլիոն մարդ: Այժմ պատվաստման են ենթարկվում 12-15 տարեկան երեխաները, եւ Միացյալ Նահանգները սկսում է կենտրոնացնել ջանքերն աշխահի այլ երկրներում պատվաստումներն իրականացնելու խնդրի վրա: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
COVAX-ի ծրագրով AstraZeneca-ի հավելյալ քսան միլիոն չափաբաժին է ԱՄՆ-ը առաքելու այլ երկրներ, ընդհանուր առաքումների թիվը հասցնելով ութսուն միլիոնի:
Քովիդի հարցերով ԱՄՆ-ի գործադիր տնօրեն Ջերեմի Քոնինդուքը բողոքում է, որ համաշխարհային այս համավարակի դեմ պայքարում Չինաստանն ու Ռուսաստանը պատվաստանյութերի բաշխումն իրականացնում են տարբեր երկրներում քաղաքական ազդեցություն ձեռք բերելու նպատակով ու նրանցից քաղաքական զիջումներ պահանջելով:
Աշխարհում աղքատության ու հիվանդությունների դեմ պայքարող միջազգային ONE Campaign կազմակերպության պաշտոնատար անձինք ասում են, որ հարուստ երկրները կարող են իրենց ազգաբնակչությանը հարյուր տոկոսով պատվաստելուց հետո այլ երկրների հատկացնել 1 միլիարդ 300 միլիոն չափաբաժին, իսկ եթե պատվաստեն իրենց բնակչության 70 տոկոսին, աղքատ երկրներին կարող են տրամադրել ավելի քան 2 միլիարդ չափաբաժին:
Առողջապահական Research Triangle Institute-ի փոխտնօրեն Ռիչարդ Ռայթինգերի խոսքերով, ինքը հույս ունի, որ Միացյալ Նահանգները ստանձնում է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում հրամանատարի դերը:
Համավարակի դեմ պայքարում Բայդենի ընտրած պաշտոնյայի`Գեյլ Սմիթի խոսքերով էլ, ԱՄՆ-ի ջանքերը կարող են նմանվել Մարշալի պլանին: Դա այն ծրագիրն էր, որը Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ը կիրառեց եվրոպական երկրները ոտքի կանգնեցնելու համար:
Ամերիկան պատրաստ է դա անել: Եվ բացի այդ, այն խոստացել է COVAX ծրագրին հատկացնել 4 միլիարդ դոլար եւ հանել իր պատվաստանյութերի հեղինակային իրավունքը, որպեսզի դրանք հնարավոր լինի արտադրել նաեւ մյուս երկրներում: