«Իշխանասարի հատվածում գոնե մեկ փոքր ստորաբաժանում կարող էինք տեղակայել. ադրբեջանական մեդիա տիրույթում մեկ ամիս քննարկվել է թեման». Վիտալի Մանգասարյան

44-օրյա պատերազմից հետո, երբ մեր սահմանը երկարեց ավելի քան 500 կմ-ով, մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց խոսել բանակում տեղի ունեցող բարեփոխումներից և առաջնագծում տեղի ունեցող անտեսանելի աշխատանքների մասին: Այս մասին խոսում էր անձամբ վարչապետը՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: Բայց բանակում տեղի ունեցող բարեփոխումները, առավելևս՝ առաջնագծում տեղի ունեցող ինժեներական աշխատանքները, չեն կարող կատարվել անտեսանելի ձևով:

168.amի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

«Մենք ունենք մի շարք խնդիրներ, ինչը հենց պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը տարբեր առիթներով արձանագրում է, սակայն, ցավոք սրտի, միայն խոսքերի և պոպուլիստական հերթական հայտարարությունների մակարդակում տեղի ունեցող հայտարարություններ են, գործնականում շոշափելի և բավարար աշխատանք տեղի չի ունենում դրանց վերացման ուղղությամբ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ չեն հասցրել Իշխանասարի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնել: Սակայն պետք է արձանագրել՝ կոնկրետ Իշխանասարի և մի քանի այլ հատվածների մասով թեման ադրբեջանական կողմն առնվազն փորձագիտական մակարդակում ավելի քանի մեկ ամիս առաջ հանրային քննարկման առարկա էր դարձրել իրենց մեդիա տիրույթում:

Եթե այս ամենին գումարում ենք նաև հետախուզական տվյալները, ապա, կարծում եմ, դժվար չէր այս ամենը կանխատեսել և Իշխանասարի հատվածում գոնե մեկ փոքր ստորաբաժանում տեղակայել: Ինձ համար հստակ պարզ է մի բան, որ ադրբեջանցիներն այս ագրեսիվ քայլով երկու խնդիր են լուծում. առաջին՝ նախընտրական փուլում ստեղծել լարվածություն մեր երկրում՝ շատ լավ հասկանալով, որ ընտրություններից հետո գործող իշխանությունը հնարավոր է փոխվի, ինչը, բնականաբար, այս փուլում ոչ մի կերպ ձեռնտու չէ Ադրբեջանին, երկրորդ՝ օգտվելով ներկայիս իշխանությունների՝ իրավիճակին չտիրապետելու հանգամանքից, հնարավորինս բարենպաստ և ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներում տեղավորվելն է, ինչը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով հնարավորություն կտա տարբեր մարտավարական և, ինչո՞ւ չէ, ռազմաքաղաքական խնդիրներ լուծել»,- մանրամասնեց փորձագետը:

Անդրադառնալով «բանակ չունենք» թեզի տարածմանը և պնդումներին, Վիտալի Մանգասարյանը նշեց, որ բանակ չունենալու թեզը հիմնականում տարածում են իշխանական թևի ներկայացուցիչները, և այդ ամենը փաթեթավորվում է նախկինների՝ թիրախավորման բաղադրիչներով:

«Բայց եթե նախկինում ցանկացած զորամաս ուներ իր առջև դրված մարտական խնդիրը, այն է՝ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, և ըստ ստեղծված իրավիճակի, համապատասխան որոշումներ կայացնել, ապա հիմա այդքան էլ պարզ չէ՝ ո՞րն է առաջնագծում տեղակայված ստորաբաժանումների մարտական խնդիրը»,- շարունակեց Մանգասարյանը:

Ըստ նրա, ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Սյունիքը հայտնվում է տարբեր գերտերությունների ուշադրության կենտրոնում, մեր երկիրը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների:

«Այդ ուղղությամբ պետք է տարվի մեծ ծավալով աշխատանք, ինչը գործող իշխանությունները, մեղմ ասած, ունակ չեն իրականացնելու: Մենք պետք է առաջնային կարողանանք լուծել ազգային համախմբման խնդիրը, և դրա արդյունքում գեներացված էներգիան ուղղենք անվտանգային խնդիրների լուծմանը, ինչը, ցավոք սրտի, տեղի չի ունենում: Օրինակ, մենք ունենք աշխարհազորի մասին ընդունված օրենք, որը ենթադրում է՝ ցանկացած տեղական ինքնակառավարման մարմին, քաղաքապետ, մարզպետ պետք է ունենա աշխարհազորի համար պատասխանատու տեղակալ, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված հայտնի իրադարձություններից հետո, մի շարք մարզպետների աշխարհազորայինների մասով պատասխանատու տեղակալները հրաժարական տվեցին, և ես ներկա պահին չգիտեմ, թե Սյունիքի մարզում կամ Արմավիրի մարզում աշխարհազորի մասով մարզպետարանների պատասխանատուն ով է, և ինչ խնդիր կա իր առջև դրված»,- եզրափակեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս