«Հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում». Փաշինյանի չկատարած հերթական խոստումը

Նոյեմբերի 18-ին՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից 9 օր անց, Նիկոլ Փաշինյանը 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ էր հրապարակել, տրված խոստումների «իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելու» համար էլ խնդրել էր 6 ամիս: Վեցամսյակն այսօր բոլորեց: Ծրագրած միջոցառումներից մեկով Փաշինյանը վստահեցնում էր, թե կձևավորեն «պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգ»: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տարբեր մասնավոր  հաստատություններ զբաղվում են հանրության հոգեբանական վիճակի բարելավման խնդիրներով, սակայն պետական մակարդակով որևէ միջոցառման մասին չի լսել:

«Որպես այս ոլորտում աշխատող՝ կարող եմ ասել, որ մեր կենտրոնը սեփական հիմունքներով նման գործընթաց իրականացնում է, բայց չգիտեմ, թե պետությունն ի՞նչ է անում դրա համար: Վստահ չասեմ, որ ոչինչ չի անում, միգուցե ինչ-որ տեղ ինչ-որ բան արվում է, բայց ես տեղյակ չեմ, չեմ լսել, որ նման բան իրականացվի: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես հանրության հոգեբանական, որոշ դեպքերում՝ նաև հոգեկան վիճակին, հետպատերազմյան դեպրեսիվ վիճակ է, ընդհանուր առմամբ որևէ փոփոխություն չկա, որովհետև չեմ կարծում, որ մեր կենտրոնների ուժերը կներեն ամբողջ հանրապետության մակարդակով ինչ-որ հարցեր լուծելու համար, Երևանում ինչ-որ մասշտաբ, իհարկե, վերցրել ենք մեզ վրա, բայց դա այն ծավալն ու մեծությունը չունի, ինչ ծավալի վնասներ մենք այդ առումով կրել ենք: Բնականաբար, դա չի կարող իրեն-իրեն անցնել, իր հետքը թողնելու է, 90-ականների պատերազմն էլ է թողել իր հետքը: Մասնակցողների, զոհերի ընտանիքների, վիրավորների և իրենց ընտանիքների մասով հետքերն ավելի ծանր են լինում, բայց այնպես չէ, որ այն մարդկանց կողքով, ովքեր չեն մասնակցել, առանց հետք անցել է: Այս պատերազմի ժամանակ մենք ունեցանք անապահովության զգացում նույնիսկ Երևանում, անօդաչու թռչող սարքեր էին թռչում և՛ Կոտայքում, և՛ Երևանում, ունեցանք անվտանգային խնդիրներ, անվտանգության զգացողությունը կորավ, հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ունենք խնդիրներ, այնտեղի ապրողներն էլ այդ նույն խնդիրներով են ապրում, սա պետական մոտեցում է պահանջում, կարծում եմ, որ պետությունն այսօր հավուր պատշաճի չի վերաբերվում այս հարցին, և հանրությունը գտնվում է հոգեբանական ճնշված վիճակի մեջ»,- ասաց հոգեբանը:

Մեր հարցին, թե հանրության շրջանում առկա բաժանարար գծերը պատերազմից հետո վերացե՞լ են, թե՞ ավելի են խորացել, Մադաթյանը պատասխանեց, որ խորացել են:

«Իհարկե ավելի խորացավ: Սա միտումնավոր արված գործընթաց էր դեռևս 2018թ.-ին՝ բաժանել «սևերի և սպիտակների», հիմա էլ իշխող կուսակցությունը գնում է ընտրությունների՝ նորից բաժանելով «սևերի ու սպիտակների»:

«Նախկինների» ու «ներկաների» կատեգորիաները, որոնք տրվում են, հենց բաժանելու համար են տրվում, որովհետև ոչ մի որոշակիություն չկա այդ «նախկիններ» ասվածի մեջ, ո՞ւմ են համարում «նախկիններ», հիմա ես նախկի՞ն եմ, թե՞ նախկին չեմ, չեմ կարողանում հասկանալ, կամայական հարմար առիթի ես կարող եմ դառնալ իրենց համար «նախկին», կամայական այլ առիթի՝ չդառնալ «նախկին», այս լղոզված չափորոշիչներով որոշակի բաժանում կատարելն իրականում մեկ նպատակ ուներ՝ բաժանել ոչ թե «նախկին-ներկա», «սև-սպիտակ», այլ տիրանիայի գաղափարի կողմնակիցներ և ոչ կողմնակիցներ: Այսօրվա դրությամբ ով քննադատական խոսք կասի այս իշխանությունների մասին, դառնում է «սև», «նախկին», ոնց ուզում եք՝ ասեք, տարբեր անվանումներ է տվել Նիկոլ Փաշինյանը իր բազմաթիվ ճղճղոցների մեջ, իսկ այն մարդիկ, ովքեր ավելի շատ փորձում են հետույքաբնակությամբ զբաղվել այս իրավիճակում, կամ ինչ-ինչ պատճառներով սատարում են այս իշխանություններին, իրենք արդեն ավելի առաջադեմ են այս իշխանությունների համար: Պատերազմից հետո գծերն ավելի են խստացել, որովհետև «պատերազմի մեղք» հասկացություն կա, «պատասխանատվության» հասկացություն կա, քննադատողները շատ լավ հասկանում են, որ այս պատերազմի անհաջողության ամբողջ բեռը դրված է այս իշխանությունների ուսերին, իսկ այս իշխանությունն ուզում է դրա տակից դուրս գալ և գցել ում վրա ասես, միայն իր վրա չլինի, և այս առումով ավելի խստացել է, հիմա շատ կրիտիկական իրավիճակ է հանրության մեջ, լուրջ անջրպետ կա»:

Իսկ ընտրությունները կվերացնե՞ն անջրպետը:

«Ընտրությունները կլինեն այդ անջրպետի կուլմինացիոն կետը, որոշակիորեն սպառում կլինի, որովհետև այդ ընտրությունները հենց ցուցանիշն են այդ անջրպետի: Հիմա արդեն՝ դեռևս ընտրություններ չեղած ժամանակ, հանրությունը բաժանված է երկու մասի, կա մի մաս, որը կամայական ընդդիմադիր ուժի է սատարում, այստեղ կապ չունի, թե ում, և կա մի մաս, որը սատարում է ոչ թե այսօրվա իշխանություններին, այլ Նիկոլ Փաշինյանի անձին, այսօրվա իշխանություն ասելով՝ հասկանում ենք Նիկոլ Փաշինյանը անձը, վերացրեք Նիկոլ Փաշինյանի անձը, և իշխանությունում այլևս պերսոնա չի մնա և սատարող էլ չի լինի, բացի իրենց ընտանիքներից, կլինեն ԱԺ պատգամավորները թե նախարարները, այդ մարդկանց, բացի իրենց ընտանիքներից, ուրիշ մարդ չի էլ ճանաչել երբեք, որ մի հատ էլ սատարի, գործ էլ չեն արել, որ գործով սատարեն, ոչ մի կերպ սատարման արժանի չեն: Նիկոլ Փաշինյանի անձի՝ խաղից դուրս գալու հետ այս ամենը վերանալու է միանշանակ, նույնիսկ այդ անջրպետն է վերանալու, որովհետև այն մարդիկ, ովքեր սատարում էին Նիկոլ Փաշինյանին, այլևս չունեն սատարելու Նիկոլ Փաշինյանին, իսկ նրանք սովորաբար կոնֆորմիստներ են, որոնք փորձելու են  հարմարվել տվյալ իրավիճակին և սատարելու են ում ուզեք՝ ՀՀԿ-ին, Վանեցյանին, «Հայաստան» դաշինքին, ում ուզեք կսատարեն, միայն կոմֆորտը պահպանվի»,- ասաց Մադաթյանը:

Տեսանյութեր

Լրահոս