«Սյունիքը վերևից կտրելու սպառնալիքն առավել քան ակներև է». փորձագետ

Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Ավելին, նրանք դիրքային առաջխաղացում են ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Եվ չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասն այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի այս սադրանքը, և ինչպես պետք է ՀՀ-ն նման սադրանքներին դիմագրավի:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց՝ նմանատիպ քայլերով Ադրբեջանը փորձում է ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։

«Տեղեկատվական, հոգեբանական, քաղաքական հռետորաբանական բնույթի պրովոկացիաներին ավելացնելով ռազմական բնույթի սադրանքները, Ադրբեջանը Հայաստանի հետ շփումներում, բանակցություններում միշտ փաստի առաջ է կանգնեցնում մեզ, որպեսզի խնդիրները փորձենք կարգավորվել հենց այսպիսի խառը, լարված ռեժիմներում և անպայման մի բան զիջենք, որ մի փոքրիկ բան ստանանք։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանի կողմից նման բնույթի սադրանքները շարունակական են լինելու, հարց է՝ Հայաստանը մի՞շտ է սպասողի, հարվածներ ընդունողի կեցվածք ընդունելու, և ի՞նչ է հնարավոր անել, որ նման սադրանքները չկրկնվեն կամ այսպիսի ճգնաժամային ու լարված վիճակներ չառաջանան։ Նմանատիպ հարցերը, որքան էլ ռազմաքաղաքական ու փորձագիտական շրջանակների կողմից մատնանշվեն ու վերլուծվեն՝ հատկապես աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչի բաղադրիչն իրականում շատ մեծ է, սակայն անհրաժեշտ է ձեռնարկել սովորական, նվազագույն քայլեր՝ նման խնդիրներից խուսափելու համար։ Այսօրինակ իրադարձությունները հնարավորություն են, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջապես արթնանա նիրհից, փոխի կեցվածքը, նախաձեռնողականություն ցուցաբերի՝ մեր սահմանային անվտանգության պաշտպանությանը, վերահսկողությանն ուղղված միջոցառումներ կազմակերպելով։ Որքան էլ ԱԺ ամբիոններից իշխանականները վերամբարձ հայտարարություններով ելույթներ ունենան, իրական կյանքում փաստերն այլ բան են ցույց տալիս»,- շեշտեց նա:

Մոտ տասն օր առաջ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Գեղարքունիքում և Սյունիքում առաջնագծի կահավորմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ամեն ինչ արվում է, մեծամասնությունը՝ գաղտնի, ուստի ոչ մենք, ոչ էլ ադրբեջանցիները չեն կարող տեսնել:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ադրբեջանական վերջին օրերի սադրանքների ֆոնին նշեց՝ ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք գալ, քանի որ չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել՝ ձնհալ էր պետք:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետի խոսքով, ստեղծված ճգնաժամային վիճակի պատճառը մեկն է՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը նախաձեռնողականություն չի դրսևորել, գործ ունենք անկազմակերպ գործելաոճի հետ:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո նոր սահմանային հատվածներում նպաստավոր դիրքեր զբաղեցնելու մեծ առավելություն ունեինք, ամրաշինական աշխատանքներն արագ կազմակերպելու ու տեղակայվելու հնարավորություն։ Որքան էլ ԱԽՔ-ն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որպես պատճառաբանություն, եղանակային պայմաններն են առաջ բերում, սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները միշտ մեզանից առաջ ընկնում։ Սրա պատասխանը կա՝ որովհետև ռազմաքաղաքական ղեկավարությունը նախաձեռնողականություն չի ցուցաբերել ու չի ցուցաբերում: Ավելին, մեր կողմից թափթփվածության ու անկազմակերպվածության հետևանքով է, որ այսպիսի ճգնաժամային իրավիճակ ունենք։

Միայն խոսելով չի։ Եթե վարչապետը նշում է, որ իրավիճակը պայթյունավտանգ է, այդ դեպքում հարց՝ ինչպիսի՞ համալիր միջոցառումներ են ձեռնարկվել Սիսիան-Մեղրի ճանապարհահատվածն ապահովագրելու տեսանկյունից, իրադրության ցանկացած զարգացման դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել պահեստազորայինների մասնակի հավաքների, զորքի մարտական պատրաստության ուղղությամբ։

Վերջին մի քանի օրերին Սյունիքում եմ գտնվել, այդ ճանապարհներին: Եվ կարող եմ ասել, որ ճանապարհների բազմաթիվ հատվածներ ադրբեջանցիների դիտարկման տիրույթում են, տեղեր կան նույնիսկ մի քանի մետր հեռավորության վրա: Նախորդ ամիսների համեմատ ադրբեջանական կողմը բավականին մեծ ծավալների ամրաշինական աշխատանքներ է կատարել իրենց դիրքերում, հենակետերում, մեր մայրուղին վերահսկողության տակ է գտնվում նրանց կողմից, խոսքը, մասնավորապես, Ճակատենի, Կապանի, Շուռնուխի, Որոտանի հատվածների մասին է: Ես չգիտեմ, թե դրան ինչով ենք հակազդում, բայց որ սպառնալիքներն ակնհայտ են, ու իրավիճակը շատ մտահոգիչ է, դա հաստատ է»,- ասաց փորձագետը:

Վերադառնալով վերևում ասված մտքին, Շիրազ Խաչատրյանը շեշտեց՝ սադրիչ հայտարարությունների ու քայլերի միջոցով որոշ հանգամանքներում Բաքվի կողմից փորձ է արվում հայ-ադրբեջանական «բանակցություններում» թելադրողի դերից հանդես գալ, մյուս կողմից՝ տարածաշրջանային իրողությունների փոփոխության պայմաններում խաղադրույքները փոխվում են, թուրքական դաշինքի հավակնություններն էլ՝ ավելի մեծանում:

«Սյունիքը վերևից կտրելու սպառնալիքն առավել քան ակներև է։ Նոր մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց մինչև մեջքներս չուղղենք, մինչև ինքնուրույն չկարողանանք հակազդել մեզ պարտադրվող սպառնալիքներին, չենք կարողանալու տարածաշրջանային հարցերում, քաղաքական և տնտեսական գործընթացներում ինչ-որ բան առաջարկել»,- եզրափակեց փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս