Սահմանադրության տեսակետից Նիկոլ Փաշինյանը ոչինչ է․ Սահմանադրագետ
«Նիկոլ Փաշինյանը ՀՀ գործող Սահմանադրությամբ ժամանակավոր պաշտոնակատար չի համարվում և ոչ միայն իրավունք չունի նմանատիպ փաստաթուղթ ստորագրել, այլ, ընդհանրապես, ոտք դնել կառավարության շենք»,- կառավարության մոտ բողոքի միջոցառման ժամանակ նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր, ժամը 17։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի են հրավիրել ՀՅԴ ՀԵՄ-ը, «5165» ազգային շարժումը և Արա Զոհրաբյանի «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնությունը, իսկ ժամը 19:00-ին՝ նաև «Պատիվ ունեմ» դաշինքը․ Պատճառը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ աղմկահարույց փաստաթուղթն է, որը երեկ հանրայնացվեց Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից։
Սահմանադրագետը հիշեցրեց Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մասին․ «Նա իշխանությունը բռնազավթել է և շարունակում է որպես բռնակալ՝ իրականացնել իր ազգակործան քաղաքականությունը։ Ինձ համար նրա այդ մոտեցումը զարմանալի և անսպասելի չէ․ ինձ համար առավել զարմանալի է մեր ոստիկանության և մնացած իրավապահ մարմինների տգիտությունը ասեմ, թե դավաճան լինելը, որոնք շարունակում են ապահովել դավաճանի անվտանգությունը և շարունակում են ծառայել նրան»։
«Սահմանադրության տեսակետից Նիկոլ Փաշինյանը ոչինչ է․ նա չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա կլիներ ԺՊ, եթե կառավարության հրաժարական լիներ և ոչ վարչապետի։ Եվ եթե անգամ այդպիսին էլ լիներ, բացարձակապես այդ իրավունքը չկա․ ՀՀ տարածքների փոփոխության հարցը հանրաքվեով լուծվող խնդիր է, իսկ գլոբալ մասշտաբի նմանատիպ միջազգային փաստաթղթերը պետք է անցնեն պարտադիր ՍԴ կողմից նախնական սահմանադրական վերահսկողության գործընթաց, որից հետո այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն։ Հակառակ պարագայում՝ ցանկացած փաստաթուղթ առոչինչ է, և ես չգիտեմ՝ ինչ կործանարար հետևանքներ կունենա այս քայլը, բայց նաև խորապես հավատացած եմ, որ նոր իշխանությունը իրավական բոլոր հիմքերն ու կառուցակարգերն ունի առոչինչ ճանաչելու իշխանությունը բռնազավթած անձի դավաճանական գործողությունները»,- եզրափակեց Վարդան Այվազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում