«Ի՞նչ է՝ մենք պետք է նոր տեղահանվածնե՞ր ունենանք». Արման Թաթոյանը՝ Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու մասին
ՄԻՊ Արման Թաթոյանը, որը երեկվանից Սյունիքի մարզում է, այսօր լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ իր՝ ավելի վաղ հնչեցրած առաջարկին՝ Սյունիքի մարզում անվտանգության գոտի ձևավորելու անհրաժեշտության մասին: Արման Թաթոյանի խոսքով՝ Սյունիքում ադրբեջանցիների հանցավոր ներկայությունը կանխարգելելու համար միջազգային կառույցներին ուղղված առաջարկներում ևս անդրադարձել է մարզում անվտանգության գոտի ստեղծելու հարցին:
«Այն, ինչ հիմա կատարվում է, բացահայտ խախտում է այն, ինչ տարիների ընթացքում միջազգային հանրությունը ստեղծել է, այդ բոլոր ստանդարտները: Ես, բնականաբար, չեմ խոսում քաղաքական հարցերի մասին, այլ մարդկանց, սահմանային բնակիչների իրավունքների մասին»,- ասաց Արման Թաթոյանը:
Թաթոյանի պնդմամբ՝ այդ գոտին պետք է ստեղծվի ոչ թե Հայաստանի տարածքի ու մեր բնակչի, այլ Ադրբեջանին անցած հատվածների հաշվին:
«Ադրբեջանական զինվորականները եկել, հայտնվել են արդեն բացահայտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեջ, այն վիճելի հատվածները, որ կան, նրանք այդտեղից պետք է հեռանան:
Ինձ միջազգային հանդիպումների ժամանակ շատ բարձրաստիճան անձինք ասում են՝ «լավ, դա իրենց տարածքն է, բայց միգուցե դուք նաև հեռանաք», ես ասում եմ՝ «բացառվում է, պատկերացրեք՝ մենք ունենք քաղաքացիական բնակավայրեր, օրինակ, Կապանից Ճակատեն տանող մեր գյուղերի հատվածը, Որոտան-Շուռնուխ գյուղերի հատվածը, ի՞նչ անվտանգության գոտի Հայաստանի տարածքի հաշվին պիտի ստեղծվի, ի՞նչ է՝ մենք նոր տեղահանվածնե՞ր պետք է ունենանք: Բացառվում է»: Ես հատուկ դա քանիցս նշել եմ և դա ադրբեջանական կողմի մանիպուլյացիաներն են նաև.․.
Բացահայտ է, որ նրանց այս գործողությունները, իմ գնահատմամբ, ադրբեջանական ամենաբարձր իշխանությունների կողմից նախատեսված է և տարածաշրջանի խաղաղությունը վտանգում է»,- նշեց Արման Թաթոյանը:
Ադրբեջանական կողմը փորձում է կեղծել պատմությունը, կեղծ տեղեկություններ շրջանառել, թե իրենք խաղաղության են գնում, ու հայերն են խանգարում այդ խաղաղությանը:
Ըստ ՄԻՊ-ի՝ այդ ամենը տեղի է ունենում մեր քաղաքացիների հաշվին, ինչը պետք է թույլ չտալ:
Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում նաև հայտնեց, որ այլ միջազգային կառույցների հետ մշտական կապի մեջ լինելուց զատ, կապի մեջ է նաև ՄԱԿ-ի և ԵԽ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարների հետ, նրանց ներկայացրել է զեկույցներ: