Իրանցիները փորձում են հակազդել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ծրագրի ակտիվացմամբ, որի կարևորագույն բաղադրիչը պետք է լինի հենց Սյունիքի մարզով անցնող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին․ իրանագետ
Այսօր Պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական հերթապահ հաղորդագրությունն առ այն, որ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել։
Ի դեպ, այս հարցով օրեր տևող բանակցությունները շարունակում են մնալ առանց կոնկրետ արդյունքների։
Նկատենք՝ փորձագիտական շրջանակները հատկապես Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական նկրտումները քննարկում են տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ հենց այս համատեքստում դիտարկելով նաև միջազգային հայտարարություններն ու դրանց շեշտադրումները։
168.am-ն այս իրադրության շուրջ իրանական արձագանքների մասին զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, որի գնահատմամբ՝ Իրանի կողմից առկա զարգացումների վերաբերյալ դիրքորոշումները բավականին հստակ արտահայտվել են պատերազմի օրերից սկսած․
«Դա արվել է թե՛ հոգևոր առաջնորդի մակարդակով՝ խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմի վերջին փուլին, որի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդի ուղերձում հստակ արձանագրում կար առ այն, որ տարածաշրջանում միջազգային սահմանները որևէ կերպ չպետք է փոփոխվեն, թե՛ Իրանի արտգործնախարարի, երբ նա նշեց, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է, թե՛ վերջերս Իրանի ԱԳՆ խոսնակի և նաև՝ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի մակարդակով։
Վերջին հայտարարությունը շատ ավելի բաց էր և շատ ավելի թափանցիկ․ նշվում էր, որ որևէ պարագայում Հայաստանի և Իրանի միջև սահմանը որևէ կերպ չպետք է փոփոխության ենթարկվի։ Խոսքը վերաբերում է թե՛ ադրբեջանական ագրեսիայի հնարավորությանը, թե՛, բնականաբար, այն ծրագրին, որի շրջանակներում Բաքվի բռնապետը պարբերաբար խոսում է ինչ-որ Զանգեզուրյան միջանցքի մասին»։
Հիշեցնենք՝ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման միջադեպին՝ նշել էր․
«Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»։
Իրանական արձագանքների վրա, ըստ մեր զրուցակցի, լուրջ ազդեցություն ունի նաև պաշտոնական տեղեկատվությունը, որը, մասնավորապես, Սյունիքի վերջին միջադեպի առնչությամբ, նրա գնահատմամբ, բավականին հակասական է եղել․ «Սյունիքում վերջին իրադարձությունների հետ կապված, երբ ադրբեջանական կողմը լկտիաբար մուտք է գործել ՀՀ ինքնիշխան տարածք և զավթել այդ տարածքի որոշակի հատված՝ Սև լճի և Իշխանասարի հատվածը, դրա վերաբերյալ կար, ըստ էության, լրատվական քաոս, որը նաև մեր հասարակությանն է մատնում անորոշության։ Դա դուրս է գալիս Հայաստանի սահմաններից, և Իրանում որոշում կայացնողները չեն կարողանում հստակ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ի վերջո, մասնավորապես, Սև լճի հատվածում։ Ուստի իրանական դիրքորոշումները կախված են նրանից, թե ինչպես է մեր պաշտոնական լրատվությունը նաև աշխատում։
Երբ ամենաբարձ մակարդակով լինում են հակասական հայտարարություններ՝ հիշում եք, սկզբում կոնկրետ պաշտոնյա հայտարարեց, թե ադրբեջանցիները մոլորվել են, հետո կրկին ապատեղեկատվության և լրատվական քաոսի հերթական ալիք, և, ի վերջո, միայն կեսգիշերն անց տեղեկացանք իրականության մասին»։
Իրանագետը համոզված է՝ սա իրանական կողմում՝ փորձագիտական ու պաշտոնական շրջանակներում, թերընկալումներ է առաջացրել Սյունիքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Նա հիշեցնում է, որ ներքին լսարանի համար տրվող տեղեկատվությունն ազդում է նաև արտաքին մեր գործընկերների դիրքորոշումների և հայտարարությունների տեքստերի վրա։
Քանի որ Բաքվի բռնապետի կողմից պարբերաբար շրջառության մեջ է դրվում «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ թեման, Վարդան Ոսկանյանին խնդրեցինք նշել, թե այդ միջանցքի հնարավոր գործարկումն ինչպիսի՞ անվտանգային խնդիրներ կստեղծի Իրանի համար։ Ի պատասխան՝ նա ընդգծեց՝ այն Իրանի անվտանգությանն ուղղակի սպառնալիք և ուղղակի մարտահրավեր կդառնա, եթե դրա շուրջ խոսակցությունները տեղափոխվեն գործնական դաշտ․
«Առայժմ միայն քարոզչական տիրույթում է շրջանառվում դա․ չնայած նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության համապատասխան կետը նաև տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղ է թողնում՝ կապված միջանցք լինել-չլինելու հետ, ինչից էլ օգտվում է Բաքվի բռնապետը՝ փորձելով առաջ մղել այդ գաղափարը։
Ընդ որում, դա արվում է Թուրքիայի դրդմամբ, որովհետև այդ «միջանցքը» շատ ավելի պետք է Թուրքիային՝ իր պանթուրանական ծրագրերն իրականացնելու համար, ծրագրեր, որոնք մշակվել են մոտ 100 տարի առաջ, և դրանց իրականացումը փորձ է կատարվում անել՝ օգտվելով մեր տարածաշրջանում Հայաստանի սուբյեկտայնության նվազումից և Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհ քաղաքականության հետևանքով ստեղծված այս ամբողջ իրավիճակից»։
Առհասարակ, իրանագետը վստահեցրեց՝ իրանցիների համար ձեռնտու չէ, որպեսզի Հայաստանի Հանրապետության հատկապես Սյունիքի մարզում՝ հատկապես այն հատվածում, որը սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, լինի որևէ տարածք, որը դուրս կլինի հայկական ինքնիշխան վերահսկողությունից։
Հետևաբար, ըստ նրա, այսպես կոչված, միջանցքն ուղղակի հակասության մեջ է իրանական շահերի հետ այս տեսանկյունից․ «Եթե դուք նայեք Իրանի հյուսիս-արևմուտքը, ապա կտեսնեք, որ ադրբեջանաթուրքական տարածքի միակ այլընտրանքը ՀՀ-ն է՝ իր Սյունիքի մարզով։
Մյուս կարևոր հանգամանքը՝ եթե թուրքական դիրքերն ուժեղանում են Հարավային Կովկասում, իսկ այդպիսի միջանցքի ստեղծումը, բնականաբար, բերելու է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային ուղիղ կապի հաստատմանը, ապա դա կրկին վտանգում է Իրանի տարածաշրջանային անվտանգությունը․ Իրանը, ըստ էության, հյուսիս-արևմուտքից շրջափակվում է պանթյուրքական նկրտումներ ունեցող էրդողանական վարչակարգի կողմից ղեկավարվող ծրագրի շրջանակներում։
Այսինքն՝ Իրանի հյուսիս-արևմուտքը հայտնվում է պանթյուրքական շրջափակման մեջ։
Վերջինը շատ վտանգավոր է՝ ոչ միայն հաշվի առնելով տրանսպորտային խնդիրները, աշխարհաքաղաքական և ռազմական զարգացումները և այլ բաղադրիչներ, այլ նաև այն հանգամանքը, որ Իրանի հյուսիս-արևմուտքում բնակչությունը, իրանցիները թյուրքալեզու են, և Բաքուն Անկարայի անմիջական միջամտությամբ, անմիջական աջակցությամբ վարում է մի քաղաքականություն, որը միտված է Իրանի հյուսիս-արևմուտքում պանթյուրքական գաղափարների տարածմամբ, անջատողականության սերմանմամբ։ Այսպես կոչված՝ «հարավային Ադրբեջանի» այդ ծրագիրը չի դադարել գոյություն ունենալուց, և դրա միջոցով փորձ է արվում պառակտել նաև իրանական հասարակությունը (չնայած այժմ Իրանը բավական հաջող կառավարում է իրավիճակը, բայց այսուհանդերձ, մենք ունենք թեև լուսանցքային դերակատարություն ունեցող, բայց պանթյուրքական առանձին խմբակներ, որոնք կարողանում են բավական բարձր աղմուկ բարձրացնել՝ վտանգելով նաև հայ-իրանական հարաբերությունները)»։
«Ուստի որևէ պարագայում՝ եթե թեկուզ հաշվի առնենք այդ երկու բաղադրիչը` պանթուրանական շրջափակումը, Իրանի ներսում պանթյուրքականության տարածումն ու արմատավորումը, բնականաբար, չեն բխում այս պետության կենսական շահերից։ Իրանցիները փորձում են այս ամենին հակազդել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ծրագրի ակտիվացմամբ, որի կարևորագույն բաղադրիչը պետք է լինի հենց Սյունիքի մարզով անցնող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որը Հայաստանն անխախտ կապով կկապի մի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մյուս կողմից՝ Վրաստանի հետ։ Այսինքն, ըստ էության, մենք կդառնանք այլընտրանք Իրանի համար դեպի Սևծովյան տարածաշրջան՝ իր ելքն ապահովելու տեսանկյունից, որն այժմ իրականացվում է մասնակիորեն Ադրբեջանի և մասնակիորեն Թուրքիայի ճանապարհներով»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։