«Սարսափելի կարևոր է ստեղծել կրթական և գիտական էկոսիստեմ, որը կարողանում է լուծել մեր ոլորտային, տնտեսական, պաշտպանական և անվտանգության խնդիրները»․ Րաֆֆի Քասարջյան
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մայիսի 15-16-ը անցկացնում է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումը։
Ֆորումին մասնակցում են առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաև պետական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներ։
Ֆորումի կազմակերպիչները նշում են, որ իրենք նպատակ ունեն «կլոր սեղան»-ի ձևաչափով քննարկել և վեր հանել Հայաստանում գիտական և արդյունաբերական ոլորտների զարգացման ուղիները, ինչպես նաև քննարկել վերոնշյալ ոլորտներին անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերի ապահովման մեխանիզմները։
«Ֆորումի ընթացքում կքննարկվեն գիտահետազոտական ոլորտի բարելավմանը նպաստող անհրաժեշտ միջոցառումները, գիտահետազոտական ոլորտի ֆինանսավորման մոդելները պետբյուջեից, մասնավոր հատվածից և այլ աղբյուրներից։ Քննարկումը նպատակ է հետապնդում նպաստել ՀՀ գիտահետազոտական ոլորտի կողմից ստեղծվող հավելյալ արժեքի մեծացմանն ու զարգացմանը։ Կքննարկվեն նաև ԱՏ ձեռնարկությունների և պետական կառույցների համագործակցության ձևաչափերի վերանայումն ու բարելավումը՝ ինչը կնպաստի տեղական ԱՏ ոլորտի և գիտահետազոտական կառույցների առավել ներգրավվածությանն արդյունաբերության ոլորտում` գաղափարից մինչև կիրառում»,- նշում են կազմակերպիչները։
TEAM.TelecomArmenia-ի համահիմնադիր և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների վարչության նախագահ Ալեքսանդ Եսայանը նշում է, որ միջոցառումը կազմակերպվել է, որպեզի իրենք բոլորով զրուցեն մի շարք կարևոր խնդիրների շուրջ՝ գիտության զարգացում, արդյունաբերության, ՏՏ ոլորտի դերը այս ամենի զարգացման մեջ, և այլն։
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը նշում է, որ տարիների ընթացքում ֆորումում շատ գաղափարներ են իրականություն դարձել։
«Ես շատ դրական էներգիայով եմ լցված, հնչել են բազմաթիվ կարևորագույն գաղափարներ և կարևոր նախագծեր ստեղծվել են հենց այստեղ։ Օրինակ՝ «Իրական դպրոցի» գաղափարը ծնվել է այստեղ։
Բոլորիս նպատակները նույնն են, և մենք պետք է գործենք մեր հնարավորությունների սահմաններում և դրանցից դուրս մեր նպատակները իրականություն դարձնելու համար։ Մենք այստեղ ենք՝ մեր երազանքներն ու նպատակները ձևակերպելու և վաղվանից սկսած իրականություն դարձնելու համար»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ելույթի սկզբում ասաց, որ աննախադեպ լավ նորություն ունի՝ նշելով, որ կառավարությունը հաստատել է ոլորտի աշխատակիցների բազային աշխատավարձի բարձրացման պլան, որը, նախարարի խոսքով, իր գործընկերների համար բավական երկարացված էր։
Ես ուզում էի ասել, որ մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականությունը, որը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման։ Այդտեղ առանցքային դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման միակ ճանապարհ։ Մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկիրն ուժեղ տնտեսության համար ունի մեկ ճանապարհ՝ ստեղծել ինչքան հնարավոր է բարձր ավելացրած արժեք, որը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։ Դրա միակ հնարավոր տարբերակը ինչքան հնարավոր է բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է մեր երկրի տնտեսության մեջ։
Նախորդ 6 ամիսներին մենք շատ բան ենք արել՝ փոխել ենք մենեջմենթը և հիմա նոր պլանով ենք հանդես գալիս՝ technology transfer-ը դարձնել ավելի նյութական։ Մենք փոխում ենք պատկերացումները և մյուս տարի արդեն պատրաստ կլինենք նշել, թե տնտեսությանը ինչ տիպի աշխատակիցներ են պետք տարբեր ոլորտներից, քանի որ գաղտնիք չի, որ կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և մեր նպատակն է՝ այնպես անել, որ դրանք համահունչ աշխատեն։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը կարևորում է կրթական և գիտական էկոսիստեմի ստեղծումը։
«Մենք, որ գտնվում ենք ու շարունակելու ենք գտնվել ճգնաժամային իրավիճակում, պետք է տանք համապատասխան արձագանք։ Մենք պետք է լինենք ճկուն, պետք է գործենք արագ և արդյունավետ աշխատենք։ Նայելով թե կարճաժամկետ, և թե հեռանկարային նպատակներին՝ սարսափելի կարևոր է, որ մենք ստեղծենք այնպիսի կրթական և գիտական էկոսիստեմ, որը կարողանում է ոչ միայն ոլորտային խնդիրները լուծել, այլև մեր տնտեսական, պաշտպանական և անվտանգության խնդիրները»։
Սիրարփի Աղաբաբյան