««Պատիվ ունեմ»-ը որոշակի ռիսկի է գնացել, բայց մտածված, քանի որ այս մի քանի օրերի ընթացքում բոլորը դրա մասին են խոսում»․ քաղաքագետ

Հիմնական խաղացողներն աստիճանաբար, նաև պաշտոնապես են մտնում խաղի մեջ, և ակնհայտ է՝ դա փորձում են անել հնարավորինս կրեատիվ, հիշվող եղանակով՝ անդրադառնալով քաղաքական ուժերի նախընտրական վերջին հայտերին. այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Մենք համոզվում ենք, որ այս ընտրությունների վրա դրված խաղադրույքը բավականին մեծ է, և բոլոր հիմնական քաղաքական ուժերը փորձում են ամենայն լրջությամբ դրան վերաբերվել՝ գլխավոր հակառակորդին միանգամից տպավորելով ուժով, կարգապահությամբ, կազմակերպվածությամբ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ դա տեսանելի էր և՛ «Հայաստան» դաշինքի, և՛ օրերս ներկայացած «Պատիվ ունեմ» դաշինքի պարագայում։

Նրա գնահատմամբ՝ դատելով նաև մամուլի ու իշխանական շրջանակների արձագանքներից՝ «Պատիվ ունեմ» դաշինքը ևս իր պրեզենտացիոն միջոցառմամբ հասել է նպատակին, այն է՝ ընտրական քարոզարշավում նոր բրենդի ճանաչելիություն և քաղաքական ուժի մասին պատկերացում․ «Կարևոր խնդիրներից մեկը բրենդի ճանաչելիությունը մեծացնելն է, որպեսզի ընտրություններին պոտենցիալ ընտրազանգվածի համար (եթե տվյալ դաշինքի կամ այդ դաշինքում ընդգրկված գործչի կողմնակիցն է) այդ անունն արդեն ճանաչելի լինի, և հաջորդը՝ ոչ միայն հիշվի այդ անունը, այլ մոտավորապես պատկերացում ունենա, թե այդ քաղաքական ուժն ինչ է ուզում։

Վերջինի իրականացման համար իր դերն ունի նաև լոգոն ու կարգախոսը․ տվյալ դեպքում՝ մենք տեսնում ենք, որ բավականին անսպասելի լոգո էր․ ոճի առումով՝ ժամանակակից էր (ընդհանուր առմամբ, այն քաղաքական ուժերը, ովքեր արդեն հայտ են ներկայացրել, մինիմալիզմի ոճով են ներկայանում՝ սլաք, աստղ, առանց գունային լուրջ խտացումների․ իրենց խնդիրն այն է, որպեսզի որևէ ընտրող դա չշփոթի ուրիշի հետ)։ «Պատիվ ունեմ»-ի դեպքում, կարծում եմ, որոշակի ռիսկի են գնացել, բայց մտածված ռիսկի, քանի որ այս մի քանի օրերի ընթացքում բոլորը դրա մասին խոսում են, նաև՝ կատակում են, մեմեր են անում․ իսկ սա կարևոր է, որ այդ բրենդը, լոգոն չի կորչում (փիառում շատ կարևոր է, որպեսզի լոգոն, բրենդը աննկատ չանցնի)»։

Ի դեպ, Վիգեն Հակոբյանը նկատեց, որ Հանրապետական կուսակցությունը փորձում է առհասարակ ներկայանալ որպես ռեբրենդինգ եղած քաղաքական ուժ, ինչի մասին, ըստ քաղաքագետի, վկայում է նաև Երրորդ նախագահի ելույթում՝ «անցյալին վերադարձ չի լինելու» շեշտադրումը․ «Ինքն ուզում է ասել՝ մեր քաղաքական ուժը հին բարքերից է հրաժարվել։ Բնականաբար, արդեն ցուցակից էլ կարող ենք ենթադրել, որ ուզում են հնարավորինս ցույց տալ ռեբրենդինգ եղած քաղաքական ուժը։

Եվ արձանագրենք նաև այն, որ դաշինքի համաձայնագիրը ստորագրեցին կուսակցությունների երիտասարդական թևի առաջնորդները՝ Հայկ Մամիջանյանը և Սոս Հակոբյանը՝ այն պարագայում, երբ կուսակցության լիդերները կանգնած էին իրենց թիկունքում»։

Նախընտրական հայտ ներկայացրած Հայ Ազգային կոնգրես կուսակցության մասնակցությանն ու շանսերին անդրադառնալով՝ քաղաքագետը հետևյալ դիտարկումներն արեց․ «Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ կանխատեսելու, որ ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրություններին․ հենց այն փաստը, որ Լ․ Տեր-Պետրոսյանը մարտի 25-ին հրապարակեց իր առաջարկը, բացեց իրենց փակ խոսակցության թեման, արդեն հասկանալի դարձավ, որ սա, թերևս, նախընտրական կամպանիայի ստարտ է։ Իսկ եթե ՀԱԿ-ը մասնակցում է ընտրություններին, ապա շատ տրամաբանական պետք է լիներ, որ ՀԱԿ–ի ցուցակը պետք է գլխավորեր կուսակցության ղեկավարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այդ քաղաքական ուժի ընտրազանգվածի մոտ անվիճելի հեղինակություն է։ Շատ է, թե քիչ է այդ ընտրազանգվածը՝ ժամանակը ցույց կտա, քանի որ դժվար է կանխատեսել և հիմնականում այն պատճառով, որ ՀԱԿ-ն ունի իր ոչ մեծ անդրդվելի, կոնստանտ ընտրազանգվածը, որի մի հատվածը գուցե գալիս է Առաջին նախագահի նախագահության ժամկետից՝ 90-ականներից, բայց Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի այն մասն է, որը քաղաքական է և ոչ թե լյումպենիզացված, Տեր-Պետրոսյանին իրենց համար իրական այլընտրանք ենք դիտարկելու (ժամանակին իրենք ստիպված Նիկոլ են ընտրել, որովհետև հրապարակային հնչեցվող իդեոլոգիայում իրենք այլընտրանք չէին տեսնում և ստիպված էին նրա հետևից գնալ, բայց այժմ, քանի որ իրենց պլան Ա-ն մտնում է խաղի մեջ, իրենք կգնան Տեր-Պետրոսյանի հետևից)»։

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի, այդ ելույթում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված սլաքների մասին մեր դիտարկումներին ի պատասխան՝ քաղաքագետը արձագանքեց․ ««Մի կողմից` խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին» հայտարարությունն, ըստ էության, եթե պարզեցնենք՝ ստացվում է, որ ինքն ասում է՝ ես ոչ ներկան եմ, ոչ անցյալն եմ, ես ապագան եմ․ Այսինքն՝ ներկայանում է երրորդ ուժ։ Ինքը կլասիկ ձևով, լևոնտերպետրոսյանական պաթոսով այս նախընտրական շրջանում իրականում դիրքավորվում է՝ որպես այլընտրանք։ Սա բավականին սովորական քաղաքական դիրքավորում է դաշտում»։

Հարցին՝ թե ո՞րն էր պատճառը, որ իր հրաժարականից 23 տարի անց Առաջին նախագահը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին քաղաքացիական պատերազմին պատրաստ լինելու մեջ, Վիգեն Հակոբյանը պատասխանեց․ «Պատճառը՝ փորձել կոնսոլիդացնել սեփական ընտրազանգվածը, որովհետև երբ ինքն օրեր առաջ հրապարակեց իր առաջարկները, այդ քայլը բավականին լուրջ տարակուսանք, գուցե նյարդային վիճակ ստեղծեց թե՛ քաղաքական դաշտի այդ սեգմենտում, թե՛ ընտրազանգվածի մոտ։ Դա իրենց համար շատ անսպասելի պետք է լիներ, որովհետև շուրջ 23 տարի տարբեր սրությամբ ներկայացվում էր, որ կան այնպիսի սկզբունքային տարաձայնություններ այդ գործիչների միջև՝ մանավանդ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետորսյանի միջև, այնպիսի հակամարտության մթնոլորտ էր սերմանվում, որը, բնականաբար, փոխանցվում էր ընտրազանգվածին կամ համակիր հասարակությանը, իսկ այդ առաջարկներն առնվազն չհասկացվածություն կարող էին բերել։ Ըստ էության, Լ․ Տեր-Պետրոսյանը տոնայնությունը փոխելով, իր գնահատականները սրելով՝ այն նույն գործիչների նկատամամբ, որոնց ընդամենն օրեր առաջ առաջարկում էր միասնական դաշինքով գնալ ընտրության, փորձում է իմիջային առումով, կամ ընտրազանգվածի առումով՝ կորցրածը հետ բերել, կոնսոլիդացնել՝ նորից վերադառնալով ի շրջանս յուր։

Որքանով ես եմ հիշում, այս սրությամբ գնահատականներ այդ ժամանակվա պրոցեսների շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ է հնչեցնում․ սա նշանակում է, որ խաղադրույքներն այս խաղում, որի մեջ մտել է ՀԱԿ-ը, բավականին բարձր են և կարևոր»։

 

Տեսանյութեր

Լրահոս