Բաժիններ՝

Ճիշտ է, արկեր չեն տրաքում, բայց օդում կախված զգացում կա, որ վտանգ կա. «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը». Նարեկ Ալեքսանյան

Երբ Կասկադի սրճարանների բոհեմական շարքն անցնում ես և թեքվում ես ձախ, բացահայտում ես լավագույնը, ինչ քաղաքը նրբորեն թաքցնում է. գողտրիկ կանաչ դրախտ, որտեղ ապրում է լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը: Թռչունների ծլվլոցների և բակի կատուների մլավոցների ներքո Նարեկի հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք պատերազմից, լուսանկարչությունից, Մարջիկից (Նարեկի կատուն) և այգուց, որը զրույցից հետո Նարեկը խնամքով մշակեց:

Ինձ համար տարօրինակ էր, մտածում էի՝ թեման կմնա տաք

Փորձում եմ աշխատեմ: Ի սկզբանե իմ մոտ պատերազմի մասին մասնագիտորեն՝ ֆոտոյի հետ կապված, դոկումենտալիստիկայի, լրագրության, պատկերացումները ձևավորվել են հենց հետպատերազմյան իրականության շուրջ: Ես պատկերացնում էի, որ եթե պատերազմ ա լինում, պետք ա ցույց տաս, թե պատերազմից հետո ինչ ա լինում, հետևանքը, որովհետև սովորաբար միջազգային մեդիայում ժամանակակից աշխարհում, մինչև դա էլ շատ դայրեքթ ա եղել լուսաբանումը. պատերազմը եղավ, նկարեցին, ոնց մեր դեպքում էր:

Ի զարմանս ինձ, տեղացի լրատվամիջոցները՝ լրագրողներ, վիդեո անողներ, ֆոտո անողներ, մեծամասնությունը՝ նոյեմբերի 9-ին վերջացավ, թուղթը ստորագրեցին, իվենթը պրծել ա, գնացինք տներով… Ու տպավորություն էր իմ մոտ, որ արտասահմանցիներն ավելի երկար մնացին հետո, քան մերոնք. պրծավ, հետ են գալիս Երևան: Իսկ պատերազմը հենց մարդկանց մասին ա ու հետևանքի մասին՝ առաջին հերթին, իհարկե, չհաշված բուն պատերազմը: Հետևանքը նույնպես կարևոր ա: Պատերազմը վերջանում ա, լրագրողները գնում են տներով, բայց մարդիկ մնում են այդ կյանքով ապրելու Արցախում և Սյունիքում:

Կարդացեք նաև

Ինձ համար տարօրինակ էր, մտածում էի՝ թեման կմնա տաք, մարդիկ կգնան նկարելու, բայց չէ, երևի թե էստաֆետը հիմա փոխանցվում ա դոկումենտալիստներին: Հիմա փորձ եմ անում կամաց-կամաց. երկու անգամ գնացել եմ Արցախ, Սյունիք՝ նկարելու կյանքը հիմիկվա, ինչքան որ հնարավոր ա ցույց տալ, սահմանափակումները կան, անվտանգությունից ելնելով՝ զինվորականների պահանջներ կան, երբեմն՝ արդարացված, երբեմն` ոչ այնքան:

Էմոցիաների անընդհատ կտրուկ անցումներ. մեկ՝ ուժեղ լաց, մեկ՝ ուժեղ ծիծաղ

Պատերազմից հետո, նույնիսկ ընթացքում էլ, երբ Երևանում ցույցեր են, ինչ-որ տեղ՝ սև ժապավեններ, ինչ-որ՝ տեղ քեֆ-ուրախություն, ու դա կարող ա լիներ 50 մետրը մեկ… Սկզբում թվում էր՝ էս ո՞նց, չեն ամաչո՞ւմ… նման զգացողություն էր: Ուղղակի նայում ես մարդկանց, որոնք ժպտում են, կամ դրսում հաց են ուտում, ուրախանում են: Հետո հասկանում ես, որ դա մարդկանց, հասարակության ընդհանուր արձագանքն ա շոկային սիտուացիաներին, երբ նույն թաղման ժամանակ ինչ-որ պահի ամենամոտ հարազատը կարող ա սկսի ծիծաղել: Էմոցիաների անընդհատ կտրուկ անցումներ. մեկ՝ ուժեղ լաց, մեկ՝ ուժեղ ծիծաղ: Նույն մարդը, որ կարող ա զոհ ունի, կտեսնեիր դուրսը ծիծաղալուց, բայց չգիտես՝ հետևում ինչ կա: Բոլոր էմոցիաները խիտ մի տեղում էին, հիմա կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն ա ընկնում, ամեն մեկն իր գործին ա անցնում: Հետո գարուն ա, ցուրտ ձմեռն անցավ, ծառերը ծաղկում են, մարդիկ բացվում են ու ոնց որ թե մի քիչ ավելի անկախ են ապրում քաղաքականությունից: Քաղաքականությունն իր հերթին կատարվում ա, ովքեր մեջն են, ակտիվ մեջն են՝ և դիմություն, և ընդդիմություն, բայց տպավորություն ա, որ մարդիկ ապրում են, չէի ասի՝ նույն կյանքով, ինչ առաջ, եթե իհարկե, նոր զարգացումներ չկատարվեն:

Հիմա ավելի բարդ ա մարդկանց համար հասկանալ, թե ինչին ա պետք ընդդիմանալ

Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմը շատ արագ տեղի ունեցավ, ու հետպատերազմյան վիճակն էլ սկզբում շատ արագ եղավ ու վերջացավ, հիմա ահագին ժամանակ ա՝ նոր զարգացումներ չեն լինում, բացի լարված վիճակից: Մարդիկ չհասցրեցին հասկանալ՝ ինչ ա կատարվում, որ ընթացքում ստեղծագործեին: Շատ սպոնտան բանաստեղծություններ էին գրում, կամ վիդեոներ էին նկարում, փոքր ֆիլմեր: Ժամանակը շատ կարճ էր: Եթե համեմատենք խորհրդային շրջանի հետ, որ տևական ժամանակ էր, ահագին բաներ իբր չէր կարելի, բայց մարդիկ ալեգորիաներով խոսում էին, ու ալեգորիաների մի ամբողջ մշակույթ ձևավորվեց ֆիլմերում, երաժշտության, ճարտարապետության մեջ, քաղաքաշինության մեջ: Մարդիկ ալեգորիաներով իրենց ասելիքն ասեցին, որովհետև ինչ-որ բան կար, ինչին կարելի էր ընդդիմանալ: Հիմա ավելի բարդ ա մարդկանց համար հասկանալ, թե ինչին ա պետք ընդդիմանալ. շատերի համար կոնկրետ ա, ովքեր ունեն հստակ քաղաքական գիծ, կամ էս կողմ են, կամ էն կողմ են, իրենք գիտեն՝ իրենց գիծը որն ա, բայց դա արվեստի հետ կապ չունի, դա ուղղակի քաղաքական կողմնորոշման հետ կապ ունի, ու արվեստագետները հլը երևի չեն հասկանում՝ ինչ ա կատարվում, կամ որոշ դեպքերում սովոր չեն նման բանին ընդդիմանալ, որովհետև եթե համարենք՝ արվեստը ընդդիմության ձև ա, իրենք մինչև սա ուրիշ բանի են ընդդիմացել իրենց արվեստով, կամ փորձել են ընդդիմանալ, հիմա չգիտեն՝ ինչին ընդդիմանան: Դասական բան ա՝ արվեստագետը ընդդիմանում ա իշխանությանը, բայց էս իշխանությունը էն իշխանությունն ա, որն արվեստագետները ժամանակին ուզում էին, որ գա: Էս իշխանությունը եկավ, տեղի ունեցավ էն, ինչ տեղի ունեցավ, ու հիմա մարդիկ չգիտեն՝ ինչ անեն: Բայց էս ամբողջ խմորումից կարող ա մի նոր բան ծնվի, երևի մի քիչ ժամանակ ա պետք:

Հլը շատ թարմ ա վերքը, որ ձևացնես, թե դա տեղի չի ունեցել

Զգում ես, որ վտանգված են ահագին բաներ, նույնիսկ գոյությունն ա ինչ-որ առումով վտանգված: Ֆիզիկապես էս պահին վտանգված չի, արկեր չեն տրաքում, բայց օդում կախված այդ բանը կա, որ վտանգված ա, ուղղակի ինչ-որ մարդիկ կարծում են, որ վտանգ կա, ինչ-որ մարդիկ՝ որ դե պրծավ, շարունակում ենք ապրել, ու այդ թվում՝ արվեստագետները: Ինչ-որ չափով ես էլ հլը չեմ հասկանում՝ ինչ ա կատարվում հիմա, վտանգը ինչքան ա չափազանցված, ինչքան ա իրական, բայց դա ինչ-որ ուժ տալիս ա ամեն դեպքում. երբ գոյությունը վտանգված ա, սկսում ես տակից հանել էն, ինչ որ ժամանակին հավես չունեիր անել, հիմա նոր ուժ ա տալիս, նոր ստիմուլ ա տալիս ստեղծելու, ստեղծագործելու: Մի կողմից ուժն ա ինչ-որ բան անելու, մյուս կողմից՝ ապատիան ա ընդհանուր ամեն ինչից և հենց պատերազմից, հետևանքներից, քաղաքական էս վիճակից: Հուսահատությունը կա, տխրությունը, մեծ ողբերգությունը, ինչքան էլ հիմա էլ չի շարունակվում նույն ծավալներով, ամսի 9-ին պայմանական ստոպ ա տրվել, բայց մեկ ա, հլը շատ թարմ ա վերքը, որ ձևացնես, թե դա տեղի չի ունեցել:

Պետք ա լուսանկարչության միջոցով աշխարհին ցույց տալ, ձայնել մեր մասին

Եթե իրերն իրենց անուններով կոչենք, լուսանկարչությունը հիմա, խոսքը գնում ա ֆոտոլրագրության, դոկումենտալ լուսանկարչության մասին, էլի կախված ա ֆինանսներից, տնտեսական վիճակից, հնարավորություններից. լուսանկարչությունը երբեք չի եղել եկամտաբեր ոլորտներից, հիմա՝ առավել ևս: Կարող ա հենց պատերազմի հետ կապված որոշ նախագծեր հայտնվեն, ֆինանսավորումներ լինեն փոքր: Թեմայի առումով, կարծում եմ՝ ողբերգությունը լուսանկարչության համար միշտ թեմա ա, նաև դրա հետևանքները: Բայց լուսանկարչի համար կարևոր ա նաև ֆինանսական կողմը՝ ոնց ա նախագծերը իրականացնելու: Լուսանկարչությունը հաստատ ունի անելիք, ուղղակի պետք ա հասկանալ՝ որտեղից կպնել: Պետք ա էս հնարավորությունն օգտագործվի և լուսանկարչությունը զարգացնելու համար և լուսանկարչության միջոցով աշխարհին ցույց տալ, ձայնել մեր մասին: Շատ պատկերավոր գործիք ա, համ պատկերավոր, համ կարևոր, պետք ա օգտվել դրանից, «չբրախել», թեկուզ մեր ցավը, մեր ողբերգությունը պետք ա լավ փեքիջինգ անենք ու արտահանենք դուրս:

Էստեղ կարող ես մտածել կյանքի մասին

Երբ Քովիդի հետ կապված սահմանափակումները բացվեն, մի անգամ դուրս գալ, օդափոխվել հետ գալ՝ մեկ, մյուսը՝ զուտ աշխատանքային գնալ, տեսնել, վերցնել գալ: Էն մարդիկ, որոնք առաջ ասում էին՝ դե, էստեղ հետաքրքիր բան չկա, հեն ա ձեզ հետաքրքրություն, զբաղվելու, մտածելու ահագին բաներ հիմա կան, ու դա մենակ էստեղ կարող ես անել, էստեղ կարող ես մտածել կյանքի մասին: Առավել ևս հիմա գնալու մտքեր հաստատ չկան:

Զրույցը և լուսանկարները՝ Անի Գաբուզյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս