Որո՞նք են Տավուշի և Արարատի մարզի վիճելի բնակավայրերը, որոնք եղել են Խորհրդային Ադրբեջանի վերահսկողության ներքո. Քարտեզագիրը՝ հնարավոր սահմանագծման մասին
Նոյեմբերի 9-ին Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, որից հետո Հայաստանի Հանրապետության սահմանների հետ կապված խնդիրներ սկսեցին առաջանալ:
Դեռևս 2021թ. հունվար ամսին Ազգային ժողովում պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը տեղի է ունենալու 1975-1976 թվականների քարտեզների հիման վրա:
«Շատ անգամ շահարկվում է Սյունիքի հարցը, ավելացվում են նաև մտացածին շատ թեզեր: Եկեք մեկ բան հասկանանք. սահմանապահ զորքերի տեղակայման համար, որը չի նշանակում՝ դելիմիտացիա, դեմարկացիա, ինչ-որ ձևով անվտանգությունն ապահովելու համար պետք է ընտրվի որևէ մեխանիզմ: Նույնական մեխանիզմ պետք է լինի: Այդ մեխանիզմն ընտրվել է 1975-76թթ. ռազմական քարտեզով՝ 50.000 մասշտաբով, որը գրեթե նույնական է 2010թ. այս դահլիճում ընդունված օրենքի սահմաններին: Դելիմիտացիան և դեմարկացիան այլ քննարկման առարկա են և մեր օրակարգում լինելու են, ինչպես որ կան մեր և Վրաստանի հետ սահմանազատման և սահմանագծման օրակարգերը»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ մայիսի 20–ին ասել է ՀՀ փոխվարչապետը:
«Այն, ինչ ասվել է, բանավոր է, չկա գրավոր որևէ համաձայնություն՝ կապված այս կամ այն թվականի քարտեզի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանը:
Անդրադառնալով խոսակցություններին, որ Տավուշի մարզի 5 գյուղ հնարավոր է՝ անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, Շահեն Շահինյանը նշեց, որ Խորհրդային Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվել են անկլավները:
«Ներկայիս անկլավներից մեկում գտնվում է հայկական Կայան բնակավայրը, իսկ մյուս անկլավում, եթե չեմ սխալվում, գտնվում են Բարխուդարլը և Սոֆուլու բնակավայրերը: Տավուշի մարզում այս բնակավայրերի հարցն է վիճելի, մնացածը, որքան ուսումնասիրել ենք, խոսքը գյուղատնտեսական և անտառային հողերի մասին է, ոչ թե բնակավայրերի: Կարող է լինել 1-2 շինություն, տուն, սակայն ամբողջական բնակավայրերի մասին տեղեկություններ առկա չեն: Արարատի մարզի Պարույր Սևակ և Զանգակատուն գյուղերի միջև գտնվող Տիգրանաշենը (Քյարքի) քարտեզներով եղել է Սովետական Ադրբեջանի կազմում, դա երևի մեզ համար ամենազգայուն խնդիրներից մեկն է, բայց պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի տարածքում ունենք մեր անկլավը՝ Արծվաշենը, որն իր մակերեսով մի քանի անգամ գերազանցում է Տիգրանաշենի անկլավին և մակերեսային առումով գուցե մի փոքր զիջի, եթե ադրբեջանական երեք անկլավները գումարենք իրար»,- մանրամասնեց քարտեզագիրը:
Խոսելով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբերի՝ 2021-ի մայիսի 12-ին Հայաստանի պետական սահմանը հատելու և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարելու մասին, Շահեն Շահինյանը նկատեց. «Դա Հայաստանի պետական սահմանի խախտում է, ներխուժում է Հայաստանի սուվերեն տարածք»:
Քարտեզագիրը շեշտեց՝ սահմանազատումը երկար գործընթաց է, կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի, նույնիսկ տասնյակ տարիներ:
«Կարևոր է՝ սկզբից ընտրել այն սկզբունքները, որոնց հիման վրա կատարվելու է սահմանազատումը, ապա ընտրել այն քարտեզը, որի վրա նշվելու են սահմանները։ Դրանից հետո կկատարվի սահմանագծում՝ յուրաքանչյուր կողմի՝ այդ հարցի շուրջ տեսակետ ձևավորելուց հետո, իսկ այն հատվածներում, որտեղ կողմերի տեսակետները չեն համընկնում, տարվում են բանակցություններ, որից հետո կողմերը ստորագրում են փաստաթուղթ այն մասին, որ իրենք սահմանագծումն ավարտել են, ապա աշխատանքները տեղափոխում են տեղանք, և կատարվում է դեմարկացում՝ սահմանանշում: Իսկ հետո նոր կողմերը կարող են սկսել սահմանի կահավորումը»,- եզրափակեց մեր զրուցակիցը: